Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ Ո՞Ր ՈՐՈՇՈՒՄԸ ԿԸՆԴՈՒՆԵՆ

Մարտ 25,2010 00:00

Տարիներ շարունակ ջուրն անտեղի հոսում է…

\"\"«Առավոտը» տեղեկացրել էր «Հայջրմուղկոյուղու» կողմից Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի բնակիչներին «զանգվածաբար» դատի տալու մասին: Այդ «պատվին» էր արժանացել նաեւ գյուղի բնակչուհի Վարդուհի Ստեփանյանը, որից «Հայջրմուղկոյուղին» պահանջում էր 122 571 դրամ՝ որպես 2004թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2009թ. մայիսի 31-ը ջրամատակարարման ծառայության դիմաց պարտք: Վ. Ստեփանյանը, ինչպես նաեւ գյուղի բոլոր բնակիչները,  ջրի համար պարտաճանաչորեն վճարել է ամսական 500 դրամ, ինչպես ժամանակին որոշել էր գյուղապետարանը: Ընդ որում, գյուղացիները վճարել են նաեւ բնամթերքով՝ օղիով, լոբիով եւ կարտոֆիլով:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն իր հայցի հիմքում դրել էր ՀՀ կառավարության 2004թ. հունվարի 22-ի 130-Ն որոշումը, ըստ որի, ջրաչափի բացակայության դեպքում անհատական բնակելի տներում ջրի վարձը հաշվարկվում եւ գանձվում է ներանցման խողովակի թողունակությամբ եւ յուրաքանչյուր ամսվա համար Վ. Ստեփանյանից պահանջում էր 6000 դրամ, մինչդեռ, «Առավոտին» տված պարզաբանման մեջ նշել էր, որ հաշվի առնելով գյուղի ջրամատակարարման գրաֆիկը, այդ թիվը կազմում է 1000 դրամ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մ. Հովակիմյան) պատասխանողին ուղարկված պարտքի մասին հիշեցման թերթիկը եւ ջրամատակարարման գրաֆիկից քաղվածքը չհաստատեց որպես սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստ: Դրա փոխարեն, թեեւ դատարանը արձանագրել է, որ այս քաղաքացիական գործով բացակայում է կառավարության 2004թ. հունվարի 22-ի թիվ 130-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված «Խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման առաջարկությունը եւ բաժանորդի կողմից նշված պայմանագիրը կնքելուց հրաժարվելու մասին ապացույցը, այդուհանդերձ, բաժանորդին միացված ցանցի միջոցով ջուր է մատակարարվել, որի դիմաց էլ բաժանորդը կատարել է վճարումներ: Այդ հանգամանքի հիման վրա էլ դատարանը գտավ, որ այս դեպքում կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 552 հոդվածի 2-րդ կետի դրույթը, համաձայն որի՝ պայմանագիրը կնքված է համարվում:
Կատարելով վերահաշվարկ, դատարանը վճռեց «Հայջրմուղկոյուղու» հայցը բավարարել մասնակի՝ Վ. Ստեփանյանից բռնագանձել 52 773 դրամ, նաեւ 1055 դրամ՝ որպես պետական տուրքի գումար:
Դատարանն իր հաշվարկների համար հիմք է ընդունել ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային ծրագրի մասին» թիվ 1204-Ն որոշմամբ հաստատված «Շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային ծրագրին հավանություն տալու մասին» թիվ 1 հավելվածի 3.1 կետը, որի համաձայն՝ սպառողն օրական օգտագործում է 200լ ջուր:
Դատարանը, չգիտես ինչու, մոռացավ կիրառել վաղեմության ժամկետ ասածը, կառավարության այն որոշումը, որ «Հայջրմուղկոյուղին» պետք է սոցիալապես անապահով ընտանիքներին զեղչ գնով ջրաչափ տրամադրեր, ինչպես նաեւ հաշվի չառավ այն հանգամանքը, որ Վ. Ստեփանյանը բարեխղճորեն ամեն ամիս վճարել է 500 դրամ, իսկ ջրաչափ տեղադրելուց հետո նրա վճարն ավելի քիչ է եղել: Ի դեպ, Վ. Ստեփանյանը դատարանին ներկայացրել էր, որ ամուսինը 1990թ. սպանվել է թուրքերի կողմից անասնագողության ժամանակ, իսկ ինքը խնամում է երկկողմանի ծնողազուրկ թոռանը՝ ստանալով 17 հազար դրամ թոշակ: Դատարանը ոչ միայն այդ հանգամանքները հաշվի չառավ, այլեւ վճռեց, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին: Իհարկե, դատարանը նշել էր, որ վճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ քաղաքացիական դատարան: Վ. Ստեփանյանն այդ առիթով ասաց. «Ես 83 տարեկան եմ, վատառողջ, տան 2-րդ հարկից 1-ին հարկ դժվարությամբ եմ իջնում, նույնիսկ դատարան՝ Գորիս չկարողացա գնալ, ուր մնաց թե Երեւան հասնեմ: Եվ հետո, բողոքարկելու համար 10 000 դրամ պետտուրք պետք է մուծեմ, ու դեռ հարց է, թե վերաքննիչում կառավարության ո՞ր որոշումը հիմք կընդունեն: Ուղղակի վիրավորական է ու անբարո, որ իմ տնից ընդամենը մի քանի մետր հեռու ջրատարից ջուրն անտեղի հոսում է, փչանում ու ապականում շրջապատը, սակայն դրա համար ոչ մեկը չի անհանգստանում, թեպետ տեղյակ եմ պահել եւ գյուղապետարանին, եւ ջրմուղին: Իսկ դատավորը, վճիռ արձակելուց առաջ, լավ կլիներ ստուգեր, թե ի՛ր ընտանիքը օրական քանի՞ լիտր ջուր է սպառում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել