Շուրջ 40 մտավորականներ բաց նամակ են հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ վեհափառին, որտեղ մտահոգություն են հայտնել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման առիթով: Նրանք նշել են, որ հուշարձանի տարածքում է գտնվում նկարիչ Օնիկ Մինասյանի խճանկարը, որը եւս դասվում է հայկական մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության՝ իր տեսակի մեջ սակավաթիվ, բարձր գեղարվեստական ճաշակով կատարված գործերի շարքին: «Այդ խճանկարն այսօր, ցավոք, եւս անմխիթար վիճակում է, եւ այն անհրաժեշտ է փրկել, ոչ թե իսպառ ոչնչացնել: Մի՞թե սուրբ եկեղեցին կարող է ձեռք բարձրացնել մի արվեստագետի ստեղծագործության վրա, ով հայտնի է նաեւ իր եկեղեցական աշխատանքներով՝ Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բազմաթիվ որմնանկարներով, Էջմիածնի Սբ. Հռիփսիմե եկեղեցու գլխավոր խորանի պատկերներով: Ոլորտի ողջ մասնագիտական հանրույթը վկայում է, որ նշված շինությունը, ըստ էության, հղացվել եւ 1960-ականների կեսերին իրականացվել է իբրեւ մի ամբողջական համալիր: Ցավոք, բուն ամֆիթատրոնից զատ, համալիրի մյուս հատվածներն արդեն իսկ անմտորեն ոչնչացվել են, եւ դրա երբեմնի գողտրիկ ներդաշնակությունն այսօր խաթարված է սրճարանի եւ ավտոլվացման կետի անշուք ներկայությամբ: Այսօր, երբ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում մեր հոգեւոր-մշակութային արժեքների ոչնչացման փաստերին՝ հարեւան երկրների տարածքներում, ինչպե՞ս կարող ենք մենք ինքներս նույնը թույլ տալ մեր մայրաքաղաքում…»,- ասված է նամակում: