Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեզվական մատչելիություն՝ բոլորի համար

Մարտ 25,2010 00:00

Երեկ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում կազմակերպվել էր «կլոր սեղան»՝ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

\"\"

«Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան» ներկայացրեց ազգագրագետ, փորձագետ Հրանուշ Խառատյանը: Նա նկատեց, որ Հայաստանում ռուսերենը դառնում է ազգային փոքրամասնությունների միջհաղորդակցական միջոց: Որ դա այդպես է, հաստատվեց նաեւ երեկ, երբ բանախոս-փորձագետները հանդես եկան ռուսերեն: Հ. Խառատյանը նաեւ շեշտեց, որ կրթության համապատասխան կազմակերպումը պահանջում է ինչպես համայնքների բարի կամք ու դրսեւորում, այնպես էլ կառավարության աջակցություն, երկարաժամկետ ֆինանսական ներդրումների տեսքով:
«Ո՞վ կպաշտպանի բելառուսերենը, լեհերենը, ուկրաիներենը»,-… հարցրեց մասնակիցներից մեկը: Հ. Խառատյանի դիտարկմամբ՝ Հայաստանում լեզվական արգելք չկա:
Եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, ԵՊՀ դասախոս Վիգեն Քոչարյանն անդրադարձավ իրավական հիմքերին, միջազգային փորձին, մասնավորապես՝ ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիային: «Պետության խնդիրն է ամբողջությամբ պաշտպանել ազգային փոքրամասնությունների իրավունքները»,- ասաց նա, նշելով, որ աշխարհասփյուռ հայերը տարբեր երկրներում պաշտպանում են իրենց այդ իրավունքները: Փորձագետի կարծիքով՝ մենք պետք է ունենանք սփյուռքահայերի իրավունքներից խոսելու բարոյական իրավունք, որը ձեռք կբերենք մեր երկրում այլոց իրավունքները պաշտպանված լինելու դեպքում:
«Ինչ եք անում դուք, որ մանկապարտեզներում, դպրոցներում, բուհերում մեր լեզուն հարգվի: Թե՞ մենք պիտի բարձրացնենք այդ հարցերը»,- լսարանի կողմից հնչած հարցին պարոն Քոչարյանը պատասխանեց, որ Հայաստանը ստեղծում է նպաստավոր պայմաններ՝ հավասար հնարավորություններ տալով ազգային փոքրամասնություններին:
Ի դեպ, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. «Հակառակ նրան, որ թվում է՝ ազգային փոքրամասնությունները ինտեգրված են հասարակության մեջ եւ վայելում են հավասար իրավունքներ իրենց էթնիկ հայ ընկերների հետ, կան շատ նուրբ հարցեր, որոնք կապված են իրենց մայրենիով կրթության կազմակերպման, ուսումնական ձեռնարկների ապահովման հետ»:

Հ. Գ. Եզդիների, գերմանացիների, քրդերի «սեղանը» դատարկ մնաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել