Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցաշրջան 2010-ի նախաշեմին

Մարտ 25,2010 00:00

Հայաստանի առաջնության մասնակից թիմերին պայմանականորեն երկու խմբի կարելի է բաժանել՝ մրցանակային տեղերի հավակնորդների ու աութսայդերների: Ընդ որում, կախված այն հանգամանքից, թե տվյալ ակումբի նախագահն ու հովանավորները ինչ ցանկություն ու ինչի հավես ունեն:

\"\"

Այդ թիմերն առանց մեծ ջանքերի կարող են հավակնությունների աստիճանով ու գրավելիք տեղերով շատ արագ փոխվել: Դրա համար միայն համապատասխան կոմպլեկտավորում ու տրամադրություն է անհրաժեշտ:
«Առավոտն» արդեն անդրադարձել է Հայաստանի առաջնության մասնակից թիմերից 4-ի՝ նախորդ չեմպիոնատի առաջին քառյակի՝ «Փյունիկի», «Միկայի», «Ուլիսի» եւ «Բանանցի» կոմպլեկտավորմանն ու նպատակներին: Այս անգամ ուշադրության կենտրոնում է հաջորդ քառյակը՝ Կապանի «Գանձասար», Գյումրիի «Շիրակ», Երեւանի «Կիլիկիա» եւ բարձրագույն խմբի նորեկ՝ Դիլիջանի «Իմպուլս» կազմով: Այս թիմերից յուրաքանչյուրը ֆուտբոլասերի որոշակի հետաքրքրությունն է առաջացնում:
Կապանի «Գանձասարը» անցած տարի թուլացրեց դիրքերը: Նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրը 2009-ին միայն հինգերորդն էր, ինչը բավարար արդյունք կարելի է համարել մեկնարկային շրջանի ձախողումից հետո: Այս տարի կապանցիներն իրենց կազմում մի շարք փոփոխություններ են կատարել: «Գանձասարին» միացել է վրացական «Սամտրեդիայի» հենակետային կիսապաշտպան Լաշա Ջանգրիձեն: Թիմի հետ երկու տարվա պայմանագիր է կնքել նախորդ առաջնության գլխավոր ռմբարկու, փորձառու Արթուր Քոչարյանը՝ «Ուլիսից», ինչպես նաեւ նրա թիմակից Մարտուն Հակոբյանը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկից» Կապան է ուղեւորվել Հայկ Չիլինգարյանը: «Գանձասար» են տեղափոխվել նաեւ այլ ֆուտբոլիստներ. «Բանանցից»՝ Արտակ Օսեյանը, Հովհաննես Գրիգորյանը, Սեմյոն Մուրադյանը, Սարգիս Նասիբյանը, դարպասապահ Նիկոլայ Սարգսյանը, Արարատ Հարությունյանը («Շիրակից»), Կարեն Ստեփանյանը («Իմպուլսից»): Ակումբի տնօրեն Վլադիկ Առաքելյանի խոսքերով՝ այս տարի Կապանի թիմի գերխնդիրը գավաթի նվաճումն է, քանի որ եվրոլիգային մասնակցելու այլ տարբերակ «Գանձասարը» չունի: Նշենք նաեւ, որ «Ուլիսի» հետ Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչի առաջին հանդիպումը կապանցիները սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեցին, սակայն պայքարը շարունակելու շանսը դեռ չեն կորցրել: Ամեն դեպքում, հուսանք, որ եվրոլիգայի ուղեգիր նվաճելու դեպքում կապանցիները մրցատեղի կմեկնեն ոչ թե ավտոբուսով, ինչպես մեկնեցին Աշգաբադ՝ «Թուրքմենբաշիի գավաթի» խաղարկության, այլ պակաս հոգնեցնող փոխադրամիջոցով:
Համալրման առումով կապանցիներին չի զիջում բարձրագույն խմբի առաջնության նորեկ մարզային մեկ այլ թիմ՝ Դիլիջանի «Իմպուլսը»: Ավելին, ակնհայտորեն «Իմպուլսը» բարձրագույն խմբում հանդես կգա էապես այլ կազմով, թեեւ թիմի հիմնական կորիզը պահպանվել է: Դիլիջանցիների հետ մրցաշրջանի մեկնարկից առաջ պայմանագիր են կնքել 15 ֆուտբոլիստներ, որոնց թվում են Արթուր Պետրոսյանն ու Գեւորգ Նռանյանը՝ «Արարատից», Գրիգոր Մելիքսեթյանը, Տիգրան Ոսկանյանն ու Կարեն Խաչատրյանը՝ «Փյունիկից», դարպասապահ Մայիս Ազիզյանը՝ «Միկայից», Միխեիլ Սիմոնյանը եւ Զավեն Բադոյանը (երկուսն էլ՝ «Գանձասարից»), Կարեն Մուրադյանը՝ «Ուլիսից», ուկրաինացի պաշտպան Անդրեյ Չերեւկոն, ով հայտնի է հայ ֆուտբոլասերին «Բանանցում» իր ելույթներով, բելառուս Սերգեյ Ռավինան, բրազիլացի Ջուլիանո Խիմենեսը, ով նույնպես հայտնի է հայ ֆուտբոլասերին՝ «Արարատից»:
Բարձրագույն խմբի նորեկը իր առջեւ բարձր նշաձող է դրել՝ նվաճել գավաթն ու առաջնությունում մրցանակային տեղերի համար պայքարել: Գավաթային առաջին խաղում, սակայն, դիլիջանցիներն արդեն Հանրապետական ստադիոնում նվազագույն՝ 0:1 հաշվով պարտություն են կրել «Փյունիկից»: Արդյոք կկարողանա՞ն մեկ քայլ էլ մոտենալ գավաթային նպատակին, ցույց կտա պատասխան հանդիպումը:
Որոշակի համալրում է ստացել նաեւ Երեւանի «Կիլիկիան»: Աբրահամ Խաշմանյանի թիմից հեռացել են վեց ֆուտբոլիստներ, որոնցից երկուսը՝ Ռոման Հովհաննիսյանն ու Ավետիս Ղազարյանը, զորակոչվել են բանակ: Փոխարենը՝ «Կիլիկիան» համալրել են 11 ֆուտբոլիստներ, որոնց թվում են փորձառու Արկադի Չիլինգարյանը, Արկադիա Եփրեմյանը, Արմեն Բաբայանը, ինչպես նաեւ՝ Գեւորգ Գեւորգյանը, Մխիթար Գրիգորյանը, Արթուր Սայադյանը, Նարեկ Քարամյանը, Հովհաննես Մնացականյանը, Էրիկ Հարությունյանը, Վլադիմիր Գսպեյանն ու Գարեգին Մաշումյանը: Ցավոք, անգամ այս համալրումը չօգնեց Աբրահամ Խաշմանյանի սաներին մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղում «Միկայի» հետ գավաթի քառորդ եզրափակչի առաջին հանդիպմանը հաղթանակ տոնել: Թիմը պարտվեց 0:3 խոշոր հաշվով:
Համալրման տեսանկյունից բավական տխուր պատկեր է Գյումրիի «Շիրակում»: Մանավանդ որ, նախորդ մրցաշրջանից հետո մարզական կարիերան ավարտեցին թիմի մի շարք առանցքային, փորձառու խաղացողներ՝ Ֆելիքս Խոջոյանը, Հովհաննես Դեմիրճյանը, Արարատ Հարությունյանը, Հենրիկ Բատիկյանը: Ի դեպ, Ֆելիքս Խոջոյանը, ավարտելով մարզական կարիերան, այնուամենայնիվ, չի հեռանում ֆուտբոլից ու օգնում է նախկին խաղընկերոջը՝ այժմ «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանին: Նրանց նախկին խաղընկերներից Անդրանիկ Բարիկյանն էլ թիմի ադմինիստրատորի ֆունկցիաներն է կատարելու: «Շիրակը» մրցաշրջան 2010-ին հայտավորել է ընդամենը 16 ֆուտբոլիստ, որոնց թվում է Հայաստանի առաջնության երկարակյացներից՝ 40-ամյա Հովհաննես Թահմազյանը: Ի՞նչ արդյունքների կհասնի նման կազմով Գյումրիի թիմը, դժվար է գուշակել: Գավաթային 1/4 եզրափակչի առաջին հանդիպումը շիրակցիները տանուլ տվեցին «Բանանցին» նվազագույն՝ 0:1 հաշվով: Ու ցավալի է, որ հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիրներից մեկն այսօր միայն գոյատեւում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել