Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2005 ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱՆ

Մարտ 25,2010 00:00

Պետությունը շենք կառուցելու փող չունի, քաղաքապետարանն էլ չի ուզում պատասխանատվությունը կիսել

\"\"Վանաձորի 2005 ընտանիքներ երկրաշարժի պատճառով վթարային դարձած, երրորդ կարգի վթարայնություն ունեցող 84 շենքերի բնակիչներ են: Երկրաշարժից 21 տարի անց նրանք ահուդողով ապրում են շենքերում, որոնց վիճակը տարեցտարի վատանում է՝ տանիքների անմխիթար վիճակի, ջրհորդանների բացակայության ու թալանման պատճառով: Բնակվել ասվածը խիստ հարաբերական է, քանի որ 2713 բնակարաններից 212-ը թալանված է, 733-ը՝ չբնակեցված: Մեծամասամբ բարձր հարկերի բնակարանների սեփականատերերը կամ տնակային ավան են տեղափոխվել, կամ նույն շենքի բակում տնակ են դրել, ինչը, սակայն, այնքան էլ ապահով չէ. «Եթե այս շենքից մի պանել էլ ընկնի, որն ամեն պահի սպասելի է, մենք ամեն դեպքում տուժելու ենք, – ասում է Ռուսթավի 6 շենքի բնակիչ Հրաչիկ Ավետիսյանը,- Էս մի կողմը լրիվ քանդված է, մենակ պատերն են մնացել, հարեւաններս հեռացել են՝ իրենց հետ տանելով դուռ ու պատուհանները»:
\"\"Ինչպես փաստում է Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Տիգրան Պապանյանը, համայնքի ուժերով այս խնդիրը լուծել հնարավոր չէ. «Կառավարությանն ուղղած բազում նամակների մերժումը վկայում է, որ նույնիսկ մեր սուղ պետբյուջեի միջոցները բավարար չեն, ինչ մնաց համայնքի միջոցներով հնարավոր լինի»:
Վանաձորում կան շենքեր, որոնց վրա դեռ պահպանվում է «բնակելի չէ» ցուցանակը, սակայն «Վանսեյսմշին» ՍՊԸ-ի կատարած հետազոտությունների համաձայն, դրանք բավականին սեյսմակայուն են, նրանց մի մասը երրորդ աստիճանի վթարայնություն չունեն: «Վանսեյսմշին» ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Սուքիասյանի խոսքով՝ «բնակելի չէ» արտահայտությունն անմիջապես երկրաշարժից հետո է գրվել, ուղղակի ժամանակին հույսները դրել են ԽՍՀՄ-ի վրա, որը հնարավորություն ուներ այդ շենքերը քանդել եւ նորը կառուցել: Այժմ ՀՀ-ն ունի սեյսմակայունության եւ հետազոտության կարգի իր չափանիշները: «Համայնքը չի կարողանում գումար տրամադրել նույնիսկ 5 կամ ամենաշատը 10 տարին մեկ շենքերի սեյսմակայունությունը որոշելու հետազոտության համար: Վերջին հետազոտությունը 2003 թվականին է կատարվել՝ միայն 3-րդ աստիճանի վթարային շենքերի համար: Ո՞վ կարող է հիմա երաշխավորել, որ մեր քաղաքում 3-րդ աստիճանի վթարային ընդամենը 84 շենք կա, մնացած շենքերի հետազոտությունը 1994-96-ին է եղել: Այս տարիների ընթացքում ահագին բան է փոխվել»,- ասում է Անդրանիկ Սուքիասյանը եւ, օրինակ բերելով Գրիգոր Լուսավորիչի 28 շենքը, շարունակում. «Այս շենքը երկրաշարժից չի տուժել, հոսող անձրեւաջրերն են պատճառ դարձել, ջրհորդանների բացակայությունը եւ տանիքի անմխիթար վիճակը: Հիմա դա քանդման ենթակա շենք է, բայց, բնակիչներն իմանալով, որ հերթացուցակը մեծ է, դուրս չեն գալիս շենքից, վախենալով, որ հերթագրված 460 ընտանիքներին ապահովելուց հետո (նրանց թիվը տարեցտարի աճում է՝ տրոհվող ընտանիքների հաշվին), իրենք նորից անօթեւան կմնան»:
Վանաձորի քաղաքապետարանն էլ բազում հորդորներից հետո բնակիչներից ստորագրություն է վերցրել, որ շենքի փլուզման, հնարավոր դժբախտ պատահարների համար միայն բնակիչներն են պատասխանատու: Նշված շենքում 6 սեփականատեր կա, մնացած բնակարաններում նախկինում ապրել են ռուս զինվորականների ընտանիքները, նրանց հեռանալուց հետո դատարկ բնակարանները տրամադրվել են փախստականներին, իսկ հիմա նրանք չեն համաձայնում դուրս գալ: 2003 թվականին նորակառույց Տարոն թաղամասում փախստականների համար տներ են կառուցվել, սակայն միայն մեկ ընտանիք է գերադասել ապրել թեկուզ քաղաքի ծայրամասում, բայց բարվոք պայմաններում: Բոլորի մտավախությունը մեկն է. «Այստեղ կամ բնակելի շենք չի կառուցվի, տարածքը հարմար է բիզնեսով զբաղվելու համար, կամ նույն տարածքում մեզ բնակարան չեն տա»: Վանաձորի ավագանին ու քաղաքապետարանը այս հարցով բազում նամակներ են ուղղել ՀՀ կառավարությանը, սակայն միայն 2003թ.-ին կառավարության պահանջով ընտրվել է 10 առավել վտանգավոր շենք, եւ գործն ավարտվել է ցուցակ կազմելով: Այս 10 շենքի համար ժամանակին նախագծային աշխատանքներ են իրականացվել, ըստ նախահաշվի՝ ավելի քան 68 միլիարդ դրամ է անհրաժեշտ, սակայն այստեղ էլ խնդիր կա. նախահաշվից մրցույթ այնքան երկար է տեւում, որ ոչ մի շինարարական կազմակերպություն չի համաձայնում այդ գներով աշխատել: «Շուկայում գներն անընդհատ փոխվում են ու ստացվում է, որ մենք ավելորդ ծախսեր ենք անում»,- ասում է Տիգրան Պապանյանը:
Վանաձորի վերջին դիմում-խնդրանքը կառավարությանը՝ երկրաշարժի 20-ամյակի կապակցությամբ էր: Դիմել էին՝ ակնկալելով, որ 2009թ. բյուջեում առանձին տողով գումար կհատկացվի եւ կարելի կլինի գոնե Ավետիսյան 55, 57, 59 շենքերի՝ վանաձորցիներին հայտնի «100 կվարտիրանոցի» խնդիրը լուծել: Վանաձորի քաղաքապետարանը բազում վթարայիններից սրանք ընտրել է հատուկ նպատակով՝ առաջին հարկի բացվածքների հաշվին լրացուցիչ բնակարաններ կավելանան: ՀՀ կառավարությունը պատասխանել է, որ մինչեւ 2012 թ. գումար չի լինի: «Վերջին տարիներին Վանաձորը մի տեսակ դուրս մնաց ծրագրերից, կառավարության ուշադրությունն այս պահին ավելի շատ ուղղված է Գյումրի, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներին»,- նեղվում է Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Տիգրան Պապանյանը: «Վանսեյսմշինի» ղեկավար Անդրանիկ Սուքիասյանը նկատում է, որ երկրաշարժի ժամանակ էպիկենտրոնում ինչ կա՝ քանդվել է, Ստեփանավանն էլ է շատ տուժել, բայց ընդամենը 6 շենք է վթարային: «Փառք մեր շինարարներին, որ քաղաքը Գյումրու օրը չի ընկել, բարձրահարկերը կանգուն են, դա շինարարի բարեխիղճ աշխատանքի արդյունքն է, էպիկենտրոնը մեզ ավելի մոտ է, բայց շինարարի մեղքով Գյումրին ավելի շատ է տուժել, մեզ մոտ պահպանման խնդիր կա, այնտեղ՝ կառուցման»,- ասում է Ա. Սուքիասյանը: Սպիտակում կառուցվող նոր Վարպետաց թաղամասը ավելի քան 400 ընտանիքի կապահովի բնակարանով, նույնքան ընտանիքի հարց կլուծեն Ստեփանավանի Պրոմեթեյ եւ Դեսսենի թաղամասերում կառուցվող շենքերը:
Հայկական «Հաբիթաթի» եւ
ԱՌԴԱ կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Տարոն թաղամասում 16 բնակարան է շահագործվել եւ հանձնվել՝ ոչ երկրաշարժի պատճառով անօթեւան մնացած, մինչ օրս տնակներում բնակվող վանաձորցիներին: Այս տարի նախատեսված էր եւս 16-ը շահագործել, բայց շինանյութի թանկացման պատճառով գործընթացը ժամանակավոր դադարեցվել է: «Մեծ ֆինանսներ խլողը հիմքերն ու հիմնական պատերը կառուցելն է, մնացածը քիչ ծախսատար է, եւ եթե մի փոքր աջակցություն լինի, այդ գործն անպայման գլուխ կգա»,- ասում է Տիգրան Պապանյանը: 2007 թվականին կառավարության պահանջով քաղաքաշինության նախարարությունը հանձնախումբ է ուղարկել՝ ուսումնասիրելու Տարոն թաղամասի 250 կիսակառույցները եւ ընտրել Տարոն- 2 թաղամասի Ուկրաինական պողոտայի հյուսիսային մասը, որն ավարտելու համար գումար տրամադրելու մասին խոսք անգամ չկա:
Այժմ խիստ վթարային 10 շենքերի բնակիչները սպասում են, թե երբ իրենց փողոցում էլ տոն կլինի: Բայց նաեւ հիշում են, որ Իսահակյան 5 շենքում շինարարական աշխատանքներն արդեն սկսվել էին, երբ պատշգամբը փլվեց, կամ Գրիգոր Լուսավորիչի 17 շենքը մաս-մաս փլուզվում է, բայց բնակիչները ճար չունենալով ապրում են: «Ամեն օր քնում ու արթնանում ենք վախով ու աղոթելով ու շնորհակալ լինելով Աստծուն՝ ամեն լուսացրած կամ բարեհաջող ավարտված օրվա համար»,- պատմում են բնակիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել