Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՐԱԳՐԵՐ՝ ՈՐՈՆՔ ՉԵՆ ԲԽՈՒՄ ԻՐԵՆՑ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻՑ

Մարտ 26,2010 00:00

\"\"Գաղափարական կերպարանափոխման համար քննադատում է սոցիալիստական ուժի ներկայացուցիչը, որի կուսակցությունը կոալիցիայի մաս լինելու շրջանում կողմ էր լիբերալ քայլերին:

«Սոցիալ դեմոկրատիայի ճգնաժամը Եվրոպայում. դասեր ԱՊՀ երկրների համար», «Սոցիալական արդարության եւ համերաշխության հիմնահարցերը Հայաստանում», «Էկոսոցիալիզմը որպես կայուն ապագային համարժեք ուղի», «Սոցիալական պետության տեսլականը»՝ սրանք ընդամենը մի քանիսն են այն 40 զեկույցներից, որոնք երեկվանից մեկնարկած «Սոցիալիստական մոտեցումներ Հայաստանի մարտահրավերներին. գլոբալ հեռանկարներ, տեղական իրողություններ» միջազգային երկօրյա խորհրդաժողովի օրակարգում են: ՀՅԴ նախաձեռնությամբ անցկացվող այս խորհրդաժողովում զեկուցողները Շվեդիայից են, Չիլիից, Իրանից, Նիդեռլանդներից եւ այլն:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը մասնավորապես ասաց. «Ընտրական գործընթացներում մեր խնդիրները ծագում են հիմնականում նրանից, որ քաղաքական ուժերը, կուսակցությունները գաղափարախոսական ծրագրերով չեն ներկայանում հասարակությանը: Շատ քաղաքական ուժեր՝ կախված տվյալ պահից, ներկայացնում են այնպիսի ծրագրեր, պլատֆորմներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում այդ կուսակցության հիմնական գաղափարախոսությանը: Մենք բոլորս տեսնում ենք, որ անհրաժեշտության պահին ամենալիբերալ քաղաքական ուժը կարող է շատ հեշտությամբ ամենասոցիալիստական ծրագիր ներկայացնել հասարակությանը եւ տվյալ պահին խաբել ընտրողին: Սա պետք է մենք վերացնենք»:

Քանի որ այս փաստարկը, թե լիբերալ ուժը ներկայացրել է սոցիալիստական ծրագիր՝ վերջին օրերին ՀՅԴ այլ գործիչները շատ էին օգտագործում ՀԱԿ-ի «100 քայլ» ծրագրի առնչությամբ՝ Դավիթ Լոքյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են ուրախանալու փոխարեն, որ սոցիալիստական ճամբարը համալրվում է՝ քննադատում ու բավական խանդոտ վերաբերմունք դրսեւորում. «Դուք իմ հարցադրումն անմիջապես տեղափոխեցիք ՀԱԿ-ի դաշտ, բայց նախորդ բոլո՛ր ընտրություններն են ընթացել այդ մեխանիզմով: Եվ խանդ կամ նման վերաբերմունք մենք չենք ունեցել, պարզապես՝ նույն խնդիրն է արծարծվել, թե ինչպե՞ս կարող է ծայրահեղ լիբերալ կամ լիբերալ գաղափարախոսությամբ ուժը խնդիրների այնպիսի լուծումներ տալ, որոնք կարող են լինել բացարձակապես այլ գաղափարախոսության արդյունք: Եվ ես այդպիսի մոլուցքով քննադատություններ չեմ լսել՝ միայն նշվել է, թե ազատական ուժը ցանկացա՛ծ պարագայում պետք է դավանի նույն գաղափարները, եւ առաջարկները պետք է բխեն դրանցից, կամ էլ պետք է արձանագրվի, որ այդ մոդիֆիկացիան արդյունք է տնտեսական այսպիսի իրավիճակի եւ այլն: Ես ընտրությունների ժամանակ տեսել եմ, որ ժողովրդի հետ հանդիպումներն ուղեկցվում են ծայրահեղ սոցիալականացված խնդիրների վերհանմամբ, խոստանում են դրանք լուծել: Բայց տվյալ քաղաքական ուժն իր պլատֆորմում բացարձակապե՛ս այդպիսի բան չի կարող դնել՝ ելնելով իր ակունքային՝ ծնունդի գաղափարախոսությունից: Սա է, որ մենք արձանագրում ենք, իսկ թե ո՛ր ուժը ի՛նչ կասի, ինչպե՛ս կասի՝ պետք է թողնել հասարակությանը՝ տարբերակելու, թե արդյոք դա ժամանակի որոշակի ինտերվալի՞, ձայներ պոկելո՞ւ համար է, թե՞ դա տվյալ կուսակցության, քաղաքական ուժի դավանանքն է»: Դավիթ Լոքյանին խնդրեցինք հստակեցնել իր ակնարկի հասցեատերերին՝ մանավանդ որ, որքան հիշում ենք, բացի ՀՅԴ-ից՝ որեւէ այլ ուժ Հայաստանում իշխանության չի եկել զուտ սոցիալիստական կարգախոսներով. «Իշխանության գալու խնդիրը չէ միայն,- հակադարձեց նա:- Կարող է նաեւ 5-15% են հավաքել, բայց հիմնականում այդ մեթոդն են գործադրել՝ ներկայացնելով հասարակության համար ընկալելի, դուրեկան խնդիրներ: Բոլոր ուժերն էլ օգտագործում են այդ ձեռագիրը»:

Նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչու է ՀՅԴ սոցիալիստականությունն առավել ընդգծվում այժմ, երբ ընդդիմություն է: Իշխանության մաս եղած տարիներին կարող էին առավել արդյունավետորեն կենսագործել իրենց գաղափարները, սակայն ՀՅԴ ներկայացուցիչներն օրենսդիր եւ գործադիր մարմիններում միանում էին լիբերալ նախաձեռնություններին: ՀՅԴ բյուրոյի անդամի պատասխանն էր. «Գիտե՞ք ինչու է այդ խնդիրը շուրջ 1 տարի արդիականացել Դաշնակցության մեջ՝ ՀՅԴ-ն վերջին անգամ այս խնդիրներին անդրադարձել է 1998 թվականին, որից հետո կարծես թե՝ մեր ընդհանուր գաղափարախոսության մեջ ազգայինից եւ ժողովրդավարությունից զատ, առանձնակի կենտրոնացում չէր կատարված սոցիալական խնդիրների վրա: Դա նաեւ կուսակցության` դրսում լինելու խնդիրների հետ էր կապվում: Եվ այս խնդիրները մեզ համար մնացել էին բաց, ու երկար քննարկումներից հետո ձեւակերպեցինք, որ անհրաժեշտ է այս ուղղությունը դարձնել հավասարազոր առաջնահերթություն՝ ինչպիսին ազգային պետության եւ այլ խնդիրներն են: Եվ կարծում եմ՝ դրան կհասնենք 1 տարվա ընթացքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել