Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ FIDH-Ի ՀՐԱՎԵՐԸ ՄԵՐԺԵՑ

Մարտ 25,2010 00:00

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը երեկ բաց նամակով դիմել է ապրիլի 6-8-ը Երեւանում տեղի ունենալիք «Արդարադատություն. Անկախ դատարանի առջեւ արդյունավետ պաշտպանության իրավունք. Նոր մարտահրավերներ» թեմայով միջազգային ֆորումի կազմակերպիչ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուհայր Բել Հասենին: Նամակում նշված է, որ Վարդան Հարությունյանի ղեկավարած կենտրոնն այդ ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել. «Մեկ այլ իրավիճակում այս հանգամանքը միգուցե մեզ ուրախացներ, եւ մենք հաճույքով ընդունեինք Ձեր հրավերը: Բայց այսօր Հայաստանում այլ իրավիճակ է»: Եվ իրավապաշտպանը մանրամասն հիշեցրել է 2008թ. նախագահական ընտրությունների եւ դրանց հաջորդած զարգացումների մասին ու հավելել. «Այս 2 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել: Ընդհակառակը՝ վիճակն էլ ավելի է բարդացել: Շարունակվում են քաղաքական հետապնդումները, դատարանները բացահայտ կերպով ծառայում են գործող իշխանություններին, ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարները զրկվում են բիզնեսից, խոչընդոտվում է ազատ երթեր եւ ցույցեր իրականացնելու իրավունքը: Իրավիճակին իրենց գնահատականն են տվել ԵԽԽՎ-ն իր 1609, 1620, 1643 1677 բանաձեւերով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը. ԱՄՆ պետդեպարտամենտը, Freedom House եւ Human Rights Watch միջազգային կազմակերպությունները»: Վարդան Հարությունյանը գրել է. «Եվ ահա այս ֆոնին Դուք մեզ հրավիրում եք մի համաժողովի, ուր ելույթով հանդես են գալու վերը թվարկված անօրինականությունների հեղինակներն ու իրականացնողները, իսկ մենք հայտնվելու ենք լոկ լսողի դերում եւ զրկված ենք լինելու պատասխան խոսք ասելու հնարավորությունից: Մենք հակված չենք մտածելու, որ Դուք կանխամտածված կերպով Ձեր առաջ խնդիր եք դրել ամեն կերպ օգնել հայաստանյան իշխանություններին՝ ինչ-որ չափով լեգիտիմացնելով նրանց, բայց Ձեր ֆորումը, անկասկած, դրան է ծառայելու, ինչին որեւէ կերպ մասնակցել մենք չենք ցանկանում: Հրավերի համար հայտնելով Ձեզ մեր շնորհակալությունը՝ ստիպված ենք տեղեկացնել, որ մենք բացառում ենք համաժողովին մեր մասնակցությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել