Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսները ցնցված են

Մարտ 25,2010 00:00

Բելառուսները ցնցվել են երեքշաբթի օրը Լուկաշենկոյին հեռուստաէկրանին տեսնելով՝ կիսավարտիքով հարցազրույց տալիս: Ընդ որում, նրա կիսավարտիքը կարված է եղել Բելառուսի պետական դրոշից: Բելառուսի առաջնորդը արգենտինական ավազոտ լողափում հարցազրույց է տվել «Diario La Nacion» թերթի լրագրողին, պատմելով իր երկրի ազգային արդյունաբերության, անվտանգության եւ երկրագնդի ամենագեղեցիկ մարդկանց մասին: Լուկաշենկոն նաեւ հայտարարել է, թե բելառուսները «ծանր են տանում», երբ ինքը երկրից դուրս է գալիս: «Եթե Վլադիմիր Պուտինը հեռուստաէկրանին կիսամերկ վիճակում հայտնվելուց հետո Ռուսաստանում դարձավ իսկական սեքս-խորհրդանիշ, ապա Լուկաշենկոյի մարմնի կառուցվածքի կամ գոնե ոտքերի մասին առայժմ մեկնաբանություններ չեն հնչել»,- երեկ հեգնել է «Newsru»-ն:
Միջազգային հանրությունն ու իրավապաշտպաններն էլ իրենց հերթին ցնցված են անցած շաբաթ Բելառուսի երկու կալանավորների՝ Անդրեյ Ժուկին եւ Վասիլի Յուզեպչուկին մահապատժի ենթարկելու մասին ստացված տեղեկություններից: Եվրոպական խորհուրդը այդ երկրի իշխանություններին, որոնք հայտարարել են երկու հոգու նկատմամբ մահապատժի դատավճիռն իրականացնելու մասին, կոչ է արել անհապաղ սառեցնել պատժի այդ ձեւը: Այդ մասին, APA-ի մատուցմամբ, ասված է ԵԽ տարածած պաշտոնական հաղորդագրությունում: ԵԽ-ն Բելառուսին նաեւ հիշեցրել է, որ մահապատիժը՝ որպես «բարբարոսական եւ ստորացուցիչ» պատժամիջոց, Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրությամբ վերացվել է: Եվրոպացի պաշտոնյաները հատուկ շեշտել են, որ Բելառուսը ԵԽ անդամ միակ երկիրն է, որտեղ մահապատժի դատավճիռներն իրականացվում են: «Եթե մահապատժի ենթարկելու մասին տեղեկությունները հաստատվեն, ապա դա լուրջ հարված կլինի եվրոպական արժեքներին՝ Բելառուսի մերձեցմանն ուղղված մեր ձգտումներին»,- շեշտել են ԵԽ առաջնորդները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել