Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ Է ԳՈՐԾՈՒՄ

Մարտ 25,2010 00:00

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու ուղղությամբ կառավարությունը համարժեք քայլեր չի իրականացնում. «Ի՞նչ տրամաբանությամբ ես հռչակում գյուղատնտեսությունը տնտեսության զարգացման գերակա ուղղություն, երբ համապատասխան անհրաժեշտ քայլեր չես ձեռնարկում, գյուղացու կողքին չես կանգնում»,- երեկվա ասուլիսում նման հարցադրում ներկայացրեց ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի անդամ Բագրատ Սարգսյանը, նշելով, որ գյուղատնտեսության ոլորտին պետբյուջեով հատկացված սուբսիդիան այս տարի 558 միլիոն դրամ է, ինչը նախորդ տարվա համեմատությամբ պակաս է 1 միլիարդ 54 միլիոնով: Հակառակ գյուղատնտեսության զարգացմանը խթանելու կառավարության ծրագրերին՝ պարոն Սարգսյանի խոսքով, արդեն երկրորդ տարին է, գյուղացիներին պարարտանյութ հատկացնելու գործընթացը եւս չի սուբսիդավորվում: Նրա խոսքով, ոչինչ չի արվում նաեւ անմշակ հողերի թիվը կրճատելու ուղղությամբ. 420 հազար հեկտարի հասնող հողատարածություններից մշակվում է միայն մոտ 305 հազար հեկտարը: ԱԺ պատգամավորի կարծիքով, գյուղատնտեսության ոլորտում ոռոգման ջրի համակարգը թեեւ միակ կայացած համակարգն է, բայց ջրի սակագների թանկացման առումով  որոշակի խնդիրներ են առաջանում. «Ջրի մատակարարման հարցում դժգոհություններ չկան, բայց դժգոհություններ կան գների թանկացման հարցում, ոռոգման ջրի նախորդ տարվա  միջին գինը 9 դրամ էր, իսկ այս տարի 2 դրամով թանկացել է, մեկ հեկտարի հաշվարկով տարբեր մշակաբույսեր մշակելու պայմաններում ջրի գինը սկսվում է  նվազագույնը 55 հազարից եւ հասնում մինչեւ 100 եւ ավելի հազարների»: Պարոն Սարգսյանի կարծիքով, ոռոգման ջրի սուբսիդավորմանը 583 միլիոն դրամ հատկացնելու կառավարության նոր որոշումը եւս խնդրի լուծման հարցում էական դեր չի ունենա: Պատգամավորի խոսքով՝ մեզ մոտ մեքենատրակտորային մեխանիզացիայի մեծ պահանջարկ կա, եւ այդ ուղղությամբ էլ ոչինչ չի արվում: Նա մասնավորապես ընդգծեց, որ վերջին 11 տարիների ընթացքում Հայաստան է ներմուծվել ընդամենը 818 տրակտոր, մինչդեռ սովետական տարիներին ամեն տարի ներմուծվող տրակտորների թիվը հասնում էր 1000-ի:
«Չին-Վան» գյուղտեխնիկայի արտադրական ձեռնարկության տնօրեն Սամվել Նաջարյանն էլ ասաց, որ իրենց  6 տարվա գործունեության ընթացքում վաճառել են ընդամենը 250 տրակտոր. «Տարեկան 1000 տրակտորի պահանջարկ կա, բայց գյուղացին չունի անհրաժեշտ հնարավորությունները այդ մեխանիզացիան ձեռք բերելու համար: Ասենք, գյուղացին վարկերով ձեռք բերեց մեխանիզացիան, բայց չէ՞ որ իր արտադրանքը վաճառելու խնդիր ունի»: Ս. Նաջարյանի կարծիքով՝ ամեն տարի գյուղատնտեսության ոլորտին միլիարդների վնաս հասցնող կարկուտի դեմ պայքարելու համար  առաջին հերթին պետք է վտանգավոր գոտիները պահպանելուն ուղղված քայլեր ձեռնարկեն՝  այդ տարածքներում հակակարկտային կայաններ տեղադրելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել