Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բոլորը կողմ են, իսկ «Հայջրմուղկոյուղի՞ն»

Մարտ 25,2010 00:00

\"\"Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն կոչ է անում Կապանի քաղաքապետին եւ կապանցիներին՝ միանալ եւ պայքարել մշտապես մաքուր խմելու ջուր ունենալու համար կազմակերպության նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզկենտրոնում խմելու ջրի վիճակին «Առավոտը» հաճախ է անդրադառնում, վերջին անգամ մարտի 6-ին՝ «Կապանում խմելու ջուր չկա», եւ մարտի 20-ին՝ «Կապանցիներին չեն փոխհատուցի»:
«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն տեղեկացնում է, որ դեռեւս ամիսներ առաջ էր սկսել ահազանգել ջրի վատ որակի վերաբերյալ՝ նախքան վերջին օրերին Կապանում ջրի որակի կտրուկ անկման եւ բաժանորդներին պղտոր ու անորակ ջրի մատակարարումը: Հ/կ-ն այս հարցով դիմել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Պ. Լորենին, ընկերության հարավային մասնաճյուղի տնօրեն Ջ. Մարգարյանին եւ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին:
«Խմելու ջրի համար նախատեսված կուտակման ավազանի (գլխամասի) սանիտարական գոտին կահավորված չէ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջներով: Դրա պատճառով մշտապես վարչական տուգանքի է ենթարկվում վերոհիշյալ ընկերությունը, բայց չի կարգավորվում այդ հարցը առայսօր: Խմելու ջրի մաքրման կայանը չի գործում լիարժեք, միայն քլորացվում է ջուրը եւ առաջանում է մեկ ուրիշ խնդիր՝ մինչեւ մաքրման կայան հասնող խողովակաշարի վրա տեղադրված են մի քանի հիդրոէլեկտրակայաններ: Խողովակաշարը մաշված է եւ ոչ պիտանի, դրա համար էլ սիստեմատիկ առաջանում են վթարներ: Մենք պահանջում ենք, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ոչ թե ներդրումային գումարներ փնտրի աշխարհով մեկ, այլ՝ ժողովրդից գանձած վարձավճարներից ստացած գերշահույթներով իրականացնի վերոհիշյալ խնդիրների լուծումը: Այլապես ընկերությունն ինչո՞ւ է ստանձնել Կապանի խմելու ջրի մատակարարման կառավարումը, եթե մինչ այսօր իրեն տրամադրած $41 միլիոնից $1-ը չի տրամադրել առկա խնդիրների լուծմանը: Պահանջում ենք փոփոխություններ մտցնել ջրամատակարարման ընկերության եւ ազգաբնակչության հետ կնքած պայմանագրերում: Ամբողջությամբ խախտվել են սպառողների իրավունքները եւ ՀՀ Սահմանադրության որոշ կետեր: Մատնանշված խնդիրները շտապ չլուծելու դեպքում մեր կազմակերպությունը կիրականացնի ստորագրահավաք, որպեսզի Կապան համայնքի ջրամատակարարման համակարգը վերադարձվի Կապան համայնքին: Քաջարան համայնքի ջրամատակարարումը չունի վերոհիշյալ խնդիրները, եւ սակագինը շատ ավելի ցածր է՝ քան Կապանում, որովհետեւ կառավարումը իրականացնում է հենց համայնքը: Մեր պահանջը սա է, քանի որ բնակչության կողմից անորակ ջրի շարունակ օգտագործումը առողջական խնդիրների առաջացմանն է նպաստում»,- նշում են հ/կ ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ ջրամատակարարման համակարգի վերաբերյալ քննարկումներից մեկի ժամանակ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը նույնպես կողմ էր արտահայտվել, որ համակարգն անցնի Կապան համայնքի ենթակայության տակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել