Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ «ԿԼՊԵ՞Լ»

Մարտ 25,2010 00:00

Վիրտուալ վաճառականները հույս ունեն, որ իրենց թանկուկրակ ապրանքները սփյուռքահայերը կսպառեն՝ առանց գլխի ընկնելու դրանց շուկայական արժեքի մասին:

Փոքր ծաղկեփնջիկ, գինը՝ 53 հազար 700 դրամ:
Տորթ, 50×60 սմ, գինը՝  86 700 դրամ կամ $229.36:
Հարազատի գերեզմանին մոմ վառել, գինը՝ պայմանագրային:
Այս գնացուցակը զետեղված է հայկական ինտերնետային կայքերից մեկում՝ www.netshop.am-ում: Այդ կայքը ինտերնետային մի հսկայական խանութ է, որտեղ վիրտուալ ճանապարհով վաճառվում են տարբեր ապրանքներ ու առաջարկվում զանազան ծառայություններ՝ սկսած ժենգյալով հացի առաքումից մինչեւ հեռուստացույցների ու տեսախցիկների վերանորոգում, ալեհավաքների տեղադրում, անգլերեն-ռուսերեն տեքստերի թարգմանություն եւ նույնիսկ հարազատների գերեզմաններին վճարովի այցելություն: Իհարկե, շատ ուրախալի է, որ, ինչպես բոլոր զարգացած երկրներում, Հայաստանում նույնպես սկսել են ինտերնետի միջոցով ապրանքներ վաճառել ու քաղաքակիրթ ճանապարհով առաքել աշխարհի 180 երկրներ, սակայն երբ ուշադրություն ես դարձնում առաջարկվող ապրանքների գնացուցակին՝ պարզ է դառնում, որ կայքի հեղինակները կա՛մ սպառողներին լրիվ ապուշի տեղ են դրել եւ ուզում են անգամ քրջուփալասը ոսկու գնով վաճառել, կա՛մ բացարձակ տեղեկացված չեն Հայաստանում գործող շուկայական գներին եւ որոշել են ուղղակի գին «կրակել»: Հասկանալի է, որ այդ կայքը ստեղծված է հիմնականում սփյուռքահայերի կամ արտասահմանցիների համար, եւ գներն էլ սահմանվել են նրանց մասշտաբներով, սակայն երբ առաջարկվում են Հայաստանը խորհրդանշող այնպիսի ապրանքներ, որոնք չեն կարող չազդել հայրենիքը կարոտած մարդկանց վրա եւ դրանց համար առաջարկվում է անհեթեթ բարձր գին՝ դա ավելի շատ ոչ թե սովորական բիզնես է հիշեցնում, այլ վիրտուալ խաբեություն: Կայքում առաջարկվում է Ջիվան Գասպարյանի օգտագործած դուդուկը, որն է՝ «վերնիսաժային» սովորական դուդուկ՝ ծիրանի եւ տանձի ծառից պատրաստված, հուշանվեր՝ հայկական նուռ, նույնիսկ առաջարկվում է պայմանագրային գնով ավանդական «կարմիր խնձորի» զամբյուղ պատրաստել ու առաքել հարսի ծնողների տուն՝ դարձյալ պայմանագրային գնով՝ կախված մրգերի քանակից, կոնյակի ու կոնֆետեղենի որակից: Ընդ որում, առաջարկվող «կարմիր խնձորի» զամբյուղի լուսանկարում պարզ երեւում է, որ խնձորի փոխարեն զամբյուղը կապել են կարմիր տանձով ու կարմիր խաղողով:
Ընդհանրապես, կայքում առաջարկվող ապրանքների գնացուցակը տարակուսանք է առաջացնում. հետաքրքիր է՝ այդ գործարար-վաճառականները գնային ի՞նչ քաղաքականությամբ են առաջնորդվում ու որտեղից են վերցնում իրենց ապրանքների գները, քանի որ դրանք ապրանքի ինքնարժեքից տասնապատիկ թանկ են: Ընդ որում՝ ապրանքի  առաքման համար առանձին գումար է պետք վճարել՝ կախված հեռավորությունից ու պատվիրված ապրանքի մեծությունից: Այն դեպքում, երբ մայրաքաղաքի ամենաթանկ ու հեղինակավոր ծաղկի սրահներում սովորական կարմիր կակաչը վաճառվում է 300-350 դրամով, կայքում այն ներկայացված է 1100 դրամ՝ գումարած 500 դրամ՝ Երեւան քաղաքում առաքման համար: 22×15 սմ-անոց չափսով կոնֆետի համար նախատեսված կերամիկայից փոքրիկ ամանը, որը սրանից 10 տարի առաջ էր նորաձեւ համարվում, իսկ հիմա անգամ «Փեթակում» պարզապես «թափված» է ջրի գնով՝ կայքում ներկայացվում է որպես արվեստի իսկական գործ ու վաճառվում 11 900 դրամով: Հետաքրքիր են կոսմետիկաների գները: Այդ բաժնում ներկայացված են «Օրիֆլեյմի» արտադրանքները՝ անհամեմատ  բարձր գներով, քան դրանք առաջարկվում են ընկերության ամսագրերի ամենաթանկ գնացուցակով:   6 հազար դրամանոց օծանելիքները կայքում վաճառվում են 11-12 հազարով:
Ուշագրավ են հատկապես ակնհայտորեն սփյուռքահայերին ուղղված ու նրանց զգացմունքների նուրբ լարերին դիպչող առաջարկները: Խոսքը մասնավորապես հայրենիքում թողած գերեզմաններ այցելելու, մեռած հարազատի հոգու համար աղոթելու, մոմ վառելու ծառայության մասին է. «Եթե դուք ժամանակ չունեք կամ պարզապես շատ հեռու եք գտնվում հայրենիքից եւ այդ պատճառով չեք կարողանում այցելել ձեր հարազատների շիրիմներին, բայց մեղքի զգացումը ձեզ հանգիստ չի տալիս, մենք կարող ենք ձեր փոխարեն այցելել, հոգ տանել ձեր հարազատի գերեզմանի մասին, մաքրել այն, ծաղիկներ դնել կամ մոմ վառել հանգուցյալի հոգու հանգստության համար»: Այս ծառայության գինը պայմանագրային է, իսկ եթե միանգամից մի քանի գերեզմանի համար «պատվեր տան», ապա կլինեն զեղչեր:
Ցնցող են հատկապես տորթերի գները: Պարզ է, որ հայրենիքից հեռու գտնվողները չեն խնայի 40-50 հազար դրամը՝ Հայաստանի իրենց բարեկամին անակնկալ տորթ նվիրելու համար, մանավանդ որ, նրանք բացարձակ տեղյակ չեն Հայաստանում ձվի եւ ալյուրի գներին, որ մոտավոր պատկերացում կազմեն տորթերի շուկայական արժեքի մասին: Կայքի հեղինակները դրա վրա էլ «խաղում» են: Տեսնելով առաջարկվող տորթի լուսանկարը, չափսը եւ դրա համար առաջարկվող գինը՝ կարելի է կարծել, թե տորթի մեջ ոսկու ձուլակտորներ են դրել եւ արանքներում էլ ադամանդներ են շարել, մինչդեռ, ծանոթանալով բաղադրությանը, պարզ է դառնում, որ այն սովորական բեզեից պատրաստված 4000-5000 դրամանոց տորթերից է, որը վաճառվում է 30-40 հազար դրամով: Ընդ որում, կայքի հեղինակները, հրավիրելով սպառողների ուշադրությունը՝ զգուշացնում են, որ «Հայաստանում սննդամթերքի գնաճի պատճառով տորթերի արժեքը 15%-ով թանկացել է», փաստորեն, իրական գները ներկայացվածից դեռ 15% էլ բարձր են: Ամենաթանկ սուպերմարկետից գնելով 3 տանձ, 2 նարինջ, 4 խնձոր եւ 1 անանաս՝ կվճարես առավելագույնը 20 հազար դրամ, մինչդեռ այդքան միրգը կայքում առաջարկվում է «աննախադեպ ցածր գնով»՝ 69 200 դրամով:
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանում է այն տնտեսվարողներին, որոնք սպառողների հաշվին գերշահույթներ են ստանում ու որոշում են ինքնարժեքից անհամեմատ բարձր գնով վաճառել իրենց արտադրանքը: Տվյալ դեպքում գործ ունենք վերավաճառողների հետ, իսկ վերավաճառողների շուկան, որպես կանոն, դուրս է հարկային դաշտից ու պետական վերահսկողությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել