Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը երեկ տարածեց ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի հայտարարությունը, որով նրանք «ողջունում են Հայաստանի իշխանությունների արագ արձագանքը «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ իրենց կոչին՝ կենսագործելու համար այն բարեփոխումները, որոնք երաշխավորվել են 2008-ի ընտրություններին հաջորդած բռնություններից հետո ընկած ժամանակահատվածում»: Համազեկուցողները նշել են, թե ողջունում են բարեփոխումների լայն ուղղվածությունը. «Բայց մենք նաեւ կցանկանայինք ընդգծել, որ, ի վերջո, կարեւոր է այդ բարեփոխումների բովանդակությունը եւ դրանց կիրառումը»:
Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն նաեւ ընդգծել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ դատական գործընթացների մոնիտորինգի զեկույցում առաջարկված բարեփոխումների իրականացման կարեւորությունը. «ԺՀՄԻԳ-ի զեկույցն ի հայտ է բերում Հայաստանի դատական համակարգի գործունեության լուրջ խնդիրներ, եւ մենք կուզենայինք ունենալ իշխանությունների կողմից հստակ արձագանք, թե հատկապես երբ են նրանք պատրաստվում իրականացնել դրա բոլոր երաշխավորությունները»:
Նրանք նշել են. «Մենք այժմ սպասում ենք իշխանությունների խոստացած դետալներին, ինչպես նաեւ՝ Եվրոպայի խորհրդի տարբեր ստորաբաժանումների տեսակետներին, որոնք տրամադրվելու են ՀՀ իշխանությունների խնդրանքով: Դրանից հետո եւ լսելուց հետո Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի տեսակետները մենք հուսով ենք ՀՀ Ազգային ժողովի հետ համաձայնեցնել հստակ, մանրամասնած եւ որոշակի «ճանապարհային քարտեզ», որը ներառում է այդ էական բարեփոխումների իրականացման վերջնաժամկետները, ինչը բխում է բոլոր հայերի երկարաժամկետ շահերից: Ոչ ոք չի ցանկանում կրկնությունը նրա, ինչ տեղի ունեցավ 2008-ի մարտին»:
Հ. Գ. Նկատենք, որ չնայած ԵԽԽՎ այս հույսերին՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի վերաբերյալ, ՀՀ արդարադատության նախարարությունը շուրջ 30 էջանոց առարկություններ է ներկայացրել դրա վերաբերյալ՝ պնդելով. «Զեկույցում առանձին դատավարական բացթողումներ ներկայացված են որպես ընդհանուր օրինաչափություններ»: