Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԴՈՒՐ Է ԵԿԵԼ ՄԻԱՅՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՎԱՔՆԵՐՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԴՐՈՒՅԹԸ

Մարտ 25,2010 00:00

\"\"Սա երեւում է այն պատասխանից, որով ՀՀ կառավարությունն արձագանքել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի հարցմանը:

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի մարտի 17-ի նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ինչպես պատմել էր «Առավոտին»՝ իր ելույթում ասել էր. «Լավ կլինի, որ համազեկուցողներն անձամբ ծանոթանան այն նամակի պատասխանին, որն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը ստացել է կառավարությունից՝ «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում առկա առաջարկների հետ կապված, եւ գնահատեն այն: Այդ պատասխանի 30 կետերը շա՛տ հետաքրքիր բացահայտում են անում, եւ ըստ էության՝ պատասխանից պարզ է դառնում, որ Հայաստանի իշխանությունները նման մոտեցումներով չեն կարող տեղավորվել ժամկետների մեջ: Եվ այս խնդիրները դեռ երկա՛ր կարող են մնալ չլուծված»:
Կառավարության 34 էջանոց պատասխանը տեղադրված է ԱԺ կայքում: Եվ կարելի է հետեւություն անել, թե որքանով է տեղին Ռուստամյանի վերոհիշյալ գնահատականը: Հիշեցնենք, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովը խնդրել էր ներկայացնել տեղեկատվություն ՀՀ կառավարության այն միջոցառումների մասին, որոնք իրականացվել կամ նախատեսվում են իրականացվել «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկություններից յուրաքանչյուրի առնչությամբ: Մեջբերենք պատասխանների մի քանի օրինակներ:
Ասենք՝ որպես 14-րդ կետ նշված է ժամանակավոր հանձնաժողովի հետեւյալ առաջարկը. «Ապահովել խոսքի ազատություն, պայմաններ ստեղծել էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմակարծության եւ անկողմնակալության ապահովման համար»: Կառավարությունն ի պատասխան մասնավորապես գրել է. «Մեկ ամսով Հայաստանից աշխատանքային խումբ կուղարկվի Իտալիա, որը տեղում կծանոթանա հեռուստառադիոհեռարձակման թվայնացման գործում Իտալիայի փորձին: Իտալացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել պատրաստել Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության թվայնացման վերաբերյալ բիզնես ծրագիր, որը կընդգրկի թվայնացման գործընթացի տեխնիկական եւ ֆինանսական կողմերը»: Չենք անդրադառնա, թե որքանով է հատկապես Իտալիայի փորձը կրկնօրինակման արժանի: Առավել ուշագրավ է, որ կառավարությունը վստահ է, թե նման «քայլերի իրականացման արդյունքում պայմաններ կստեղծվեն երկրում խոսքի ազատության, ինչպես նաեւ էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմակարծության եւ անկողմնակալության ապահովման համար»:
17-րդ առաջարկն է՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելով՝ բացառել այդ միջոցառումների «իրազեկումները տեխնիկական հիմքերով մերժելը կամ այլ անհարկի սահմանափակումներ կիրառելը»: Կառավարությունը պատասխանել է, թե այդ օրենքում «չկան անհարկի սահմանափակումներին վերաբերող դրույթներ, եւ այդ առումով նշված օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը չկա: Միաժամանակ ընդունելի ենք համարում 19-րդ կետով նախատեսված առաջարկությունը, որի համաձայն՝ հիշյալ օրենքում փոփոխություն կատարելու միջոցով պետք է լուծվի դատավարությունների ընթացքում դատարանների անմիջական մերձակայքում հավաքների անցկացման բացառման հարցը»: Վերջին առաջարկը հանձնաժողովն արել էր՝ բացառելու համար «արդարադատության իրականացման վրա բացասական ազդեցության գործադրումը»:
22-րդ առաջարկն է «Հաստատել սոցիալական համերաշխություն եւ արդարություն, սահմանել կենսապահովման նվազագույն զամբյուղ ու բյուջե եւ աղքատության շեմը համապատասխանեցնել դրան, ինչպես նաեւ դրա հաշվառմամբ հետեւողական բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները, ապահովել հասարակության համախմբումը ու ներքաղաքական կայունությունը»: Կառավարության պատասխանը սրան 4 էջ է, որի մեխն այս նախադասությունն է. «Նախատեսվում է հաստատել սոցիալական համերաշխություն եւ արդարություն, սահմանել կենսապահովման նվազագույն զամբյուղ ու բյուջե եւ աղքատության շեմը համապատասխանեցնել դրան, ինչպես նաեւ դրա հաշվառմամբ հետեւողական բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները, ապահովել հասարակության համախմբումը ու ներքաղաքական կայունությունը»:
Հանձնաժողովն առաջարկել է ձեւավորել «տնտեսության արդյունավետ ճյուղային կառուցվածք, իրագործել արտահանման կողմնորոշում ունեցող արդյունաբերական քաղաքականություն, տարածքային համաչափ զարգացում»: Ի պատասխան մասնավորապես նշվել է. «ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Զվարթնոց օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին» եւ «Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու» հայեցակարգերը»: Ու հավելել են. «Նշված միջոցառումների իրականացումը լուրջ խթան կարող է հանդիսանալ տարածքային համաչափ զարգացման համար»:
Ի դեպ, ընդհանրապես պատասխան չկա «կատարելագործել սեփականության իրավունքի պաշտպանության համակարգը եւ ապահովել ներդրողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, փոքր ու միջին գործարարությանը աջակցությունը, ինչպես նաեւ միջին խավի ձեւավորման հետեւողական քաղաքականության իրագործումը» առաջարկին:
Արմեն Ռուստամյանից հավելյալ հետաքրքրվեցինք, թե հատկապես ո՞ր դրույթն է, որ տեղիք է տվել եզրակացության, թե այս խնդիրները դեռ երկա՛ր կարող են մնալ չլուծված. «Նախ՝ 10 զոհերի մահվան հանգամանքների պարզաբանման հետ կապված: Մյուս կարեւոր հարցը, որ վերաբերում է հանրահավաքների ազատությանը. նրանք համարում են, թե օրենքն առանձնապես պետք չի փոխել: Կառավարությունը պատասխանն այնպես է գրել, որ ստացվում է, թե միակ դրույթը, որ իրենց դուրը եկել է՝ կապված է նրա հետ, որ դատարանների շուրջ հավաքներ չլինեն: Այսինքն՝ իրենք մտածում են, որ ավելի շատ քչացնեն հավաքատեղիների հնարավորությունը, քան թե մեծացնեն հավաքներ անցկացնելու հնարավորությունը: Կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական խնդիրների հետ կապված պատասխանները. «Մարտի 1»-ի հանձնաժողովի եզրակացության մեջ մենք մտցրել ենք այն օբյեկտիվ պատճառները, որոնք առաջացրել են ժողովրդի ընդվզումը՝ այն նաեւ սոցիալական հիմքեր ունի: Եվ այդտեղ մենք արձանագրել ենք, որ չի իրականացվում սոցիալական ճիշտ քաղաքականություն՝ կենսապահովման զամբյուղի հետ կապված: Ի պատասխան՝ ինչ-որ փաստեր բերել են, բայց ի վերջո պարզ չի դառնում՝ իրենք առաջնորդվելո՞ւ են այդ քաղաքականության իրականացման ուղղությամբ, թե՞ ոչ: Ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում 70-80%-ը բավական հաջողված պահանջներ են: Մենք դրա համար էլ պահանջում էինք, որ առանձին մոնիտորինգի հանձնաժողով ստեղծվի եւ ոչ թե այդ գործառույթը վերապահվի միայն պետաիրավական հանձնաժողովին, որն առանց այդ էլ ծանրաբեռնված է, եւ եթե մենակ սա փորձի մոնիտորինգ անել ամբողջությամբ՝ ժամանակը չի հերիքի»:
Հարցին՝ հունվարից այս հանձնաժողովն արդեն սկսել է մշտադիտարկումը՝ համարո՞ւմ է, որ այն արդյունավետ է, պրն Ռուստամյանը պատասխանեց. «Ոչ: Չի կարող արդյունավետ լինել: Մանավանդ՝ մենք շատ կարճ ժամկետների մասին պիտի խոսենք, չէ՞: Շուտով Հայաստան են ժամանելու համազեկուցողները՝ ճշտելու ժամանակացույցը, եւ առնվազն ընտրությունների հետ կապված շատ սեղմ ժամկետներ նշվեցին քննարկման ժամանակ՝ իրենք ասում են, թե մինչեւ տարեվերջ պիտի ամբողջացվի «Ընտրական օրենսգիրքը», ու վստահ եմ՝ մյուս բոլոր հարցերում էլ իրենք ակնկալում են արագ լուծում: Բայց ես չեմ տեսնում, թե դրան կարող ենք հասնել: Նաեւ մոնիտորինգն անցկացնող ԱԺ պետաիրավական հանձնաժողովը պետք է նպաստի, որ այդ ժամանակացույցը օբյեկտիվ, իրական լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել