Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԽՈՊԱՆՉԻՆԵՐԻ» ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱՆ

Մարտ 25,2010 00:00

Եթե ՌԴ իշխանությունները իրականացնեն իրենց մտադրությունները

\"\"

Ռուսաստանի եւ հատկապես Մոսկվայի իշխանությունները արտասահմանցի միգրանտների ներհոսքը նվազեցնելու նպատակով տարեցտարի աշխատանքային թույլտվության քվոտաները պակասեցնում են: Եթե նախորդ տարի ՌԴ-ի մայրաքաղաքում արտասահմանցիների աշխատանքային քվոտաները 300 հազար էին, ապա այս տարի Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը միգրացիոն ծառայությունների առջեւ խնդիր է դրել՝ արտասահմանցիների աշխատանքային քվոտաները չպետք է գերազանցեն 200 հազարը: Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնյաներն այս ոլորտին առնչվող առաջարկներ են մշակում, թե ինչպիսին պետք է լինի պետական քաղաքականությունը: Միգրանտների նկատմամբ նոր խիստ մոտեցում ցուցաբերելու հանգամանքը Մոսկվայի չինովնիկները պատճառաբանում են՝ իբր ներգաղթյալների հոսքը դեպի Մոսկվա աճում է, ինչը, նրանց կարծիքով, սոցիալական ու ազգամիջյան լուրջ խնդիրներ է առաջացնում: Իսկ նախորդ արտասահմանյան աշխատուժի քվոտաների պակասեցումը ՌԴ իշխանությունները պատճառաբանում էին համաշխարհային տնտեսական ճգնաժամով: Ընդ որում, ճգնաժամին դիմակայելու նպատակով նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ռուսաստանցի գործատուներին կոչ էր արել աշխատանքի ընդունման ժամանակ նախապատվությունը տալ ՌԴ քաղաքացիներին: Ամեն տարի «խոպան» մեկնելու սեզոնին միգրատների դեմն առնելու ռուսաստանյան փորձերը միլիոնավոր «խոպանչիներին» ու նրանց ընտանիքներին, այսպես ասած, սթրեսի են ենթարկում, քանի որ կկանգնեն աշխատանքից զրկվելու լուրջ վտանգի առջեւ: Եվ եթե հաշվի առնենք, որ ՌԴ-ում կես միլիոնից ավելի հայ միգրանտներ են աշխատում, որոնց ընտանիքները գոյատեւում են նրանց ուղարկած միջոցներով, ապա չի բացառվում, որ Հայաստանին ճգնաժամի երկրորդ ալիքը սպառնա:
Ի տարբերություն հայ «խոպանչիների»՝ մեր երկրի Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը լավատես է: Նրա կարծիքով, ռուսական իշխանությունների քայլերն այնքան էլ չեն սպառնում հայերին: Ըստ նրա՝ նախորդ տարի էլ ճգնաժամի պատճառով քվոտաները պակասեցրել էին, եւ կանխատեսումներ կային, որ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը զգալիորեն կպակասի, իսկ մեկնածներն էլ ժամանակից շուտ կվերադառնան, սակայն այդ կանխատեսումները լիովին չիրականացան:
«Ռուսաստանն ամեն տարի քվոտաներ է սահմանում: 3 տարի առաջ 6 միլիոն էր ամբողջ Ռուսաստանի համար, վերջերս՝ մոտ 3 միլիոն: Բայց նույնիսկ 3 միլիոնի պարագայում հայերը խնդիր չունեն. միեւնույն է, բազմաթիվ միգրանտներ ստվերում են աշխատում, իսկ մի շարք գործատուների դա նույնիսկ ձեռնտու է: Բացի այդ, չեմ կարծում՝ քվոտան լրանալու պատճառով աշխատանքային թույլտվություն չտան. հնարավոր է՝ այն լրանալու դեպքում էլի ավելացնեն»,- մեզ հետ զրույցում ասաց Գ. Եգանյանը:
Չնայած ռուս պաշտոնյաների խիստ հայտարարություններին՝ բազմաթիվ հայեր չեն էլ պատրաստվում վերադառնալ հայրենիք. միգրանտները գերադասում են ավելի ցածր աշխատավարձով աշխատել, քան վերադառնալ Հայաստան ու անգործ մնալ: Մեզ հետ զրույցում Անահիտ Գրիգորյանն ասաց, որ ամուսինն արդեն 2-րդ ամիսն է՝ գտնվում է Մոսկվայում. «Ամուսինս էլ է անհանգստացած, մինչեւ հիմա աշխատանք չի գտել, բայց վերադառնալ էլ չի ուզում, ասում է՝ գամ ի՞նչ անեմ: Ես ու 3 երեխաներս էլ նրա աշխատանքի հույսին ենք: Եթե այսպես շարունակվի, չեմ պատկերացնում՝ ոնց ենք յոլա գնալու»: «Առավոտի» հետ զրույցում որոշ «խոպանչիներ» էլ առայժմ «ոտները կախ գցելն» ու Ռուսաստան չմեկնելն այսպես պատճառաբանեցին. «Ռիսկ չենք անում այդքան փող ծախսենք, գնանք ու գործ չլինի: Ծանոթներ կան, հենց գործ կպնի, մեզ իմաց կտան»:
Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը գտնում է, որ ՌԴ միգրացիոն ոլորտի օրենքները, ի տարբերություն եվրոպականի, շատ ավելի լավն են ու լիբերալ: Թերեւս Ռուսաստանի պաշտոնյաներն էլ այն մտքին են, որ միգրացիոն օրենքները շատ «բարի» օրենքներ են, ուստի մտադիր են դրանք ավելի խստացնել: Թե երբ նոր օրենքներ ի հայտ կգան եւ թե ինչպես դրանք կազդեն հայ աշխատանքային միգրանտների վրա, առայժմ դժվար է ասել: Սակայն Գ. Եգանյանի կարծիքով, ինչ էլ որոշվի, տուժողներ շատ չեն լինի, քանի որ. «Միգրանտները հսկայական ներդրում են կատարում հյուրընկալող երկրի տնտեսության մեջ: Այսինքն՝ որպեսզի $1 Ռուսաստանից հասնի Հայաստան, միգրանտը $7-ի ներդրում է կատարում: Միգրանտը պետք է $8 վաստակի, որպեսզի $1-ը ուղարկի հարազատներին: Այսօր Ռուսաստանում մեր միգրանտների կողմից ստեղծված է 1 միլիոնից ավելի աշխատատեղ, ճիշտ է՝ դրանց մի մասում հայերն են ներգրավված, բայց դրանք ՌԴ-ի աշխատատեղեր են»:
Ռուսական իշխանությունների՝ միգրանտներին «հետապնդելու» արդյունքում որքանո՞վ կկրճատվի հայ միգրանտների թիվը, պարոն Եգանյանը խոստացավ ասել այս տարվա մայիս-հունիս ամիսներին: Ըստ նրա, ամեն տարի 70 հազար միգրանտ էր մեկնում սեզոնային աշխատանքի: Իսկ նախորդ տարի ճգնաժամի եւ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգներից հետո՝ 25-30 հազարով այդ թիվը նվազել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել