Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶՈԼԱՎՈՐ ՀԱԳՈ՞ՒՍՏԸ ՊԻՏԻ ԽԱՆԳԱՐԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Մարտ 25,2010 00:00

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը կարծում է՝ այո

Եթե հետեւենք Հայաստանում այս տարվա ընթացքում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների հետագծին, ապա պետք է, թերեւս, արձանագրենք, որ առաջին եռամսյակի կտրվածքով այն ավելի բարենպաստ էր ոչ այնքան ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա կառավարության, որքան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար: Վերջինս այս տարեսկզբից ի վեր գործող նախագահին գրեթե հավասար արտասահմանյան «վոյաժներ» կատարեց: Հունվարի սկզբներին նա այցելեց Մոսկվա, հունվարին մեկնեց Իրան ու հանդիպեց այդ երկրի գործող նախագահին եւ ԱԳ նախարարին, հետո Սերժ Սարգսյանի հետ միաժամանակ հասցրեց լինել Փարիզում: Հիմա՝ «Մեդիամաքսին» տված եւ թվում էր թե՝ իր քաղաքական թիմը հանդիսացող գործող իշխանության տնտեսական քաղաքականությունը «քլնգող» եւ երկրում աժիոտաժ առաջացրած հարցազրույցից հետո նա էլի Մոսկվայում է: «Առավոտի» տեղեկություններով, Քոչարյանը վերադառնալու էր երեկ երեկոյան կամ այսօր: Այն ժամանակ վերլուծաբաններն ու քաջատեղյակ մարդիկ Քոչարյանի՝ Մոսկվա, Թեհրան ու նույնիսկ Փարիզ կատարած այցերը բացատրում էին գործող նախագահ Սերժ Սարգսյանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ վարվող բանակցություններում օգնելու՝ օտարերկրյա նախկին նախագահներին այդ խնդրի շուրջ իր օրոք ձեռք բերված ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին հիշեցնելու հանգամանքով: Բայց հիմա նաեւ Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումները ամենեւին էլ չեն խոսում Սարգսյանին օգնելու Քոչարյանի մտադրության մասին: Երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն անդրադառնալով Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան արդեն ակնհայտ դարձող հակասություններին՝ ակնարկեց, թե՝ դա ամենեւին էլ բեմադրված եւ պայմանավորված ներկայացում չէ. «Ես դա լուրջ եմ համարում: Ամեն ինչ չի, որ խաղ է»:
Հիշեցնենք, որ նախկին ԱԳ նախարար Օսկանյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն են, որ քննադատում են մեկը՝ Սերժ Սարգսյանի վարած արտաքին, մյուսը՝ տնտեսական քաղաքականությունը: Ավելին, երեկ էլ «Ազատությանը» տված հարցազրույցում ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն է հայտարարել, թե ինքն ուրախացել է՝ կարդալով Քոչարյանի հարցազրույցն ու տնտեսական քաղաքականությանը տված նրա «ախտորոշումն» ու «դեղամիջոցը», որի հետ համամիտ է: Այս գործընթացներից բխող եզրակացությունը ոչ միայն ընդդիմության, այլեւ անկախ վերլուծաբանների դիտարկմամբ՝ վկայում է, որ Քոչարյանն ուզում է ակտիվ քաղաքականություն վերադառնալ՝ հավակնելով զբաղեցնել, օրինակ՝ ՀՀ վարչապետի պաշտոնը: Հատկապես վերջին օրերին կարծիք է հնչում, թե Քոչարյանի լոբբինգն այդ հարցում իրականացնում են կոալիցիայի նրա գործընկեր ուժերը, որ Հայաստանում ներիշխանական կամ պալատական «հեղաշրջում» է հասունանում: Բայց, ի տարբերություն վերլուծաբանների, ընդդիմությունը կարծում է, որ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու եւ իշխանության գալու որեւէ շանս եւ ռեսուրս չունի: ՀՀԿ-ականներն իրենց հերթին շեշտում են, որ Քոչարյանը Քոչարյան էր, իսկ նրա վարած տնտեսական քաղաքականությունն արդյունավետ էր, որովհետեւ նրան պաշտպանում էր ՀՀԿ-ի նման հզոր կուսակցություն: Երեկ էլ «Առավոտի» հետ զրույցում ի պատասխան ներիշխանական դավադրության մասին մեր հարցին՝ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասաց, թե՝ ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն ունի ու դավադրությունից չի վախենում: Մեր դիտարկմանը, թե՝ 1998-ին էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն խորհրդարանում մեծամասնություն էին կազմում, բայց դավադրության զոհ դարձան, ասաց. «Այն ժամանակ նախագահը քնած էր: Հիմա նախագահը շատ աշխույժ, առողջ ու շրջահայաց է»:
Իսկ ինչո՞ւ է Դ. Շահնազարյանը կարծում, որ Քոչարյանի հույսերը, թե՝ իշխանությունը կարող է իրեն փոխանցվել, չեն արդարանա: Ի՞նչն է դրան խանգարելու: «Քոչարյանն այն սուբյեկտը չի, որ կարող է իշխանություն ստանձնել»,- պնդեց Դ. Շահնազարյանն ու հավելեց, թե ՀՀ երկրորդ նախագահին կխանգարի, ինչպես ընդդիմադիր գործիչն ասաց՝ զոլավոր հագուստը՝ եթե նույնիսկ ՀՀԿ-ականներն են ասում, որ դեռ նրա արած մարտի 1-ը պիտի մարսեն, ՀՀԿ-ական Ռազմիկ Զոհրաբյանին մեջբերեց Դավիթ Շահնազարյանը: Որ նաեւ այդ «զոլավոր հագուստը» կարող է կանխել վերստին իշխանության գալու Քոչարյանի ախորժակը՝ ընդդիմությունը չի կասկածում: Նրա՝ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարանում դատելու հույսերը դեռ չեն մարել: Երեկ էլ Դ. Շահնազարյանը «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց, թե՝ Հաագայի դատարանին ներկայացվող համապատասխան հայցը դեռ չի ուղարկվել տեխնիկական պատճառներով, բայց մոտ օրերս կուղարկվի: Իհարկե, Քոչարյանին Հաագայում ամբաստանյալի աթոռին տեսնելու բավարար իրավական հիմքեր կարծես թե չկան՝ ոչ այն պատճառով, որ Քոչարյանն այդ դատարանի առաջ կանգնելու համար համապատասխան հանցանքներ չի գործել: Արդեն նշվել է, որ Հայաստանը Հռոմի ստատուտի անդամ չէ: Բայց նույնիսկ ընդդիմության ճամբարում չեն հերքում, որ այդպիսի գործընթաց սկսելու ազդակները գալիս են «դրսից» եւ նպատակ ունեն կանխելու Քոչարյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն: Մեր մի քաջատեղյակ զրուցակիցը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, մեզ հուշեց, որ այդ ազդակները պայմանավորված են ԼՂ հարցի կարգավորման գործընթացով: Մեր այն հարցին՝ ի՞նչ կարող է անել պաշտոնաթող նախագահ Քոչարյանը ԼՂ կարգավորման հարցում, այսպիսի պատասխան ստացանք. «Քոչարյանը հատկապես վերջին շրջանում հաճախ է հայտնվում այնտեղ, որտեղ քննարկվում է ԼՂ հարցի կարգավորման հեռանկարը՝ Մոսկվա, Փարիզ, մարդկանց ինչ-որ պայմանավորվածությունների մասին է հիշեցնում: Հիմա որոշ ուժեր նրան հասկացնել են տալիս, որ իր պայմանավորվածություններն ընդհանրապես չեն աշխատելու, առավել եւս, եթե նա փորձի շանտաժի լեզվով խոսել, եւ ակնարկում են, որ դա կարող է վատ ավարտ ունենալ»: Այսինքն՝ Հաագայի վտանգո՞վ են սպառնում: Թերեւս՝ այո: Սա էր մեր զրուցակցի արձագանքը: Իհարկե, այդ «դրսից» եկող ազդակները շատ քիչ են կապված «ներսում» ընթացող պրոցեսների հետ, որովհետեւ մեր քաջատեղյակ աղբյուրի ասելով, այն մարդիկ, ովքեր Քոչարյանի PR-ն են անում, նրա համար հասարակական հող չեն կարող նախապատրաստել: «Տպավորություն կա, որ Քոչարյանը հիմա ավելի շատ դրսի պարտնյորների հետ է աշխատում: Ներսում նրա վերադարձին տոն տվողներ կան, բայց դրանք դիսկրետ գործընթացներ են, որոնք արտաքին ազդակների հետ կապ չունեն: Օսկանյանի հայտարարությունները՝ միգուցե, մյուսներինը՝ ոչ»:
Եվ ուրեմն՝ ո՞րն է Քոչարյանի ակտիվության շարժառիթը: «Նա «վաբանկ» է գնում, որովհետեւ կարծում է, որ Սերժը համակարգը չի կարողանում պահել, եւ իրենց թիմը խոշոր հաշվով տանուլ է տալիս: Քոչարյանի ակտիվությունը հենց այդ վտանգի զգացողության արդյունքն է: Դա ինքնապահպանման բնազդ է: Նա ուղղակի մտածում է, որ Սերժն իր 10 տարի շարունակ ստեղծած համակարգը փլուզելու է, իսկ եթե համակարգը փլուզվի, ինքը անվտանգության որեւէ երաշխիք չի ունենալու ոչ միայն «դրսում», այլեւ «ներսում»: Հիմա Քոչարյանը փորձում է դեռ կենդանության նշաններ ցույց տվող իր քաղաքական թիմին ներշնչել, որ եթե ինքը համակարգում լինի, համակարգն ավելի կայուն կլինի»,- կարծիք հայտնեց «Առավոտի» աղբյուրը՝ հավելելով, որ իշխանության վերադառնալու նրա հույսերն ու 98-ի կրկնության հնարավորությունը մեծապես կախված են նաեւ ուժային կառույցների տրամադրվածությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել