Թուրքական աղբյուրներին հղում անելով՝ հայկական կայքերը մանրամասնում են, թե ինչ են խոսելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Ստամբուլի Սուրբ փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ստամբուլահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներից Պետրոս Շիրինօղլուն՝ այսօր նախատեսված հանդիպման ժամանակ:
Պետրոս Շիրինօղլուն ասել է, որ հանդիպմանը նրան հայ համայնքի անունից որեւէ հայտարարություն չի անելու, քանի որ Էրդողանը մշտապես հետեւում է հայ համայնքի խնդիրներին: Ավելին՝ հայ համայնքի ներկայացուցիչը յոթ անգամ վարչապետից հանդիպում է պահանջել, եւ յոթ անգամն էլ այդ պահանջը բավարարվել է: Շիրինօղլուն պարզաբանել է Էրդողանի հայտարարությունը, թե Թուրքիան կարող է վտարել իր երկրում անօրինական գտնվող 100 հազար հայերին: «Մենք վարչապետին պետք է ասեինք՝ 70 հազար Թուրքիայի եւ 30 հազար Հայաստանի քաղաքացի հայ կա Թուրքիայում, սակայն սխալմամբ ընդհանուր 100 հազարը նշել ենք որպես անօրինական հայերի թիվ, որն էլ արտասանել է Էրդողանը: Իսկ Էրդողանն էլ մեզ վստահելով՝ արտասանել է այդ թիվը, որի համար իրենից ներողություն եմ խնդրում: Միեւնույն ժամանակ, վարչապետից շնորհակալություն եմ հայտնում մեզ վստահելու համար եւ գիտեմ, որ Լոնդոնում նրա ասած խոսքը սրտից չի բխել»,- նշել է Պետրոս Շիրինօղլուն: