Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկական դպրոցի տեսլականը

Մարտ 25,2010 00:00

Ինչի են ընդունակ մեր շրջանավարտները

Երեկ «Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոնում կայացավ «Հայկական դպրոց» թեմայով բաց քննարկում, որը «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած թվով 4-րդ հանդիպումն էր: Քննարկման մասնակից մայրաքաղաքի եւ մարզերի դպրոցների տնօրենները, ուսուցիչներն ու առարկայական միջազգային օլիմպիական թիմերի ղեկավարներն իրենց առաջարկություններով անդրադարձան «Հայկական դպրոցի տեսլականը» հիմնարար խնդրին: «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը նշեց. «Անհնար է պայքարել գլոբալիզացիայի դեմ, պետք է հասկանալ՝ ինչպես կարելի է դրանից մաքսիմալ օգտվել: Մենք տալիս ենք շրջանավարտ, որը կրթությունը շարունակում է Հարվարդում կամ այլ առաջնակարգ համալսարանում, բայց կապը Հայաստանի հետ չի պահվում, այսինքն՝ այդ մարդուն կորցնում ենք: Հիմա հարց է առաջանում՝ լա՞վ գործ արեցինք, թե՞ վատ»:
Ըստ Դ. Սահակյանի՝ ուսուցիչները պետք է դպրոց գան ոչ թե պարզապես պարտականություն կատարելու համար, այլ դպրոց մտնելով՝ իրենք էլ սովորեն ու սովորեցնեն. «Դպրոցը կլինի լավ, թե վատ, կախված է նրանից, թե հասարակությունը կրթական համակարգի նկատմամբ ինչքանով է պահանջկոտ»:
Միջոցառմանը ներկա Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիական թիմի ղեկավար Արմեն Անդրեասյանը գտնում է, որ միջազգային օլիմպիադաների ասպարեզում որոշակի նվաճումներ մեր երկիրն ունի: Նա միաժամանակ կարծում է, որ դպրոցում շատ աշխատանք կատարելու դեպքում ցուցանիշը կարող է բարելավվել, որովհետեւ դպրոցի ընդհանուր վիճակն ազդում է այդ արդյունքների վրա: «Ինֆորմատիկայի գծով շատ խնդիրներ կան, որովհետեւ՝ թեեւ դպրոցներում կան համակարգիչներ, բայց կա նաեւ մասնագիտական որակյալ կադրերի պակաս, ու պետք է մտածել բացը լրացնելու մասին: Պետք են ուսուցիչների վերապատրաստումներ, համացանցում ինֆորմացիոն լավ պորտալ պետք է լինի, որտեղից աշակերտները կկարողանան օգտվել»,-ասաց նա:  
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը կարծում է, որ հարկավոր է սեփական օրինակով ներշնչել դպրոցականներին, որպեսզի նրանց մոտ տիպարները դառնան ոչ թե այլ ճանապարհներով հաջողության հասած սափրագլուխները, այլ նրանք, ովքեր իրենց կրթությամբ ու աշխատասիրությամբ աշխարհում հասել են լուրջ արդյունքի: Նա նաեւ նշեց, որ բազմաթիվ մրցույթներ են անցկացնում, աջակցում առարկայական միջազգային օլիմպիադաների: Ըստ նրա՝ սովորաբար հայ երեխաները ուժեղ են մեկ կամ երկու առարկայից, իսկ դա լուրջ խոչընդոտ է «դրսի» համալսարաններ ընդունվելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել