«Հայկական ընտրություն» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանը երեկ «Ուրբաթ» ակումբում արձագանքելով սիրիական «Al Watan» թերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին, թե՝ երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն եւ ստեղծվեն անվտանգության ու զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ նկատել է, որ այս անգամ Սերժ Սարգսյանը մի ինքնախոստովանական բացահայտում է արել. «Նա իրենց մեղքի բաժինն արձանագրող միտք ավելացրեց. ասաց՝ մենք այդ տարածքները չենք բնակեցնում եւ չենք շահագործում, որովհետեւ հանձնվելու են։ Եթե հիշում եք՝ նախկինում այդպես չէին անում: Վտանգի առումով ասեմ, որ ղարաբաղյան հարցում բազմաթիվ նշաններ կան, որ պահը մոտեցել է, եւ դա է վկայում նաեւ Ադրբեջանի համաձայնությունը Մադրիդյան սկզբունքներին»: Ըստ Արմեն Աղայանի՝ միշտ հայկական կողմն էր համաձայնություն տալիս խնդրի լուծման այս կամ այն տարբերակին, իսկ ադրբեջանական կողմը դեմ էր արտահայտվում։ Եվ Ադրբեջանի այսօրվա բացահայտ համաձայնությունն ապացուցում է, որ որոշակի ներքին պայմանավորվածություն կա: Բանախոսը նաեւ տեղեկացրել է, որ քայլեր են արվում բազմաբնույթ գաղափարական բեւեռի ձեւավորման ուղղությամբ, քանի որ, ըստ նրա, այս ոչ այլընտրանքային ընդդիմության ժամանակներն անցել են. «Ոչ ոք չի կարող Ստեփան Դեմիրճյանի, Լեւոնի կամ Վազգեն Մանուկյանի ոճով ընդդիմություն խաղալ. հստակ գաղափարական այլընտրանք է պետք»։ Իսկ «Հայկական ընտրություն» նախաձեռնող խմբի երեկ տարածած հայտարարության մեջ ասված է. «Հայ ժողովրդի իրավունքն է՝ տեսնել ազգային նպատակներին հետամուտ այդ կազմակերպությունը ոչ թե քաղաքական դաշտի լուսանցքում, այլ հաղթական բեւեռում: Ազգային գործիչների պարտքն է հավաքաբար եւ հնարավորինս արագ ձեւավորել այդպիսի կազմակերպություն»: