Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՆԱՆ, ԱԻԴԱՆ ՈՒ «ՄԵԾ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 25,2010 00:00

Ոմանք իրենց կարողություններով տարբերվում են մյուսներից…

\"\"

Աիդան ու Նոնան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 7-րդ դասարանի աշակերտուհիներ են: Կրթահամալիրում աշակերտները չեն էլ հիշում, որ ունեն մտավոր ինչ-ինչ խնդիրներ, իսկ ուսուցիչները կարծում են, թե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեն բոլոր երեխաները: «Հատուկ ուսուցման ծրագիր» ասելով՝ այստեղ նկատի ունեն եւ՛ հատուկ կարիքով սովորողներին, եւ՛ օժտված երեխաներին, ու յուրաքանչյուր աշակերտի համար էլ ապահովվում են հատուկ պայմաններ՝ կրթության նրա կարիքը բավարարելու համար: 21-րդ դարում քիչ-քիչ կոտրվում են բոլոր կարծրատիպերը. եթե տասնամյակներ առաջ հաշմանդամին կամ միայն խղճում էին, կամ վատագույն դեպքում՝  ծաղրում, ապա այժմ նա կարող է օգնության ձեռք մեկել իր շրջապատին, հասարակությանը:
 Օրինակ, 7-րդ դասարանի աշակերտուհի Նոնան, որին, ծնվելուց հետո, լքել են ծնողները, այժմ դասընկերների համար երբեմն «փրկչի» դերում է հայտնվում: Նրա դասընկերուհի Էլենը, ում նա կատակով «մեծիկ» է անվանում, «Առավոտին» պատմեց. «Ես շատ ուրախ եմ, որ Նոնայի՝ մեր դասարան տեղափոխվելով, դասարանում աղջիկների թիվն ավելացավ: Նոնան ընկերասեր է, ուրախ, նա հատկապես սիրում է պատմություն առարկան: Երբեմն, երբ ուսուցչուհին ինչ-որ մեկին դաս է հարցնում, ով սովորած չի լինում, Նոնան միանգամից փրկում է՝ ձեռք է բարձրացնում, որ իրեն դաս հարցնեն, ու դասը չսովորած աշակերտին ուսուցչուհին անբավարար չնշանակի»: Փոքր-ինչ թմբլիկ, շեկլիկ Նոնան, պարզվում է, նաեւ լավ պարում է, այն էլ՝ արաբական: Նրա դասընկերները պատմեցին, որ սիրով դիտում են աղջկա պարը: Վերջինս, պարզվում  է,  ավելի «հավակնոտ»  ձգտումներ ունի, որոնց մասին պատմեց «Առավոտին». «Ես շատ եմ սիրում իմ ընկերուհիների հետ զրուցել, սիրում եմ բույսեր աճեցնել: Ուզում եմ հաղորդավար դառնալ, որ ինձ բոլորը տեսնեն: Ուզում եմ «ջիփ» ունենալ, որ ընկերուհիներիս հետ նստենք ու ման գանք: Մեր պատմության դասատու ընկեր Վահրամին ես շատ եմ հարգում ու կարոտում, նրան էլ «ջիփում» իմ կողքին եմ նստեցնելու, ու իմ բոլոր ուսուցչուհիներին: Ուզում եմ պաշտոն ունենալ ու դրա համար լավ եմ սովորում»:
Այժմ Նոնան ապրում է իր տատի հետ, ում «մամա» է ասում, իսկ հայրիկին երբեմն նամակներ է գրում: Նոնայի դասընկերուհի Սուսաննան, ում Նոնան փաղաքշական «փոքրիկ» է անվանում, մեզ պատմեց. «Նոնայի հետ շատ ենք զրուցում տարբեր թեմաների մասին: Նա պատմում է, որ իր հայրիկին նամակ է գրել, որ իրեն «ջիփ» նվիրի: Նոնան ընկերասեր է, ինչով կարողանում՝ օգնում է մեզ, մենք էլ՝ նրան: Օրինակ՝ նա բարձրությունից է վախենում, հատկապես աստիճաններից իջնելիս, դրա համար մենք միշտ կողքին ենք»: Նոնան նաեւ կատակասեր է, օրինակ, երբ մեզ հետ զրույցում խոսում էր իր դասընկեր-տղաներից, ասաց, որ Արթուրին է հավանում, իսկ Լեւոնին՝ ոչ, քանի որ նա բերանբաց է, դրա համար էլ երբեմն կտտացնում է նրա գլխին: Զրույցին մասնակցում էր նաեւ Լեւոնը, ով Նոնայի խոսքերը լսելով՝ տղամարդկային մեծահոգությամբ սկսեց ժպտալ…
7«գ»  դասարանի Աիդան վայելում է ընտանեկան ջերմությունը՝ հայրիկ-մայրիկի, եղբոր հետ: Նա «Առավոտին» պատմեց, որ քույրիկն արդեն ամուսնացել է: Աիդայենց ընտանիքը «համալրվել» է նրա շնիկով, որին հաճույքով խնամում է: Աիդայի հետ էլ մեր զրույցը հաջողվեց, իհարկե, նա մի փոքր ցածր ու դանդաղ էր խոսում, բայց իր ասելիքը հասկանալի էր դարձնում: «Ես շատ եմ սիրում բույսեր աճեցնել, ուզում եմ կինոյում նկարահանվել, սիրում եմ թենիս ու բասկետբոլ…»,- ասում է նա: Աիդան Նոնայի համեմատությամբ ավելի քիչ էր խոսում, սակայն երբ սկսում էինք նրան դասընկերներից հարցնել, միանգամից աչքերը փայլում էին, զգացվում էր, որ հաճույքով է դպրոց հաճախում: Նրա դասընկերներից Վիկան նշեց. «Երբեմն, երբ Աիդան առանձնանում է կամ տխուր դեմքով նստում, ինձ դուր չի գալիս: Ես ուզում եմ, որ նա ուրախ լինի, քանի որ հասակակիցների հետ շփվելու հնարավորություն ունի»: Մարիամն էլ նշեց. «Երբ ուրիշ դպրոցում սովորող ընկերներիս հետ քայլում եմ փողոցով ու հանկարծ ո՛չ մեզ նման տարեկիցների եմ հանդիպում ու բարեւում, կողքիս երեխաները զարմանում են, որ շփվում եմ: Նրանք մի տեսակ են նայում ծանոթներիս ու այդ պահին, երբ ինձ պատկերացնում եմ նրանց դերում, հասկանում եմ, թե որքան դժվար է այդ երեխաների համար»:
Աիդան ու Նոնան գտել են իրենց սիրող, ընդունող ու հոգ տանող շրջապատը հասարակության մի փոքրիկ անկյունում՝ դպրոցում: Իսկ թե ինչպես կընդունի նրանց «մեծ» հասարակությունը, կախված է յուրաքանչյուրից, ինչը, ցավոք, մեզնից ոչ բոլորն են գիտակցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել