Տարին երկու անգամ կատարվում է ժամանակի փոփոխություն: Գարնանը՝ անցում «ամառային» ժամանակի, իսկ աշնանը՝ անցում «ձմեռային» ժամանակի:
Ինչպես նախկինում, երբ կար ԽՍՀՄ-ը, այնպես էլ այժմ, երբ մենք ապրում ենք անկախ պետությունում, մասնագետները պնդում են, որ այդ «ժամանակային անցումները» ոչ մի բացասական ազդեցություն չեն թողնում մեր օրգանիզմի վրա, այլ ընդհակառակը՝ ավելի լիարժեք է օգտագործվում ցերեկային ժամանակը, արեգակի լույսը, խնայում ենք էլեկտրաէներգիան: Սակայն կենսառիթմաբանները, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ աշխարհի բազմաթիվ երկրներում (որոնց քանակը ամեն տարի մեծանում է), իրենց հետազոտություններից ելնելով, եկել են այն եզրակացության, որ ժամանակի փոփոխությունը խիստ ազդում է մարդու օրգանիզմի վրա:
Գլխավոր գործոնը, որը որոշում է մեր կենսագործունեության նպատակասլաց ռիթմը, դա երկրի օրական պտույտն է իր առանցքի շուրջը: Այս դեպքում օրգանիզմի օրական ռիթմերի սինիտոնիզացիայի համար առաջնակարգ նշանակություն ունեն «լույս-մութ» եւ «ցերեկ-գիշեր» փուլերը:
Մեր աչքի լուսագունային (սպեկտր) զգայունությունը կարգավորվում է եւ կարգավորված է արեգակնային ճառագայթման որոշակի միջակայքին (դիապազոն):
Արեգակի առաջին ճառագայթների հետ օրգանիզմում ակտիվանում են այն պրոցեսները, որոնք բարձրացնում են աշխատունակությունը:
Այս օրական ռիթմը, որը տրված է բնության կողմից, խիստ դժվար է ենթարկվում վերակառուցման: Մարդու օրգանիզմը հարմարվում է այլ ժամային գոտու՝ այնտեղ տեղափոխվելուց 10-25 օր հետո: Սովորական ռիթմի խանգարումն ի հայտ է բերում գլխացավ, ախորժակի եւ աշխատունակության անկում, անքնություն կամ էլ քնկոտություն, արյան ճնշման տատանումներ, դեպրեսիա: Գիտնականներ Դուկինը, Խասնուլինը, Կունջին եւ շատ ուրիշներ գտնում են, որ «ձմեռայինից» անցումը «ամառայինի», անհետեւանք չի լինում նաեւ երեխաների համար, որոնք ավելի զգայում են ժամանակային միջավայրի փոփոխությանը, քան մեծահասակները: Նրանց կարծիքով, ֆիզիոլոգիապես ավելի ճիշտ է կենսագործունեության այնպիսի ռիթմը, որը համընկնում է տվյալ տեղանքի իրական ցերեկվա եւ գիշերվա հերթափոխի, արեւածագի եւ մայրամուտի հետ:
Արհեստական ժամային գոտիների ստեղծումը, չհամապատասխանեցնելով ցերեկային ռեժիմի բնական ռիթմի հետ, կարող է հանգեցնել տվյալ վայրի բնակչության համար լրացուցիչ սթրեսային գործոնների, հոգեմարմնական լարվածության ուժեղացման: