Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անցումներում անցնելու տեղ չկա

Մարտ 25,2010 00:00

Սակայն համայնքի պատասխանատուները դրա վրա աչք են փակում

Գարեգին Նժդեհի հրապարակի գլխավոր ստորգետնյա անցումը ամենամարդաշատ անցումներից մեկն է: Սա միակ պատճառը չէ, որ այնտեղ մշտական հրմշտոցներ ու վեճեր են: Անցումն իրականում բավականին ընդարձակ է, սակայն  ծաղկավաճառներն ու հուշանվերներ վաճառողները գրավել են անգամ անցումի այն հատվածները, որոնք նախատեսված են անցորդների համար: ՀՀ կառավարության՝ Երեւանի քաղաքապետարանին գույք հանձնելու 2003թ. N1130 որոշման համաձայն, անցումները հանձնված են թաղային համայնքներին, որոնք անցումների տարածքները հանձնելով վարձակալության՝ ստացված գումարներն ուղղում են  ստորգետնյա անցումների պահպանմանն ու սպասարկմանը: 2007թ.-ից ստորգետնյա անցումներում առեւտրի կազմակերպումն ու վերահսկումը թաղապետարաններն ու քաղաքապետարանը իրականացնում են համատեղ: Շենգավիթ վարչական շրջանի առեւտրի բաժնի պետ Անդրանիկ Վարոսյանի խոսքերով՝ տարածքի հատկացմամբ զբաղվում է քաղաքապետարանը, իսկ թաղապետարանը պատասխանատու է առեւտրի վերահսկման համար: «Խնդրին ծանոթ ենք, քաղաքացիները պարբերաբար դիմում են մեզ՝ արտահայտելով իրենց դժգոհությունը: Վերջերս մի կին էր եկել չորս տարեկան երեխայի հետ: Նա պատմեց, որ անցումով անցնելիս երեխան շուռ է տվել եւ փչացրել մի ծաղկեփունջ, որի համար իրեն ստիպել են 10 հազար դրամ վճարել: Ես ինքս եմ ստուգայց կատարել, 7 վաճառողի տուգանել ենք: Երկու ժամ հետո իրավիճակը նույնն է»,- ասաց Ա. Վարոսյանը: Նրա խոսքերով՝ իրենք դեռեւս զբաղված են 3-րդ մասի բացօթյա շուկայի մաքրման աշխատանքներով: Այդ աշխատանքները վերջացնելուց հետո նախատեսում են զբաղվել ստորգետնյա անցումների խնդրով՝ «որովհետեւ իրավիճակն իսկապես անհանգստացնում է»: Մեզ հետ զրույցում նշյալ անցումում առեւտուր իրականացնող ծաղկավաճառները տեղյակ էին, որ տարածքի անօրինական ընդլայնման դեպքում տուգանք է նախատեսված: Ծաղկավաճառ Լեւոնից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է  իր տարածքի սահմաններից դուրս եկել եւ զբաղեցրել անցորդների համար նախատեսված հատվածը եւս: «Էս ամեն ինչը ես դռների վրա եմ դրել, որոնք դուրս են բացվում, ու ստացվում ա, որ ես անցել եմ իմ տարածքը: Մեկ ա, եթե ես դռների վրա ապրանք չդնեմ էլ, դրանք, միեւնույն ա, դուրս են գալու իմ տարածքից»,-ասաց նա:
Նկատենք, որ այս խնդիրն առկա է նաեւ «Բարեկամություն» մետրոյի անցումում եւս, եւ այդտեղ էլ յուրաքանչյուր վնասված ծաղկեփնջի, կոսմետիկ միջոցների կամ պատահաբար կոտրված հուշանվերի գումարը մնում է անցորդի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել