Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼԸ ՄԻԱՅՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ

Մարտ 25,2010 00:00

\"\"Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը ափսոսանք է հայտնել՝ Լոնդոնում Իսրայելի դեսպանության աշխատակցին երկրից արտաքսելու Մեծ Բրիտանիայի որոշման կապակցությամբ: Հիշեցնենք, որ բրիտանական արտաքին քաղաքականության գերատեսչությունն այդպիսի որոշում կայացրել էր երեքշաբթի, այն բանից հետո, երբ Դուբայի հյուրանոցներից մեկում ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից մեկի՝ Մահմուդ ալ-Մաբհուհի սպանությունն իրականացրած անձանց կողմից բրիտանական կեղծված անձնագրեր օգտագործելու հետ կապված սկանդալային պատմությունը հետաքննող նախարարական հանձնաժողովի ձեռքի տակ հայտնվել էին այդ սպանությունն ու բրիտանացիների անձնագրերի կեղծմանը իսրայելյան հատուկ ծառայությունների՝ «Մոսսադի» առնչությունների մասին վկայող անհերքելի փաստեր: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Մեծ Բրիտանիայի հետ մեր հարաբերություններին եւ նրա հետ նրբին թեմաների շուրջ մի շարք հարցեր ենք քննարկում ու ափսոսանք ենք հայտնում բրիտանացիների կայացրած որոշման առնչությամբ: Այդ գործին Իսրայելի մասնակցության վերաբերյալ որեւէ ապացույց մեզ չի ներկայացվել»,- հայտարարել է Լիբերմանը: APA-ի տեղեկություններով, սակայն, Իսրայելը որեւէ պատասխան քայլ չի պատրաստվում անել:
Ինտերպոլի տվյալներով, հունվարի 20-ին պաղեստինցիների առաջնորդի սպանությանն առնչություններ ունեցող անձինք օգտագործել էին Իռլանդիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ հանդիսացող մարդկանց անձնագրեր, եւ բոլորն էլ Դուբայը լքել էին Էմիրաթներ ժամանելուց ուղիղ 24 ժամ անց: Բրիտանական «The Times» պարբերականի փոխանցմամբ, Մեծ Բրիտանիան առաջիկայում կարող է հորդորել իր քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ Իսրայել այցելելուց՝ զգուշացնելով նրանց անձը հաստատող փաստաթղթերը գողանալու վտանգի մասին: Ի դեպ, BBC-ի մատուցմամբ, Ավստրալիայի ԱԳ նախարար Սթիվեն Սմիթը հայտարարել է, թե ոստիկանությունը եւս հետաքննում է Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից Ավստրալիայի չորս քաղաքացիների անձնագրերը կեղծելու գործը: Նա ձեռնպահ է մնացել բրիտանական ԱԳՆ-ի որոշումը մեկնաբանելուց, բայց հայտարարել է, թե առկա տեղեկատվությանը շատ լրջորեն է վերաբերվում եւ «հետաքննության ավարտից հետո Ավստրալիան կտա դրա՝ երկրի ազգային շահերից բխող գնահատականներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել