Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեղամյանը չի մտածել, Հովհաննիսյանը չի կարծում

Մարտ 25,2010 00:00

Քոչարյանի հարցազրույցի շուրջ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հավակնություններն առավել առարկայական են դառնում: Ուշագրավ էր նրա վերջին հարցազրույցը, որտեղ պարոն Քոչարյանը քննադատում է ներկայիս իշխանության վարած հենց տնտեսական քաղաքականությունը: Թերեւս արժե պարոն Քոչարյանին հիշեցնել իր իսկ խոսքերը, երբ պատասխանելով «Հազարամյակի մարտահրավերներ»-ի գրասենյակին՝ հայտարարում էր, թե Հայաստանն իր գլխի ճարն ամեն դեպքում կտեսնի: Հավանաբար, նախկին նախագահը նկատի ուներ «սեւ օրվա» համար տնտեսած իր պահուստնե՞րը: Ամեն դեպքում՝ արդյոք դա՞ էին սպասում մարդիկ Ռոբերտ Քոչարյանից: Տնտեսական թեմաներով դժգոհություններն առանց այդ էլ ամեն օր հնչում են եւ կոալիցիոն, եւ ոչ կոալիցիոն ուժերի շուրթերից: «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը այդ կապակցությամբ ասաց. «Պարզապես երկրի նախորդ նախագահն իր տեսակետներն է հայտնել՝ կապված Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականության հետ, եւ արհեստական կրքեր բորբոքել պարոն Քոչարյանի այդ հարցազրույցի հետ կապված, կարծում եմ, նպատակահարմար չէ»: Հավանական համարո՞ւմ եք Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն՝ հարցին էլ ասաց. «Ես ուղեղս այդ ուղղությամբ չեմ լարել, որ կարողանամ ձեր հարցին պատասխանել»: Իսկ հնարավոր համարո՞ւմ է արտահերթ ընտրությունները՝ Գեղամյանը պատասխանեց, որ 21-րդ դարում որեւէ բան բացառելն անիմաստ զբաղմունք է: Պատրա՞ստ է իր ղեկավարած կուսակցությունը հնարավոր արտահերթ ընտրություններում մասնակցել քաղաքական գործընթացներին. «Մեր կուսակցությունն իր ամենօրյա գործունեությամբ ապացուցում է, որ ձեռքը դրել է երկրի քաղաքական զարկերակի վրա՝ դրանից բխող համապատասխան աշխատանքները կուսակցության ներսում կազմակերպելով»,- համեստորեն նկատեց Արտաշես Գեղամյանը:
Իսկ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման առիթով նկատեց, որ հայ իրականության մեջ քաղաքական պայքարը վերածվում է նոմենկլատուրաների պայքարի, երբ նախկին նախագահներն իրենց թիմերով հավակնում են վերադարձի. «Դրա արդյունքում քաղաքական դաշտը բնականոն չի զարգանում, այլ համախմբվում է նախկին նախագահների շուրջ, եւ առաջանում են ոչ թե գաղափարական, այլ անձնավորված խմբավորումներ»: Հմայակ Հովհաննիսյանը Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան ներկայիս հարաբերություններն առաջարկում է գնահատել՝ հաշվի առնելով նրանց համատեղ անցած ճանապարհը. «Դեռ խորհրդային տարիներից այդ երկու անհատականությունները միշտ միասին աշխատել եւ սերտորեն համագործակցել են: Նրանց դերերը պարբերաբար փոխվել են. հիմա էլ Սերժն առաջինն է, Քոչարյանն էլ հավակնում է լինել երկրորդը: Բայց հաշվի առնելով մարտիմեկյան ողբերգությունները՝ Սերժ Սարգսյանը եթե նույնիսկ շատ ցանկանար, չէր կարող վերականգնել իրենց տանդեմը»: Ամեն դեպքում, Հմայակ Հովհաննիսյանը Քոչարյանի սույն քննադատությունը չի դիտարկում նրա վերադառնալու բացահայտ ցանկություն. «Սա նաեւ պայմանավորված էր օբյեկտիվ մտահոգություններով: Իրավիճակն իսկապես ծանր է, եւ Քոչարյանը չի ցանկանա Բագրատյանին կամ Կոնգրեսին զիջել այս իրավիճակից դիվիդենդներ քաղելու հնարավորությունը: Հնարավոր է, որ ապրիլի 6-ից ՀԱԿ-ն ավելի հաճախ հանրահավաքներ անի, մոտ ապագայում՝ նույնիսկ անժամկետ: Քոչարյանը նպատակ է հետապնդում Կոնգրեսից հասարակության դժգոհ հատվածի մի մասն իր կողմը գրավելու, քանի որ նրանք համախմբվելու են Կոնգրեսի կարգախոսների ներքո: Դժգոհ մասսան գնալով ավելի է աճելու: Այս պարագայում Քոչարյանը ոչ միայն եւ ոչ այնքան խնդիր ունի Սերժ Սարգսյանի, որքան Կոնգրեսի հետ: Այն Կոնգրեսի, որ Հաագայի դատարանից պահանջում է նրան պատասխանատվության ենթարկել մարտի 1-ի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել