Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ մայրաքաղաքում բացվել է մասնագիտացված կլինիկա՝ այն երեխաների եւ պատանիների համար, ովքեր կախվածություն ունեն ինտերնետից եւ վիդեոխաղերից: Կլինիկայի բացման նախաձեռնություն է հայտնել «Capio Nightingale» մասնավոր հոգեբուժարանը, որը տեղակայված է Կենտրոնական Լոնդոնում: Հաստատության տնօրենները, ծնողների բազմաթիվ զանգերից հետո, որոշել են այդպիսի ծառայություններ մատուցել, քանզի ծնողներին անհանգստացնում էր այն, որ իրենց երեխաները կախում ունեն ինտերնետից, վիդեոխաղերից, ինչպես նաեւ բջջային հեռախոսներից: Կլինիկայի հիվանդները 12 տարեկանից բարձր անչափահասներն են լինելու, սակայն ենթադրվում է, որ կլինիկայի ծառայություններն առավելապես անհրաժեշտ կլինեն 15-17 տարեկան դեռահասներին: Ինչպես նշեց նոր հաստատության ղեկավար Ռիչարդ Գրեհեմը, այսպիսի հիվանդների բուժմամբ զբաղվում են ընդհանուր կախվածություն բուժող կլինիկաներում, սակայն, տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, հոգեբանական խանգարումները պահանջում են նմանօրինակ հաստատությունների «արագ հարմարեցում»՝ հատուկ օգնություն ցուցաբերելու համար: Բացի այդ, ինտերնետ կախվածության համաշխարհային կամ բրիտանական ախտորոշման չափանիշներ դեռեւս գոյություն չունեն: Ավելին, դեռեւս շարունակվում են բանավեճերն այն մասին, թե արդյոք թվային տեխնիկայից կախվածություն ունենալը հիվանդությո՞ւն է, թե՝ միայն առավել անհանգստացած ծնողների կողմից մտացածին երեւույթ:
Ըստ doctors.amի՝ ինտերնետ կախվածության ախտորոշումը պաշտոնապես ընդունվել է 2008 թվականի նոյեմբերին: Այդ ժամանակվանից երկրում բացվել են բազմաթիվ կլինիկաներ՝ այդպիսի հիվանդների վերականգնման նկատառումներով: Այդ հիվանդանոցներում հիվանդների բուժման մեթոդների մասին կարելի է դատել այն փաստերով, որ արդեն կես տարի անց չինական իշխանություններն արգելել են դրանց ընթացքում օգտագործել էլեկտրաջղաձգային թերապիա, իսկ 15-ամյա հիվանդի մահից հետո, ում մահվան պատճառը ծեծն էր, արգելքը տարածվեց նաեւ մարմնական պատիժների եւ ազատության սահմանափակման վրա: ԱՄՆ-ում ինտերնետ կախվածության առաջին հիվանդանոցը բացվել է Վաշինգտոն նահանգում՝ 2009 թվականին: