Վստահեցնում է ԱԺ տարածքային եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը:
– Քրեական եւ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերն առաջին ընթերցմամբ ընդունելուց առաջ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ձեզնից խնդրեց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը այդ նախագծին, եւ դուք կարմիր ժապավենով փաթեթավորած ներկայացրեցիք այդ հանձնաժողովի եզրակացության հին տարբերակը: Ինչո՞ւ:
– Դեռ ամիսներ առաջ մենք Վենետիկի հանձնաժողովին էինք ներկայացրել նախագիծը, եւ հանձնաժողովը դրական եզրակացություն էր ուղարկել: Հետո եղած առաջարկությունների եւ դիտողությունների հիման վրա նախագիծը դարձյալ փոփոխվեց եւ ետ ուղարկվեց Վենետիկի հանձնաժողով: Եկան 18 կետից բաղկացած նոր առաջարկներ, եւ դրանք հիմք ընդունելով, հիմք ընդունելով նաեւ պատգամավորների առաջարկները՝ մենք նորից նախագիծը ենթարկեցինք փոփոխության: Ցավոք, չգիտես ինչու, շարունակում է շահարկվել այն նախագիծը, որի եզրակացությունը մենք արդեն ունեինք քննարկումների ժամանակ: Երկու նախագծերը միասին էին ներկայացվել, որպեսզի պատգամավորների համար պարզ լիներ: Այդ ամենը ամրակցված էր նախագծին: Կարեւորն այն է, որ քննարկումների ժամանակ բոլորը համաձայն էին ներկայացված գաղափարին, այն է՝ զրպարտանքը եւ վիրավորանքը քրեական հարթությունից տեղափոխել քաղաքացիաիրավական հարթություն: Այժմ էլ, մինչեւ երկրորդ ընթերցում, մեզ հետաքրքրում են բոլոր առաջարկությունները, եւ մինչեւ չուսումնասիրենք այդ առաջարկությունները, ընդհանուր տեսքի չբերենք, մինչեւ չուղարկենք Վենետիկի հանձնաժողով, բնականաբար՝ ԱԺ-ում այդ նախագիծը երկրորդ ընթերցման չի ներկայացվի: Եվ, ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս ձվի մեջ մազ չփնտրել, դա անհեռանկար եւ անարդյունավետ քաղաքականություն է:
– Ո՞ւմ եք տալիս այդ խորհուրդը:
– Ընդհանրապես: Ես այն կարծիքին եմ, որ ձվի մեջ մազ չի լինում: Եվ այս նախագիծն ուղղված է այն բանին, որ միմյանց չզրպարտենք եւ չվիրավորենք: Մեխանիզմը կա, եկեք քննարկենք եւ գտնենք չափորոշիչները: Մենք պատրաստ ենք ցանկացած հոդվածի, ցանկացած տողի համար լայն քննարկում իրականացնել:
– Սակայն խնդիրը օրենքի կիրառման մեջ է: Ի՞նչ երաշխիք, որ օրենքը չի կիրառվելու ընտրողաբար: Դուք, որպես օրենքի հեղինակներից մեկը, կարո՞ղ եք տալ երաշխիք, որ օրենքի առաջ բոլոր լրագրողները կամ լրատվամիջոցները հավասար կլինեն:
– Նախ ինձ համար զարմանալի է, որ այս օրենքը կապում են լրագրողների հետ, այն վերաբերում է բոլորին, անձանց՝ ընդհանրապես: Սա իրար չվիրավորելու, իրար չզրպարտելու մասին օրենքի նախագիծ է:
– Օրենքի առաջին ընթերցմամբ քննարկումների ժամանակ հայտարարեցիք, որ այսօր նամուսից են խոսում մարդիկ, որոնք աննամուս են, կասե՞ք, թե կոնկրետ ո՞ւմ նկատի ունեիք:
– Շատերը կան, որ երբ նրանց վիրավորում են, կարծես իրենց դուր է գալիս, դա իրենց համար կենսակերպ է դարձել, իրենց համար սովորական է վիրավորելը եւ վիրավորվելը: Ի վերջո, ազգ ենք, ապագա ունենք, երեխաներ ունենք, դրա համար ասում եմ՝ եկեք միասին գտնենք տարբերակը: Ես ասացի, որ ավելի լավ է մենք մեր ավանդույթները, մեր մենթալիտետը հաշվի առնելով՝ միասին գտնենք չափորոշիչները:
– Դուք սպասում եք առաջարկների եւ այդ մասին մի քանի անգամ հայտարարել եք, կասե՞ք, թե կոնկրետ ումի՞ց եք ակնկալում՝ պատգամավորների՞ց:
– Ոչ միայն, բոլոր շահագրգիռ անձանցից: Կոալիցիան, որը այս օրենքի հեղինակն է, բաց է բոլորի առջեւ, բոլորը կկարողանան ներկայացնել իրենց դիտողությունները, տեսակետները, մենք ուզում ենք բոլորս միասին լուծել այս խնդիրը: Եթե հիշում եք, նախագծի քննարկումների ժամանակ բոլոր ելույթ ունեցողները հիմնականում կողմ էին գաղափարին: Դե, եթե գաղափարին կողմ եք, եկեք միասին չափորոշիչներն էլ որոշենք եւ ինչ-որ ձեւ գտնենք այս արատավոր երեւույթը կանխելու համար, այլապես սա հղի է վտանգներով, մեր հասարակության մեջ ատելություն եւ թշնամություն է սերմանվում:
– Անցած քառօրյայում ընդունվեց լրագրողների աշխատանքին առնչվող եւս մի քանի նախագիծ, հեղինակը «Օրինաց երկիրն» է, մասնավորապես՝ դուք եւ Հեղինե Բիշարյանը: Ինչո՞վ է պայմանավորված այս ակտիվ «ուշադրությունը» լրատվական դաշտի հանդեպ:
– «Օրինաց երկիրը» 4 նախագիծ էր դրել շրջանառության մեջ, որոնք, այո, բոլորն էլ վերաբերում էին լրատվամիջոցներին եւ պաշտպանում են լրագրողների շահերը: Նախագծերից մեկը՝ «Քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», վերաբերվում էր լրագրողի օրինական գործունեությունը խոչընդոտելուն, իսկ սա ավելի հաճախ է լինում, եւ մենք տեսնում ենք, որ լրագրողները իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս անգամ մարմնական ծանր վնասվածքներ են ստանում: Մենք մոտավորապես եռապատկել ենք այն դրամական տուգանքները, որ նախատեսվում են քրեական օրենսգրքում, ավելին, նոր՝ երրորդ մաս ենք ներառել համապատասխան հոդվածում, որը բառացիորեն ասում է՝ «Լրագրողների գործունեությունը խոչընդոտելը, եթե դա ուղեկցվել է առողջության նկատմամբ բռնությամբ կամ դրա սպառնալիքով, նաեւ՝ լրագրողի մերձավոր ազգականի նկատմամբ, դատապարտվում է ազատազրկման 3-7 տարի ժամկետով»: Այսինքն՝ մենք առաջարկեցինք խստացնել: Հեղինակները՝ ես եւ տիկին Բիշարյանը շատ ուրախ ենք, որ այն ընդունվեց: Մեր բոլոր նախաձեռնությունները, օրենքների նախագծերը, որ ներկայացրել ենք, ուղղված են օգնելու լրատվամիջոցներին եւ պաշտպանեու: Եվ ուզում եմ շեշտել, որ «Օրինաց երկիրը» երբեք չի կարող լինել այնպիսի օրենքի նախագծի հեղինակ կամ կողմնակից, որը կխոչընդոտի լրագրողների գործունեությունը: