Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենը ստում է

Մարտ 25,2010 00:00

Ի պատասխան «Առավոտի» մարտի 22-ի համարում տպված «Ինչու են բողոքում Վանաձորի թատրոնից» հոդվածի:

Ես՝ Արմեն Ներսիսյանս, իբրեւ ՀՀ քաղաքացի, իմ պարտքը հայրենիքիս նկատմամբ փառքով եմ կատարել, ի տարբերություն Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի ներկայիս տնօրեն Հովիկ Չախմախչյանի, երբեք չեմ լքել հայրենիքս ու ժամանակավոր բնակություն հաստատել Գերմանիայում: Հարցազրույցում իբրեւ բողոքող՝ նա հիշատակել էր իմ եւ իմ մի քանի կողմնակիցների անունները: Նաեւ նշել է, որ ավարտել եմ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ռեժիսուրայի բաժինը: Ի դեպ, դա իմ երկրորդ մասնագիտությունն է:
Հոդվածում նշված էր, որ 2008թ.-ից աշխատում եմ Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնում՝ որպես 2-րդ կարգի դերասան եւ երբեւէ աչքի չեմ ընկել իմ կերտած կերպարների հաջողությամբ: Իսկ ինչպե՞ս պետք է աչքի ընկնեի, երբ իմ աշխատելու երկու տարիների ընթացքում ոչ մի ներկայացում չի բեմադրվել, բացի Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը», Արտաշես Քալանթարյանի «Վաճառքի ենթակա չէ», Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւ» գործերից, որտեղ գլխավոր դերեր եմ խաղացել: Վերջերս էլ տնօրենի պարտադրանքով, ունենալով 110 կգ քաշ եւ 1.85 սմ հասակ, ստիպված եմ եղել խաղալ «7 թզուկներ» ներկայացման՝ թզուկներից մեկը, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ: 2009թ. օգոստոսին թատրոնի ղեկավարության կողմից կազմակերպված խայտառակ ժողովի ժամանակ, երբ ես մի քանիսի հետ փորձեցի պաշտպանել Աղաբեկյան քույրերին, դա դարձավ իմ եւ թատրոնի ղեկավարության ընդհարման պատճառը: Տնօրենի հրամանով դրվեց իմ բեմադրությունը՝ Ս. Խալաթյանի «Սիմոն թագավոր» մոնոդրաման եւ հրամայվեց ոչ մի տոմս չվաճառել, արդյունքում ներկայացումը տապալվեց: Իսկ երբ ինձ սրտի տագնապով շտապ օգնության մեքենան տեղափոխում էր հիվանդանոց, հաջորդ օրը տնօրենն ամբողջ թատրոնով մեկ բղավում էր՝ «Ինչո՞ւ եք զանգել շտապօգնություն, ինչո՞ւ չեք թողել, որ տեղում սատկի»: Եվ այս ամենից հետո, պարոն Չախմախչյան, դուք իբրեւ մարդ, Ձեզ իրավունք եք վերապահում հանդես գալ որպես տնօրեն ու լրագրողին պատմել, թե, իբր, հրաժարվե՞լ եմ «Լիր արքայում» ինձ տրված դերից՝ հիվանդության պատճառով եւ անգամ անաշխատունակության թերթիկ չեմ ներկայացրել: Նորից ստում եք, առանց ամաչելու: Բուժումները ստանալուն պես թատրոնի հաշվապահություն եմ ներկայացրել անաշխատունակության թերթիկը: Ցանկացողները կարող են ստուգել:
Թերթում տված իր հարցազրույցում պարոն Չախմախչյանը, չգիտես ինչու, շատ բացասաբար է նշել, որ ես աշխատում եմ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլում, «Կամերային երգչախմբում»: Այո՛, աշխատում եմ: Կարիքս զգալով են ինձ հետ աշխատանքային պայմանագիր կնքել, իսկ եկեղեցում չեն աշխատում, այլ ծառայում են, ի գիտություն իրեն: Առիթից օգտվելով ուզում եմ դիմել մշակույթի նախարարին՝ ինչքա՞ն կարող ենք հանդուրժել ազգային պետական թատրոն ղեկավարող նման մարդկանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել