Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՊԷՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆԸ

Մարտ 25,2010 00:00

Ինչո՞ւմն էր կայանում աբեղեանական խեղագրութիւնը եւ ի՞նչ ենք ժառանգել դրանից այսօրուայ հայաստանեան ուղղագրութեան մէջ:

Սկիզբը՝ «Առավոտ», 09.02.10, 11.02.10, 23.02.10, 27.02.10, 04.03.10, 06.03.10, 10.03.10, 18.03.10:
Ինչպէս արդէն գիտենք, խեղագրութեան նկատմամբ մտաւորականութեան մերժողական դիրքը եւ բողոքները ստիպեցին կառավարութեանը՝ մեղմել կամ ինչ-որ ձեւով «փրկել» դրութիւնը, ստեղծելով զանազան նոր յանձնաժողովներ՝ թէ՛ քսանական, թէ՛ երեսունական թուականներին, որոնց ընդունած որոշումները, սակայն, երբէք չգործադրուեցին՝ մինչեւ 1940թ. երկրորդ՝ (գուրգէնսեւակեան) ռեֆորմը: Ինչպէս յիշում ենք, յանձնաժողովներում ներգրաւուած լեզուաբանները եւ միւս մտաւորականները, գիտենալով ամբողջովին դասականին վերադառնալու անհնարինութիւնը տուեալ քաղաքական մթնոլորտում, փորձում էին ընտրել չարեաց փոքրագոյնը: Այդ հարցում աւելի համարձակօրէն գործող Գուրգէն Սեւակի սրբագրած տարբերակը, այնուամենայնիւ, կէսկատար էր, ինչը մնաց ցայսօր որպէս գործող ուղղագրութիւն: Փորձենք ցոյց տալ այդ երկու «ուղղագրութիւնների» որոշ տարբերութիւնները դասականից:
Աբեղեանը առաջին հերթին այբուբենից դուրս նետեց է, օ, ւ գրանշանները: Դրանցից վերջինը՝ Ւ-ւ (վիւն կամ հիւն, մենք կը գործածենք վիւն անունը, որ յաճախ Հայաստանում ասում են փոքր «վ») այդպէս էլ Գ. Սեւակը չվերականգնեց այբուբենում: Բացայայտենք այդ գրանշանների գործածման կանոնները ըստ երկու ուղղագրութիւնների՝ դասականի ու խեղագրութեան:
Վ-ւ (տառերի
անուանումը՝ վեւ – վիւն)
Դասականով վ-ն գրւում է միայն բառասկզբում եւ պահպանւում է այդ բառարմատի կրկնման կամ բառային փոխակերպութիւնների ժամանակ. վազել, վազվզել (վազ-վազ-ել), արագավազ: Մնացած բոլոր դէպքերում՝ բառամիջում եւ բառավերջում, գրւում է ւ(վիւն). աւետել, բաւական, ցաւ, բացի ո-տառից յետոյ, այլապէս կը դառնայ «ու» շաղկապ:
Խեղագրութեան մէջ ւ-ն վերացուեց եւ ամենուրեք գրուեց վ-ն: Սակայն այբուբենում գոյութիւն չունեցող ւ-ն գործածւում է: Սա խեղագրութեան անտրամաբանութիւններից մէկն է, որովհետեւ այդ ւ-ն դրուելով ո-ի (վո) կողքին ստացվում է՝ ու- շաղկապը, ե-ի կողքին՝ սղուած եւ շաղկապը, այդ դէպքում ինչո՞ւ հանուեց այբուբենից, իսկ Սեւակը՝ չվերականգնեց այդ ւ-ն, պահպանելով աբեղեանական սխալը: Այդ տառը դասականում դրուելով ի- տառի կողքին, ստացւում է իւ- (որը հնչւում է իու ձեւով): Աբեղեանը իւ-ն դարձրեց յու, ինչպէս օրինակ՝ արիւն- արյուն: Դրանով առաջանում է արտասանական դժուարութիւն. փորձէք յ-ն մաքուր հնչել (ինչպէս՝ սայլ, քայլ, գայլ բառերում) հետեւեալ խեղագրուած բառերում (փակագծերում՝ դասական գրելաձեւը) սյուն (սիւն), ձյուն (ձիւն), հյութ (հիւթ), գյուղ (գիւղ), հնչյուն (հնչիւն), դյուրին (դիւրին), Հյուգո (Հիւգո): Որպէս զի յ-ն լսելի արտաբերէք, ստիպուած էք ասել՝ սըյուն, ձըյուն, հըյութ, գըյուղ, դըյուրին, Հըյուգո եւայլն: Այդ կանոնով իւ- վերջածանցը դարձաւ յուն. միութիւն- միություն, բարութիւն-բարություն: Մինչդեռ դասականով իւ (իու) արտասանելը աւելի դիւրին է՝ սիուն, ձիուն, հիութ, գիուղ, հնչիուն, դիուրին, բարութիուն, Հիուգո (ֆրանսիացիք յ չեն հնչում այդ անուան մէջ, սա նման է Ֆրանսիա ասելու փոխարէն ասել՝ Ֆրանսյա): Նկատենք, որ ւ-ն Մաշտոցի ժամանակ, ըստ Լ. Խաչերեանի, ունեցել է անգլերէնի w հնչիւնը, իսկ հայերէնում ժամանակի ընթացքում ւ-w-ն նմանուել է վ-ին ( անգլիացիների մօտ հնչում է «ու»՝ William, whisky, սփիւռքում ճիշտ են գրում՝ Ուիլիամ, ուիսկի եւ ոչ թէ՝ Վիլյամ, վիսկի), բայց քանի որ աշխարհում ընդունուած լեզուագիտական գրաբանական օրէնքի համաձայն բանաւոր արտասանական փոփոխութիւնների դէպքում գրաւորը (գրահամակարգը) չի կարելի փոխել, ուստի ւ-ն պէտք է պահպանուի դասական գրելաձեւով: Բացի այդ, գրաբարում հնչուող ւ-ն կամ վ-ն բաղաձայնից յետոյ չի գրուել եւ ստացել է ու-ի արժէք (բացի «բարւոք» բառից). օրինակ՝ զինուոր, բանուոր, բերուող, հնձուոր, զուարթ, Էդուարդ, Մանուէլ, Նուարդ (Նու արմատը մեր նախալեզւում նշանակել է՝ կին. սխալ է արմատը փոխել եւ գրել Նվարդ): Սակայն կրաւորական բայերում յարմար է ւ-ն գրել՝ ինչպէս օրինակ՝ գրւում է (գրաբարում՝ գրուում է): Սա հաւանաբար պէտք է կանոնարկուի:
Օ-Ո (տառերի
անուանումը՝ օ-վո)
1940թ. Գ. Սեւակը վերականգնեց Օ գրանշանը. մինչ այդ, Աբեղեանը այբուբենից հանելով օ տառը, դրա հնչիւնը «յանձնարարել էր» ո-ին՝ օ-ի փոխարէն ո-գրելով, իսկ ո-ի փոխարէն՝ վո: Սա նոյնպէս անիմաստ փոփոխութիւն էր: Ահա մի «օրինակելի» նախադասութիւն. «Վորբը այդ որը վորոշում եր, թե որական վորքան վորդ պետք ե բռնել»: Եթէ այդ խեղագրութիւնը մնար մինչեւ այսօր, հաւանաբար մեզ խորթ կ\’երեւար այսօրուայ ուղղագրութիւնը: Դասականով օ-ո ճիշտ գրելաձեւով հնարաւոր էր լինում նոյնահունչ բառերի տարբեր իմաստները չշփոթել, վերցնենք արդէն դասական օրինակ դարձած նախադասութիւնը՝ աբեղեանասեւակեան ուղղագրութեամբ. «Հոտը տարածվել էր գյուղով մէկ»: «Տարածուել» խօսքը այրուող աթարի հոտի՞ մասին էր, թէ՞ ոչխարի: Դասականում նման անորոշութիւն չի լինում, որովհետեւ գրւում է՝ «ծաղկի հոտ» եւ «ոչխարի հօտ»: Ահա մի քանի այդպիսի բառեր: Հոտ-անուշահոտ բուրմունք, անհոտ, հոտած. հօտ- ոչխարների խումբ, աղոտ-աղով խառն (ինչպէս՝ մեղրոտ, աղտոտ, շաքարոտ), աղօտ-մշուշոտ, աղօտ տեսողութիւն, հոր- (փոս), ջրհոր, հորատող, հօր կամ մօր- հայր, մայր՝ սեռական հոլովով, հօրեղբայր, մօրաքոյր: Հիշենք, որ բաց օ-ն փոխարինել է գրաբարեան աւ-ին, հետեւաբար պէտք է գրել Պօղոս (ոչ թէ խեղագրութեամբ՝ Պողոս), որովհետեւ ծագել է Պաւել (Պօլ-Փօլ) կամ Պաւլոս (Պաւղոս) անունից՝ (աւ=օ) Պօղոս: Ճիշտ նոյն հիմունքով ունենք Աւգուստ(ոս)-Օգոստոս:
Սխալ է նաեւ խեղագրական որեն վերջածանցը. դասականով գրւում է օրէն, որը գալիս է օրէնք բառից՝ մարդկայնօրէն-մարդկային օրէնքով, համեստօրէն-համեստութեան օրէնքով եւայլն (սրան կ\’անդրադառնանք նաեւ յաջորդ բաժնում), բայց օ-ն, ըստ դասականի, բառամիջում գրւում է նաեւ ոչ միայն որոշ վերջածանցներում ( նաեւ հետեւեալ 7 վերջածանցներում), ինչպէս՝ թափօն, իրօք, արդեօք, համառօտ, զարթօնք, այլեւ գրաբարում աւ ունեցող բառերում, որ դարձել են օ: Գործածական են այդպիսի շուրջ 70 բառեր՝ մօտ, կօշիկ, ամօթ, խօսք, յօդուած, զբօսաշրջիկ, գօտի եւ այլն: Գուրգէն Սեւակը վերականգնեց դասականի համաձայն բառասկզբի օ-ն եւ այդ արմատից ածանցուած բառերում՝ օդ-անօդ, օր-կէսօր, օգուտ-անօգուտ, բայց չվերականգնեց բառամիջի կամ վերջածանցի օ գրանշանները, ինչպէս, օրինակ, յօրինել դասական գրելաձեւը դարձաւ հորինել, ինչի պատճառով փոխուեց բառարմատը եւ դաձաւ հոր(ինել) (մնացածը տեսանք վերի օրինակներում), պահպանելով աբեղեանական խեղագրութիւնը:
Է-Ե (տառերի
անուանումը՝ է- եչ)
1940-ին վերականգնուեց նաեւ Է գրանշանը, որը 1922-ին նոյնպէս վերացրել էր Աբեղեանը: Նրա խեղագրութեամբ այդ տառը փոխարինուեց Ե-ով, իսկ Ե-ի փոխարէն մտցրեց յե գրելաձեւը: Դարձեալ անհասկանալի եւ անիմաստ «բարեփոխում»: Ահա մի օրինակ այդ խեղագրութիւնից. «Յերեկ յերեկոյան, յերբ գնում եյի եշը փնտրելու, տեսա վոր՝ արածում ե»: Գուրգէնսեւակեան՝ երկրորդ ռեֆորմով Է-ն վերականգնուեց բառասկզբում (եւ ածանցուած ձեւերում)՝ էական, անէանալ, էջ, էշ, նաեւ օժանդակ բայերում՝ է, էի, էիք, էին: Դասականում այս գրելաձեւով պահպանւում է նաեւ բառամիջի բայական դէմքը. գրենք դասական ձեւը եւ սեւակեան գրելաձեւը՝ (էին)-գրէին-գրեին, կամ՝(էք)-գրէք-գրեք: Խեղագրութեամբ վերացուեց նաեւ մաշտոցեան այն կանոնը, ըստ որի՝ Է հնչիւնով աւարտուող բառերի վերջում գրւում է միայն Է – քարէ կամուրջ, ոսկէ մատանի, բազէ, եթէ, միթէ, մարգարէ, րոպէ, Վահէ, Կարինէ, Նունէ: Սակայն այս կանոնը Գ. Սեւակը չվերականգնեց, թէեւ այբուբենում արդէն դասական Է-ն ինքը վերականգնել էր: Այսօր բառի վերջում լսուող Է-ն դարձեալ գրւում է՝ Ե.-քարե, բազե, Նանե, ինչպէս որ այբուբենում Է- տառը չեղած ժամանակ: Սեւակեան խեղագրութեամբ պահպանուեց նաեւ բառամիջի է-ի փոխարէն Ե-գրելը, Յիշենք, դասական օրէն վերջածանցը, որն այժմ էլ գրւում է որեն ձեւով, որովհետեւ հիմքում ընկած էր աբեղեանական որենք բառը՝ փոխանակ օրէնք-ի (մեղմօրէն): Բացի այդ, Է-ն դարձնելով Ե, նոյնահունչ, բայց տարիմաստ բառերի տարբեր գրելաձեւը վերանում է՝ արմատի հետ միասին: Գրենք նման բառերի մի խումբ՝ Գետ-գետափ, գետաձի, գետաբերան: Բայց նաեւ գէտ-տգէտ, գիտուն, գիտնական. Նոյն ձեւով՝ վեր-վերեւ, վերամբարձ, վերելք, վերանալ: Բայց նաեւ վէր(ք)- վիրաւոր, վիրակապ, վիրահատում: Մեզ (դերանուն)-մեզնից, մեզնով. Նաեւ՝ մէզ-միզել, միզամուղ, միզապարկ: Պետ (ղեկավար)-ատենապետ, պետութիւն, սեղանապետ. նաեւ՝ պէտք-անպէտք, պիտանի, անպիտան: Սեր- կաթի սեր, սերուցք, նաեւ՝ սէր- սիրել, սիրասուն, սիրուհի: Դէպքերի մեծ մասում բառամիջի Է-ն դառնում է՝ Ի. դրանով կարելի է կողմնորոշուել, թէ երբ գրել Է, երբ գրել՝ Ե: Ահա նման բառերի եւս մի խումբ: Դէմ-դիմաց, դիմակ, դիմաւորել. շէն-շինարար, շինութիւն, շինանիւթ. վէմ-վիմագիր, վիմափոր. մէգ-միգամածութիւն, սէգ-սիգապանծ, վէճ-վիճել, ինչպէս-ինչպիսի, գէս-գիսաւոր: Այս գէս բառի առթիւ նկատենք, որ ներկայ ուղղագրութեամբ Վարդգես անուան գրելաձեւը սխալ է. պէտք է գրել Վարդգէս, որովհետեւ գես արմատ կամ վերջածանց չունենք: Այսպիսով, խեղագրութեան պատճառով կորսւում է դասականի ոչ միայն որոշակիութիւնը՝ բառիմաստը, այլեւ բառարմատը: Փաստենք դա խեղագրական մի մտացածին նախադասութեամբ. «Ես սեր ուտելու հատուկ սեր ունեմ, բայց չեմ ուզում այդ սերը չարաշահել»: Ինչպէ՞ս հասկանալ. ուտելու համար յատուկ սե՞ր կայ, թէ՞ յատկապէս սիրում է սեր ուտել եւ ի՞նչը չի չարաշահում, ուտելիք սե՞րը, թէ՞ ուտել սիրելը: Դասականով յստակ է՝ սեր (սերուցք) ուտելու սէր ունի (սիրում է): Յիշենք նաեւ որպէս օրինակ, որ արդէն փաստել էինք, թէ՝ մեր միակ բառարմատը, որ բաղկացած է մէկ՝ Է տառից (է-ական, է-ութիւն, է-ապէս, ան-է), մինչեւ 1940թ.վերացել էր՝ Ե-ով գրելու (եյական, եյություն, եյապես, անե) խեղագրութեան պատճառով: Ինչպէս տեսնում ենք, Աբեղեանը միշտ մնում է մեզ հետ, թէեւ մեր լեզուաբանները պնդում են, թէ աբեղեանական խեղագրութիւնը ուղղուած է:
Հ—Յ (անուանումը՝ հո –հի)
Խեղագրութիւնը մեծ խառնաշփոթութիւն ստեղծեց Յ-յ (հի) գրանշանի ուղղագրութեան մէջ: Հայերէնում H-հնչիւնով սկսուող բառերը հիմնականում գրւում են Հ- գրանշանով, սակայն մօտ 120-բառեր սկսւում են Յ-յ(հի) գրանշանով, որոնք վերացան աբեղեանասեւակեան խեղագրութեան պատճառով: Դասական ուղղագրութեամբ յ-ով են գրւում, օրինակ՝ յաճախորդ, յարաբերութիւն, յիմար, յամառ, յաղթանակ, յաճախ, յօդուած, յիսուն եւայլն: Այդ բառերի թւում են նաեւ շատ բառեր, որոնք սկսւում են յ-ով եւ դրանք արմատական յ չեն, (երբեմն փոխարինելով ի նախդիրին). ու թէեւ նոյնպէս հնչւում են ինչպէս հ, բայց չեն փոխում բառարմատի իմաստը: Գրենք մի քանի այդպիսի ոչ արմատական յ-ով բառեր, նշելով արմատը. յօգուտ (ի օգուտ)-որի արմատն է օգ(ուտ), եւ իմաստը չի փոխւում նախդիր յ-ի պատճառով: Այդ բառը աբեղեանասեւակեան «ուղղագրութեամբ» գրում ենք հոգուտ, վերացնելով օգ(ուտ) բառարմատը, իսկ առաջացած հոգ-արմատը կապ չունի օգ-արմատի հետ եւ նմանւում է մի այլ՝ հոգ(ալ) բառարմատին: Ուրիշ օրինակներ. յանձին-անձ, յաւելում- աւել, յաջող- աջ (ինչպէս՝ ձախորդ- ձախ), յարգել, յարգարժան- արգ(անարգել, արգահատել, արգասիք), յարդարել-արդ (արդ ու զարդ, արդուկել), յուղարկում (յուղարկաւորում)-ուղի արկանել (ուղարկել), յանուն-անուն. յիրաւի-իրաւ եւայլն: Այս դասական կանոնը խեղագրելով, դարձեալ բախւում ենք բառարմատը իմաստազրկուելուն կամ կորցնելուն: Գրենք հ- հնչիւնով բառերի՝ յ-ով եւ հ-ով գրելու իմաստային տարբերութիւններով բառարմատներ՝ ցոյց տալու համար յ-ն հ-ով փոխարինելու աբեղեանասեւակեան գրելաձեւի սխալականութիւնը: Հարկ (տուրք)-հարկադիր. հարկահաւաք, հարկաւոր: Յարկ (բնակարանի, շենքի), յարկաբաժին: Հեղ-հեղել (թափել), ջրհեղեղ, հեղուկ, արիւնահեղութիւն: Յեղ (մի բան փոխել)-յեղափոխել, յեղաշրջել: Հար(խփուած)-հարուած, սիրահար, շանթահար, ամօթահար: Յար (կենդանանալ)- յարութիւն առնել, յարեաւ, յառնել: Հանգել- մարել. յանգել (աւարտի գալ), եզրակացնել, եզրայանգել: Յարել (մէկի կողմը բռնել)- հարել (մածունը խփելով հարել): Կարեւոր է նշել նաեւ, որ հ-ով հնչուող օտար ծագումով անունները, մանաւանդ Աստուածաշնչային, նոյնպէս գրւում են յ-ով՝ Յիսուս, Յուդա, Յովհաննէս, Յակոբ, Յովսէփ, Յաբեթ եւայլն: Այդ անունները օտար լեզուներում նոյնպէս, H-ով չեն գրւում (Jesus, Judas, Johannes, Jakob, Jozef):
Խեղաթիւրուել է նաեւ դասական այն կանոնը, ըստ որի, հայերէնում ա-ով եւ ո-ով վերջացող բառեր չկան. այդ տառերից յետոյ գրվում է յ-գրանշանը, որը թէեւ չի հնչւում, բայց այդ բառերի փոխակերպութիւններում լսւում եւ գրւում է (բացառութիւն են սա, դա, նա, սրա, դրա նրա դերանունները, ապա, ասա, ահա, այո, քո բառերը եւ հրամայականները՝ գնա՛, արա՛, խաղա՛ եւայլն): Օրինակներ. մեղայ-մեղայական (ժողովրդի մէջ ասում են՝ մեղայաստծու), ներկայ- ներկայանալ, ներկայացում. բացակայ- բացակայել. ծառայ- ծառայութիւն. բարոյ- բարոյական, անբարոյական: Եթէ բառամիջի այդ յ-ն չլինէր, ստիպուած պիտի գրուէր ներկաանալ, անբարոական: Կամ ինչպէ՞ս բացատրել աշակերտին, թէ «ընծայել» բառի մէջ որտեղից է յայտնուել յ-ն:
Յ-ն գրւում է նաեւ ժամանակ ցոյց տուող բառերում՝ տարուայ, ամսուայ, օրուայ, ժամուայ: Մեր բարբառներում ունենք այ=ե փոխակերպումը, որ հանդիպում է հէքիաթներում՝ հայաստանեան ուղղագրութեամբ գայլ-գել, սայլ-սել, ծայր-ծեր, հայր, մայր-հեր, մեր, վայր ընկնել-վեր ընկնել: Երեւի թէ այս նոյն կանոնով է, որ օրական, ամսական ձեւերի հետ ունենք՝ օրեկան (օրուայ), ամսեկան (ամսուայ) ձեւերը (սա ի միջի այլոց): Անհասկանալի է խեղագրութեան անիմաստ տրամաբանութիւնը՝ վերացնել բառասկզբի եւ բառավերջի յ-երը (յօգուտ, անբարոյ), բայց յաւելել անիմաստ ու աւելորդ յ-եր (յեղանակ, յես, յերեխա):
Զանց առնելով դասականի ու խեղագրութեան ուղղագրական միւս տարբերութիւնները, կարող ենք դիտարկուած օրինակների հիման վրա եզրայանգել, որ աբեղեանասեւակեան «բարեփոխումները» անտեղի էին, վնասակար էին, անտրամաբանական էին: Յիշենք հայագէտ Ֆրեդերիկ Ֆեյտիի բնորոշումը. «…Իմ գիտցած լեզուների մւջ հայերէնը բացառիկ է, նախ՝ որպէս զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաեւ իր ճկունութեամբ նոր բառեր կազմելու դիւրութիւններով»:
Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել