Լրահոս
Օրվա լրահոսը

Չմոռանանք արժանավորներին

Մարտ 25,2010 00:00

Հայ ազգի գենետիկ ամենալավ որակները, ինքնությունն ու դիմագիծը, հայ ժողովրդի հավաքական կենսաուժը կարծես ամփոփված լինի Հակոբ Հակոբյան արվեստագետի անվան մեջ: Նրա ստեղծագործությունները շարունակում են ապրել իմ տանը, տարբեր թանգարաններում, բաց երկնքի տակ, ամենուր՝ հիշեցնելով մեծ հայի ու ճշմարիտ արվեստագետի գոյությունը մեր կողքին…
Վառ ու պայծառ անհատականություն էր ամուսինս: Նույնքան ինքնատիպ ու պայծառ էին նաեւ նրա ստեղծագործությունները, որոնք խոր ուսումնասիրության ու գնահատանքի արժանացան ժամանակին՝ Հայաստանի աշխարհիկ ու հոգեւոր իշխանությունների կողմից: Դրա վառ ապացույցն էր, որ նրա՝ Շոթա Ռուսթավելու ծննդյան 800-ամյակին նվիրված աշխատանքը 1967թ. միջազգային ցուցահանդեսում՝ Կանադայի Մոնրեալ քաղաքում արժանացավ ոսկե մեդալի: Սեղանիս «Սովետական Հայաստան» հրատարակչության սփյուռքահայությանը ներկայացնող պատկերազարդ հանդեսն է: Թերթում եմ էջերը՝ որոնելով ամուսնուս ամենասիրելի աշխատանքներից մեկի՝ «Էջմիածին» անունը կրող արծաթե սկուտեղի գունավոր լուսանկարը, ապրելով մի անբացատրելի զգացում: Նայելով ամեն մի զարդանախշին, համոզվում եմ, որ մեր հոգեւոր մշակույթի արժեքների մեջ է միայն իսկական գենետիկ ու ազնվական հայկականը: «Էջմիածին» քանդակի մեջ ներդաշնակված են ազգային-ժողովրդական զարդանախշ-խորհրդանիշները եւ մեր ազնվական սիմվոլները, ողջ հայության սրբության սրբոց Մայր տաճար սուրբ Էջմիածնի պատկերն էլ ասես ամբողջական իմաստ է տալիս այս ամենին՝ վեհաշուք թագուհու հպարտ ու բազմիմաստ լռությամբ կանչելով իր զավակներին…
«Էջմիածին», «Զարդ», «Վազգեն Առաջին», «Սայաթ-Նովա» սկուտեղները ներկայումս գտնվում են Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում, Մայր աթոռ Էջմիածնում եւ Դիլիջանի իր տուն-թանգարանում:
Գուցե թե մտորումներս, հույզերս երբեք չհանձնեի թղթին, եթե չլիներ ցանկությունը՝ հատկապես մեր երիտասարդ սերունդներին հաղորդակից դարձնելու իր ժողովրդի ստեղծածին, իր ազգի արվեստագետների թողած ժառանգությանը, ապրած կենսագրությանը: Դրանք կարող են միայն փրկել երիտասարդ սերնդի՝ օր օրի իր ազգայինից օտարվող հիշողությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել