Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՈՒԵՐԼԱՆԴԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՓՈԽԵԼ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻՆ

Մարտ 25,2010 00:00

IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի պրոումոթեր Վիլֆրիդ Զաուերլանդը պահանջում է մարտի 27-ին Դետրոյթում ամերիկացի Անդրե Դիրրելի հետ մենամարտը սպասարկող մրցավարական բրիգադում էական փոփոխություններ կատարել:

\"\"

Նրան չի գոհացնում, որ ռեֆերին (ռինգի մրցավարը) եւ կողային մրցավարներից մեկը ներկայացնում են Միչիգանը՝ այն քաղաքը, որտեղ բնակվում է Դիրրելը: «Դիրրելն ապրում է Միչիգանում, եւ անթույլատրելի է, որպեսզի մրցավարներն էլ այնտեղից լինեն»,- Զաուերլանդին մեջբերում է գերմանական «Bild. de»-ն:
Պրոումոթերը դեմ է նաեւ նշանակված կողային մրցավարին, որը ներկայացնում է Մեքսիկան, որովհետեւ վերջինը Դիրրելի եւ անգլիացի Կարլ Ֆրոչի մենամարտում միակն էր, որ կողմնապահորեն հաղթանակը տվել էր ամերիկացուն: Մրցավարական բրիգադից միակը, որի դեմ Վիլֆրիդ Զաուերլանդը ոչինչ չունի, իտալացի Ջինո Կավալլերին է:
«Super Six World Boxing Classic» մրցաշարն անչափ մեծ հետաքրքրություն է առաջացնում, եւ որքան մոտենում են մարտերի օրերը, կրքերն այնքան բորբոքվում են: Ինքը՝ դեռեւս երիտասարդ Դիրրելը, արդեն սկսել է անհարգալից արտահայտվել իր պրոֆեսիոնալ կարիերայում ոչ մի պարտություն չունեցող բազմափորձ «Արքա Արթուրի» հասցեին՝ հայտարարելով, թե Աբրահամը բռնցքամարտել չգիտի, եւ ինքը լինելու է առաջինը, ով նրան պարտության կմատնի: «Մենամարտի օրը դահլիճում ինձ երկրպագելու են 20 հազար մարզասերներ` չհաշված հեռուստաէկրանների առջեւ նստած միլիոնավոր մարդկանց: Նրանք բոլորը իմ հաղթանակի ականատեսն են լինելու»,- ասել է Անդրե Դիրրելը:
«AllBoxing.ru»-ին տված հարցազրույցում Ռուսաստանը ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սերգեյ Թադեւոսյանը, որն ինքն է հանդես եկել երկրորդ միջին քաշային կարգում, գնահատելով այս մենամարտում կողմերի հնարավորությունները՝ ասել է. «Որոշակի վերապահումներով նախապատվությունը տալիս եմ Աբրահամին: Եթե նրանց դիմակայությունը կայանար մարտի 6-ին՝ Կալիֆոռնիայում, Արթուրը կստանար հայ համայնքի մեծ աջակցությունը: Հիմա տեղի է ունեցել հակառակը, եւ այս առումով առավելությունը Դիրրելի կողմն է: Բացի այդ, Աբրահամը հարկադրված եղավ երեք շաբաթվա ընթացքում երկու անգամ կլիմայափոխություն անցնել, դրան գումարած՝ այդ ընթացքում էլ մարզվել: Հավատացեք, որ դա շատ ծանր է: Սա, ինչպես նաեւ տանը մարտ վարելը, հայրենակիցների աջակցությունն ստանալը առանձին-առանձին վերցրած աննշան առավելություններ են, որոնք մեկ այլ դեպքում Դիրրելը կարող էր եւ չունենալ: Բայց հիմա բոլորը միասին կարող են Աբրահամի համար լուրջ խնդրի վերածվել: Միեւնույն ժամանակ, թվարկածս բոլոր մինուսների պարագայում էլ Արթուրը շատ լուրջ առավելություն ունի: Դա նրա ֆենոմենալ ինքնավստահությունն է: Երկու բռնցքամարտիկներն էլ գրեթե հավասար մակարդակ ունեն: Սակայն Աբրահամը ֆանտաստիկ ֆիզիկական տվյալներ եւ կամք ունի: Եվ հենց այս որակներն էլ նրա հաղթանակի գրավականը պետք է դառնան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել