Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոնգրեսական լուրեր

Մարտ 25,2010 00:00

Հանդիպել են դիվանագետների հետ

Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ տնտեսական հանձնախմբի ներկայացուցիչներ Հրանտ Բագրատյանը, Բագրատ Ասատրյանը, Վահագն Խաչատրյանն ու Վահագն Ղազարյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված Եվրամիության, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Լիտվայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի դեսպաններին եւ դիվանագետներին, ինչպես նաեւ ԵՄ պատվիրակության ղեկավարին: Հանդիպման ընթացքում Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները դիվանագետներին են ներկայացրել «100 քայլ» տնտեսական համակարգային վերափոխումների ՀԱԿ-ի ծրագիրը, որի առանցքային նպատակներից են հարկային բեռի տեղափոխումը մանր ու միջին բիզնեսից դեպի խոշոր օլիգարխիկ բիզնես, մրցակցության խրախուսումը եւ ձեռնարկատիրական գործունեության մեջ հասարակության լայն շերտերի ներգրավումը:
Ծրագրի ներկայացումից հետո ծավալված քննարկման ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին: Քննարկվել են մասնավորապես ծրագրի խնդրահարույց համարված մի քանի գաղափարներ, ինչպիսիք են՝ կապիտալի արտահանման հարկի ներդրման, բանկերի հիմնադիր կապիտալի նվազագույն շեմի իջեցման եւ քաղաքականությամբ զբաղվող գործարարների ձեռնարկությունները պետական կառավարմանը հանձնելու վերաբերյալ կետերը:

Տեղական իշխանիկները խափանել են ՀԱԿ-ի հանդիպումը

2010թ. մարտի 27-ին նախատեսվում էր հանդիպում Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների եւ Կոնգրեսի Գյումրիի տարածքային կառույցի ակտիվի ու նաեւ համակիրների հետ, որի ընթացքում քննարկվելու էին ինչպես արտաքին մարտահրավերներին վերաբերող, այնպես էլ ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական բնույթի՝ մասնավորապես վերջին թանկացումներով պայմանավորված հարցեր: Սակայն, ինչպես ասված է Կոնգրեսի երեկ տարածած հայտարարության մեջ, «նախատեսված հանդիպումն առայժմ չի կայանա, քանի որ նախապես պայմանավորված երկու դահլիճների պատասխանատուները, իշխանությունների ճնշման տակ, առանց լուրջ պատճառաբանության հրաժարվեցին դահլիճ տրամադրելուց»:
ՀԱԿ-ի Գյումրիի տարածքային գրասենյակը խստագույնս դատապարտել է իշխանությունների կողմից վարվող ճնշման եւ հետապնդման անպատվաբեր ու անհեռանկար քաղաքականությունը եւ հայտարարել «ի հեճուկս իշխանական տարատեսակ խարդավանքների մինչեւ հաղթանակ պայքարելու» իր վճռականության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել