Լրահոս
Օրվա լրահոսը

Անմահության բանաստեղծը

Մարտ 25,2010 00:00

Այցելություն Թումանյանների հուշահամալիր

Մարտի 23-ին, Հովհաննես Թումանյանի մահվան օրը, Մեծ լոռեցուն իր հարգանքի տուրքը մատուցեց «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը՝ այցելելով Երեւանի քաղաքային պանթեոն։ Այստեղ են թաղված Թումանյանի այրին՝ Օլգան եւ դուստրերը։ 70-ական թվականներին, հաշվի առնելով այն իրողությունը, որ Հովհաննես Թումանյանը գերեզման չունի Երեւանում, այստեղ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով եւ Վարազդատ Հարությունյանի մասնակցությամբ մի փոքրիկ հուշահամալիր կառուցվեց, ուր մեկական հուշասյուն կա նվիրված Թումանյանին, նրա կնոջը եւ բոլոր զավակների հիշատակին։ Դրանց վրա Թումանյանի սիրած ալ կարմիր վարդերը դրվեցին, գնահատանքի խոսքեր հնչեցին «Լոռվա ձոր» հայրենակցական միության անդամների կողմից։ Հովհաննես Թումանյանի մահվան տարելիցի ոգեկոչումը շարունակվեց Կոտայքի մարզի Զովունի գյուղի մշակույթի պալատում, ուր միջնակարգ դպրոցի աշակերտները, ուսուցչուհիներ Էմմա Հովհաննիսյանի եւ Հասմիկ Հարությունյանի գլխավորությամբ, ներկայացրին Թումանյանի՝ մեր ժամանակին առնչվող խոհերն ու մտքերը։ Աշակերտների «թումանյանական» խաղը ավելի քան տպավորիչ էր։ Հանդիսությանը ներկա ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն ասաց, որ շատ է հուզվել պատանի եւ աղջիկ դերասանների մաքուր ու անկեղծ խաղով։ Թումանյանի թոռնուհի, բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանն ավելացրեց, որ ինքը եւս մեկ անգամ համոզվեց, որ Թումանյանը հավերժինն է։ Երեխաների ընկալումը վստահություն է ներշնչում, որ Թումանյանի աշխարհը հարազատ եւ ընկալելի է բոլոր տարիքների համար։ Իսկ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանի համոզմամբ, Թումանյանի դասերն անհետեւանք չեն անցնում։ Այս դպրոցի բոլոր տասներորդցիները Թումանյանի լեզվով ու մտքերով ասելիք ունեին, իսկ դա նշանակում է, որ վերականգնվում է մեր վստահությունը ազգային ինքնության ակունքների նկատմամբ՝ թեկուզ այս ձեւով, երբ ամբողջ գյուղը մեկ օր շարունակ շնչում է մեծ բանաստեղծի փիլիսոփայական ոգով։
«Արդեն ավանդույթ է դարձել եւ մենք ամեն տարի Թումանյանի սիրած վարդերն ենք տանում նրա հարազատների շիրիմին՝ նաեւ նրա անունից»,- ասաց Սերգո Երիցյանը։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել