Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ԿԱՐԾԻՔ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ

Մարտ 25,2010 00:00

Վստահ է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը

\"\"ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Մեդիամաքսին» երեկվանից քննարկվում է քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների կողմից, սակայն գաղտնիք չէ, որ ինչ էլ ասեն այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հասկանալի պատճառներով ամենից էականը լինելու է այն, ինչ այդ մասին կասեն իշխող հանրապետականները: Մինչեւ օրվա վերջ հանրապետականները չէին արձագանքել այս հարցազրույցին: Սակայն ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ինչպես միշտ, պատրաստակամ էր պատասխանել «Առավոտի» հարցերին: Մեր զրույցի ընթացքում փորձեցինք ճշտել ՀՀԿ-ի դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանի կողմից հնչեցված մի շարք քննադատական կարծիքներին: Մասնավորապես, նախկին նախագահը հանդես գալով գրեթե վարչապետական տեսանկյունից՝ խոսել էր բացառապես տնտեսության մասին, անգամ առաջարկներ էր արել, թե ինչպես վերականգնել տնտեսությունը: Մենք տեղեկացրեցինք ՀՀԿ մամուլի խոսնակին, որ նախկին նախագահի այս հարցազրույցը մարդկանց մոտ տպավորություն է ստեղծել, որ Ռոբերտ Քոչարյանը արդեն վերադարձել է քաղաքականություն եւ անգամ վարչապետական հայտ է ներկայացրել: Հարցրինք՝ կա՞ այս տեսակետի մեջ ճշմարտություն: Ի պատասխան՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Նախ նշեմ, որ քաղաքականություն վերադառնալ-չվերադառնալու հարցը յուրաքանչյուր անհատ ինքն է որոշում, եւ բացառապես նախկին նախագահի իրավունքն է՝ վերադառնա՞լ քաղաքականություն, թե՞ չվերադառնալ»: Պարոն Շարմազանովը հիշեցրեց, որ միջազգային պրակտիկայում ընդունված է, որ նախկին նախագահները այս կամ այն կարեւորագույն իրադարձության, տնտեսական այս կամ այն քայլի հետ կապված իրենց կարծիքը հայտնեն: Ըստ մեր զրուցակցի. «Եվ քանի դեռ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ նրա գրասենյակը չեն հայտարարել, որ նա վերադառնում է քաղաքականություն, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից: Իսկ ինչ վերաբերում է երեկ հարցազրույցում հնչեցրած նրա գնահատականներին, ապա եւս մեկ անգամ նշեմ, որ երկրորդ նախագահը օգտվել է իր իրավունքից: Դա իր կարծիքն է, եւ ես տնտեսագետ չեմ, որպեսզի մանրամասն վերլուծեմ նրա կարծիքը կամ բանավիճեմ: Պարզապես կարող եմ տալ քաղաքական գնահատական՝ ինչպես ցանկացած այլ քաղաքական գործիչ, երկրորդ նախագահը եւս ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք»: Հարցրինք նաեւ՝ մի՞թե նախկին նախագահի խոսքում պարոն Շարմազանովը չի նկատել Տիգրան Սարգսյանի կառավարությանն ուղղված քննադատություն: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք գոհ են գործող վարչապետի վարած տնտեսական քաղաքականությունից. «Մեր կարծիքը շատ հստակ է, եւ մեկ անգամ չէ, որ Հանրապետականն իր կարծիքն արտահայտել է: Տիգրան Սարգսյանի կառավարությունը կարող է լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են մեր հասարակության առջեւ, եւ կառավարությունը կարող է մեղմացնել համաշխարհային ճգնաժամի հետեւանքները»:
Քանի որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բավականին հետաքրքիր հայտարարություններ էր արել Սիրիայում՝ Դեր Զոր այցելելով, անշուշտ, անդրադարձանք նաեւ նախագահի այդ հայտարարություններին: Ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի. «Նախագահի ելույթը եւս մեկ անգամ մատնանշեց, որ մեր իշխանությունների համար Հայաստանը եւ Սփյուռքը մեկ միասնություն են, ավելին, իր ելույթում նախագահը եւս մեկ անգամ խոսեց Ցեղասպանությունից փրկված հայերի ճակատագրի եւ Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: Նախագահը հայտարարեց. «Ես հիմա այստեղ եմ որպես համայն հայության հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության նախագահ հարցնելու՝ իսկ ե՞րբ եւ որտե՞ղ է հայերի Նյուրենբերգը»: Ավելին, առանց անուն տալու նախագահը նշեց, որ, ցավոք սրտի՝ ամենաբարձր ամբիոններից այսօր հնչող սպառնալիքները վկայում են, որ 21-րդ դարում ամենամեծ մարտահրավերը ահաբեկչությունն է, ավելին, պետական ահաբեկչությունը՝ եւս մեկ անգամ շեշտելով Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Այսքանից հետո մենք ասում ենք, որ պատրաստակամ ենք ժամանակակից Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական կանոնավոր հարաբերություններ, պատրաստակամ ենք ջանքեր գործադրել Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների միջեւ վստահություն ձեւավորելու ուղղությամբ, պատրաստ ենք մոտեցնել մեր հասարակությունները՝ ցրելով կարծրատիպերը ու իրականության հետ կապ չունեցող միֆերը»: Ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի՝ «ՀՀ նախագահի այս ելույթը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ մենք գործ ունենք ազգային պետական գործչի եւ տարածաշրջանային առաջնորդի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել