Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

FIDH-Ը ԲՈԼՈՐԻՆ ԻՐԱՐ ԽԱՌՆԵՑ

Մարտ 26,2010 00:00

Հայրենի իրավապաշտպանները սկսել են վիճարկել, թե իրենցից ով իրավապաշտպան կոչվելու իրավունք ունի

\"\"\"\"

Ապրիլի 6-10-ը Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) եւ այդ կազմակերպությանն անդամակցող հայաստանյան միակ կազմակերպության՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի նախաձեռնությամբ Երեւանում տեղի է ունենալու FIDH-ի 37-րդ համագումարն ու նաեւ ֆորում: Այդ միջոցառումից օրեր առաջ՝ երեկ, հրապարակվել է FIDH-ի նախագահ Սուեր Բելասենի հայտարարությունը, որում անդրադարձ կա նաեւ այդ կազմակերպության եւ հայաստանյան «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Հայաստանի հելսինկյան կոմիտե», «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» եւ «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ների կողմից համատեղ ընդունված եւ ուրբաթ օրը հրապարակված՝ Հայաստանում արդարադատության իրականացմանը նվիրված փաստաթղթին։ Հիշեցնենք, որ նաեւ մարտիմեկյան դեպքերին անդրադարձող 11 էջանոց այս փաստաթղթում առկա որոշ ձեւակերպումների շուրջ արդեն մի քանի օր թեեւ հեռակա, բայց թեժ բանավեճ է ծավալվել հենց հայաստանցի իրավապաշտպանների միջեւ, որոնք այսօր արդեն հստակորեն բաժանվել են երկու ճամբարի: Խոսքը համատեղ հայտարարությունում եղած՝ «2008թ. մարտին նախագահական ընտրություններին հաջորդող ցույցերի ընթացքում իրավապահների կողմից ուժի չափազանց կիրառման հետեւանքով բախումներ տեղի ունեցան ոստիկանության եւ ընդդիմության միջեւ, որոնք հանգեցրին զանգվածային ձերբակալությունների եւ կալանավորումների։ 10 մարդ զոհվեց եւ 200 մարդ տարբեր տեսակի վնասվածքներ ստացավ բախումների արդյունքում» ձեւակերպման մասին է: Հայաստանյան իրավապաշտպան հեղինակավոր մի շարք կազմակերպություններ, ինչպիսիք են Միքայել Դանիելյանի գլխավորած «Հելսինկյան ընկերակցությունը», Արթուր Սաքունցի՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», Լեւոն Բարսեղյանի՝ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն ու նաեւ Վարդան Հարությունյանի ղեկավարած «Իրավունքի եւ ազատության» կենտրոնը, համաձայն չեն, որ զոհերը եղել են ընդդիմության եւ ոստիկանության միջեւ «բախումների» արդյունքում: Մասնավորապես Արթուր Սաքունցը, որը հրաժարվել է այդ փաստաթղթի տակ ստորագրելուց, երեկ էլ «Առավոտի» հետ զրույցում պնդեց, որ «Մարտի 1»-ին քաղաքացիները սպանվել են ոչ թե ոստիկանության հետ բախումների, այլ ռեժիմի կողմից զենքի ապօրինի կիրառման արդյունքում, ինչը, նրա գնահատմամբ՝ բովանդակությամբ ու էությամբ տարբեր բաներ են: Իրավապաշտպանի ասելով, մարտիմեկյան դեպքերի զոհերի մեջ կան մարդիկ, ովքեր ոչ թե բախման արդյունքում, այլ թիկունքին արձակած կրակոցով են սպանվել: Ի դեպ, հայաստանյան հիշյալ հ/կ-ների ղեկավարները նաեւ հայտարարել են, թե չեն պատրաստվում մասնակցել FIDH-ի հրավիրած համագումարին, որտեղ ի տարբերություն պետական իշխանության ներկայացուցիչների, իրենց ելույթի իրավունք չի տրվելու:

FIDH-ի նախագահ Սուեր Բելասենը երեկվա հայտարարության մեջ վիճահարույց այդ փաստաթղթի վերաբերյալ արդարացել է, թե՝ դրա հրապարակմամբ իրենք նպատակ են ունեցել «հրավիրել իշխանությունների ուշադրությունը Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված, ինչպես նաեւ արդարադատության ոլորտում առկա լուրջ խնդիրներին, որոնք էապես խոչընդոտում են Հայաստանում օրենքի գերակայությանը»։ «Մենք հույս ունենք, որ ֆորումը կմեկնարկի Հայաստանում, ուր այլեւս չկան քաղբանտարկյալներ։ Մեծագույն կարեւորություն ունի նաեւ այն, որ իրականացվի 2008 թ. մարտի 1-2-ին 10 քաղաքացիների սպանության առնչությամբ արժանահավատ եւ արդյունավետ քննություն։ Քաղբանտարկյալներին ազատ արձակելը եւ նման քննություն իրականացնելը կնշանավորեն այն, որ Հայաստանը գնում է դեպի օրենքի գերակայություն»,- հայտարարել է տիկին Բելասենը։

Երեկ «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով իրավապաշտպանների միջեւ ծագած բանավեճին, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» ղեկավար Ավետիք Իշխանյանը ներկայացրեց միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների եւ ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հրապարակված, նաեւ այս տարվա մարտին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցները, որտեղ եւս ձեւակերպումները ճիշտ այնպիսին են, ինչպիսին է FIDH-ի հետ իրենց համատեղ հայտարարության մեջ: Այսպես՝ մասնավորապես «Human Rights Watch»-ի կողմից այս տարի հրապարակված «Ժողովրդավարությունը քարքարոտ ճանապարհին» զեկույցի առաջին էջում կարդում ենք՝ «2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներ տեղի ունեցան՝ ավելի սրելով երկրում փետրվարյան նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկումը»։ ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած «Մարդու իրավունքների զեկույց 2009թ.» փաստաթղթում Հայաստանին վերաբերող գլխի երկրորդ էջում գրված է «Տարվա ընթացքում իշխանությունները երկու քրեական գործ են հարուցել ութ ոստիկանների դեմ, ովքեր ենթադրաբար թույլ են տվել քրեորեն հետապնդելի գործողություններ 2008թ. մարտին անվտանգության ուժերի, կողոպտիչների ու 2008թ. փետրվարի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ցուցարարների միջեւ բախումների ժամանակ: Բախումների արդյունքում զոհվել են ութ քաղաքացիական անձ եւ երկու ոստիկան»։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընդամենը վերջերս հրապարակած զեկույցում եւս կա այսպիսի ձեւակերպում՝ «2008թ. մարտի 1-ին եւ 2-ին ոստիկանության եւ ցուցարարների միջեւ Երեւանում տեղի ունեցած բռնի բախումների արդյունքում, որի հետեւանքով առկա էին զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ»:

Ա. Իշխանյանը տարակուսանք հայտնեց, թե ինչո՞ւ իր գործընկեր իրավապաշտպանները ժամանակին այդքան բուռն չեն արձագանքել մատնանշված զեկույցներում եղած եւ իրենց համար վիճահարույց համարվող նույնպիսի ձեւակերպումներին, որքան հիմա՝ իրենց համատեղ հայտարարության առնչությամբ:

Ճիշտ նույն հարցով մենք դիմեցինք Ա. Սաքունցին: Վերջինս ի պատասխան նախ՝ ասաց, թե ամեն մարդ իր հեղինակած կամ ստորագրած զեկույցի համար է պատասխանատու, իսկ մեր մատնանշած զեկույցների տակ իր ստորագրությունը դնելու հարց չի առաջացել, որ ինքն էլ համաձայնություն կամ անհամաձայնություն հայտներ: «Ես անհամաձայնություն եմ հայտնել եւ հրաժարվել եմ ստորագրել մի փաստաթղթի տակ, որտեղ եղած ձեւակերպման հետ սկզբունքորեն համաձայն չեմ: Մյուս կողմից, ես կարող եմ ձեր մատնանշած զեկույցներից ավելի շատ մեջբերումներ անել, որտեղ շատ հստակ մատնանշված է, որ մարտի 1-ին ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել անզեն եւ իրենց վրա չհարձակվող քաղաքացիների նկատմամբ: Նույն ԱՄՆ պետդեպի զեկույցում շեշտված է, որ քաղաքացիների նկատմամբ իրավապահ մարմինների գործողությունները քաղաքի տարբեր հատվածներում եւ տարբեր ժամերին հանգեցրին մահվան դեպքերի եւ վնասվածքների: Եվ ընդհանրապես բարի եղեք՝ հատվածական ու տենդենցիոզ մեջբերումներ չանել, այլ դրանք դիտարկել զեկույցների ընդհանուր տրամաբանության համատեքստում»,- հայտարարեց Ա. Սաքունցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել