Մեկնաբանում է քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադեւոսյանը
Սյուզի Երիցյանը (ձախից), Ալեքսանդր Կոսեմյանը, Հասմիկ Վարդանյանը՝ Էդուարդ Թադեւոսյանի հետ:
Օրերս Կամերային երաժշտության տանը կայացավ Կոմիտասի անվան պետական լարային քառյակի՝ նորացված կազմով առաջին մենահամերգը՝ նվիրված կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 80-ամյակին: Հնչեցին մեծանուն կոմպոզիտորի Երրորդ կվարտետը՝ նվիրված քառյակի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Ավետ Գաբրիելյանի հիշատակին եւ Չորրորդը՝ քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադեւոսյանին:
«Առավոտը» հանդիպեց 85-ամյա քառյակի առաջին ջութակահար Էդուարդ Թադեւոսյանին, որը կոլեկտիվում է 40 տարի, որից 34-ը՝ որպես գեղարվեստական ղեկավար: Նրա հետ հանդիպման առիթը քառյակի հոբելյանին նվիրված առաջիկա միջոցառումներն էին եւ փետրվարի 10-ին կայացած մրցույթի արդյունքում քառյակի կազմում նոր անուններ ընդգրկելը:
Պարոն Թադեւոսյանը նշեց, որ տարվա ընթացքում կայանալիք ցանկացած միջոցառում նվիրված կլինի հոբելյանին: Գովազդներում գուցե այդպես չհնչի, քանի որ յուրաքանչյուր համերգ նվիրվելու է կոնկրետ որեւէ հոբելյանի. «Օրինակ, առաջին համերգը նվիրված էր Էդգար Հովհաննիսյանի 80-ամյակին, մեկ ամիս հետո, մշակույթի նախարարության հետ համատեղ, ութերորդ անգամ կանցկացնենք քառյակի հիմնադիրներ Ավետ Գաբրիելյանի եւ Սարգիս Ասլամազյանի անվան պատանի երաժիշտների հանրապետական մրցույթը: Աշնանը մենահամերգով հանդես կգանք՝ նվիրված կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյակին, որին հրավիրված է նաեւ դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանը: Տարին կավարտենք քառյակի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգով»: Հարցին՝ գուցե նշվե՞ր նաեւ քառյակում իր ստեղծագործական գործունեության 40 տարին, Էդ. Թադեւոսյանն ասաց. «Բարեկամներս այս առիթով պնդում են, որ կայանա առանձին երեկո, իսկ ես առայժմ մտածում եմ… (խորհրդավոր ժպտում է- Ս. Դ.)»: Այն փաստին, թե վերջին տարիներին քառյակում հաճախ են երաժիշտներ փոխվում, ինչը տարաբնույթ խոսակցությունների առիթ է տալիս, Էդ. Թադեւոսյանը պատասխանեց. «Ինձ էլ են հասել շշուկներ, թե իբր 23 տարի քառյակի երկրորդ ջութակահար Սուրեն Հախնազարյանը հեռացել է՝ կոչում չստանալու համար, մինչդեռ երաժշտի ընտանիքը 6 տարի ապրում էր Մոսկվայում, եւ ջութակահարը պարզապես ստիպված էր տեղափոխվել: Այժմ նա աշխատում է Մոսկվայի կոնսերվատորիայում: Նշեմ նաեւ, որ Սուրենը ընդամենը մեկ տարի էր աշխատում քառյակում, երբ արժանացավ պետական մրցանակի: Վերջերս կայացած մրցույթից հետո էլ ինձ հասել են շշուկներ՝ թավջութակահար Արամ Թալալյանի հեռանալու հետ կապված: Նա 9 տարի աշխատելով, արժանացավ վաստակավորի կոչման… Հպարտ եմ, որ այսօր նրանց փոխարինում են բարձրակարգ երաժիշտներ՝ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Սյուզի Երիցյանը եւ կոնսերվատորիայի վերջին կուրսի ուսանողուհի, թավջութակահարուհի Հասմիկ Վարդանյանը (դոցենտ Արմեն Մեսրոպյանի դասարան)»: Դիտարկմանը, թե վերջին տարիներին կարծես սահմանափակ են քառյակի հյուրախաղերը, ինչը հավանաբար կապվում է հովանավորների հետ, մեր զրուցակիցը նախ հայտնեց, թե դա իրենց համար խնդիր չէ. «Կուզեի, որ մի օր մեր մեծահարուստները շրջվեին դեպի դասական արվեստ, սկսեին ապրել հոգեւոր կյանքով, իսկ ամենակարեւորը՝ պետությունը մշակեր այնպիսի քաղաքականություն, որ եթե գործարարը խթանում է բարձրակարգ արվեստը, ինչպես աշխարհում է ընդունված, նրանցից հարկեր չպահվեին»: Հավելեց նաեւ, որ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ միայն 2000թ. սկզբներին կես տարի իրենց աջակցել է գործարար Արկադի Վարդանյանը, իսկ այս տարվա սկզբից՝ հանրահայտ բարերար Ռալֆ Յիրիկյանը: Իսկ թե քառյակի համար հոբելյանական տարում ի՞նչ պարգեւներ է ակնկալում, Էդ. Թադեւոսյանն ասաց. «Վերջին պարգեւը ստացել եմ 1985թ.: Նորանկախ Հայաստանում դեռեւս նման բախտի չեմ արժանացել, սակայն հպարտ եմ, որ նույնիսկ մենակատարիս կարիերան «նվիրաբերել» եմ քառյակին, թեեւ մինչ օրս ականջիս հնչում է Ավետ Գաբրիելյանի հորդորը՝ քանի դեռ քառյակի երկրորդ ջութակահարն ես, մենահամերգներ ունեցիր եւ երբ կստանձնես առաջին ջութակի դերը, այնժամ լիովին նվիրվիր քառյակին»: