Երեխաների մոտ ձեռնաշարժություն կոչվածը մանկական սեռականության դրսեւորում է, ինքնաբացահայտում
«Ձեռնաշարժությունը կամ, ինչպես սեքսոլոգիայում են ասում՝ օնանիզմը (մաստուրբացիա) էրոգեն գոտիների, սեփական սեռական օրգանների արհեստական գրգռումն է՝ սեռական բավարարվածություն ստանալու նպատակով: Դրա ձեռքբերումը կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով՝ այն պահին, երբ անձը սոցիալական առումով դեռ չի հասունացել: Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների ու դեռահասների արագացված աճի եւ ֆիզիկական զարգացման գործընթացով»,- ձեռնաշարժության մասին այսպես ասաց Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, հավելելով, որ ձեռնաշարժությունը սկիզբ է առնում սեռական հասունացման շրջանում եւ դադարում սեռական կյանքի սկսվելու հետ:
Ըստ սեքսոլոգի, ձեռնաշարժությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս վերացնել կամ մեղմացնել ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որի պատճառը չբավարարվող կենսաբանական պահանջմունքն է: Բժիշկը նշում է, որ այդ դիսկոմֆորտը կարող է առաջանալ անգամ նեղ հագուստից. «Իսկ որպես վատ սովորություն՝ առաջանում է վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները: Առաջացող հաճելի զգացումները երեխան հետագայում ձգտում է վերապրել՝ դիտավորյալ գրգռելով սեռական օրգանները»: Բացի այդ, նմանատիպ հաճելի զգացումներ Վ. Շահրամանյանի մեկնաբանմամբ երեխային պարգեւում են նաեւ ծնողները՝ համբուրելով երեխայի էրոգեն գոտիները. «Օրինակ՝ աճուկի շրջանը, որովայնի ստորին մասը, նստատեղը, սեռական օրգանները: Նմանօրինակ երեւույթները պետք է դիտարկել իբրեւ սեռական դաստիարակության կոպտագույն սխալներ»:
Հարցին՝ առողջության համար որքանո՞վ է վնասակար ձեռնաշարժությունը, բժիշկն ասաց. «Առողջությանը ձեռնաշարժության բացասական ազդեցությունը պայմանավորված է ամենից առաջ դրա՝ չհիմնավորված, չափազանցված եւ մոգոնված բացասական հետեւանքների հանդեպ վախով, որը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների: Բացի այդ, վաղ տարիքում ձեռնաշարժությունը երեխայի ուշադրությունը կարող է հանգեցնել սեռական ոլորտի վրա՝ նպաստելով սեռական վաղ զարթոնքին՝ դրանցից բխող անբարենպաստ հետեւանքներով հանդերձ: Ձեռնաշարժության գործողությունից հետո դեռահասը, սովորաբար, իրեն ճնշված է զգում: Հաճախ նա ջանում է պայքարել ձեռնաշարժության դեմ, ամաչել դրանից»:
Տղամարդկանց մոտ ձեռնաշարժությունն առավել հաճախ հանդիպում է 13-18 եւ ավարտվում 25-27 տարեկանում, կանանց մոտ 25 տարեկանից հետո խթանվում է եւ իր առավելագույն հաճախականությանը հասնում 30-50 տարեկանում: Ըստ սեքսոլոգի, պատճառը կանանց սեքսուալ լիբիդոյի ուշ՝ 25-ից հետո արթնանալն է:
Սեքսապաթոլոգը ընդգծում է՝ որպես կանոն, ձեռնաշարժությամբ զբաղվում են դեռահասները, նրանք, ովքեր շատ ազատ ժամանակ եւ չօգտագործվող էներգիա ունեն:
Բժշկի փոխանցմամբ, գոյություն ունեն ձեռնաշարժության տեսակներ, որոնցից ամեն մեկն ունի իր նշանակությունը՝ «Նախ պատանեկան հիպերսեքսուալության շրջանի մաստուրբացիա: Սա պատանեկան հիպերսեքսուալության դրսեւորումներից է, որի հիմքում ընկած է կենսասոցիալ աններդաշնակությունը, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձեւավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք: Գոյություն ունի նաեւ սեռական եւ սոցիալական հասունացումների տարանջատում, երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց դեռեւս սոցիալապես եւ իրավաբանորեն իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ: Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը հանդես է գալիս իբրեւ փոխարինիչ տարբերակ՝ փոքր-ինչ թուլացնելու ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը: Ծնողները պետք է իրազեկ լինեն՝ այս շրջանի ձեռնաշարժությունը համարվում է նորմալ եւ բոլորովին պետք չէ հերթապահել զուգարանի կամ լոգարանի դռան մոտ՝ անդադար նայելով ժամացույցին: Առավել եւս՝ ամենեւին էլ հարկ չկա դեռահասին հեքիաթներ պատմել, թե տղամարդու սերմի պաշարները լիմիտավորված են, ուստի պետք է «խնայողաբար» օգտագործել այն, կամ վախեցնել նրանով, թե իբր ձեռնաշարժությունը հանգեցնում է հիշողության վատացման կամ օրգանիզմի հյուծման»:
Մյուս տեսակը, ինչպես նշում է բժիշկը, ֆրուստրացիոն պսեւդոմաստուրբացիան է, որը սեռական օրգանների այնպիսի ձեռնաշարժումն է, որը չի ուղեկցվում ո՛չ սերմնաժայթքումով, ո՛չ էլ հեշտանքով: Իսկ վաղ՝ նախապուբերտատային մաստուրբացիան ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման առաջին դրսեւորումները, որպես կանոն, մինչեւ 10 տարեկանը: «Այս տեսակին հատկանշական է սերմնաժայթքման եւ հեշտանքի միջեւ դիսոցիացիայի երեւույթը՝ հեշտանք առանց սերմնաժայթքման կամ հակառակը: Սովորաբար, սեռական հասունացման հետ այս դիսոցիացիան անցնում է»,- ասում է Վ. Շահրամանյանը:
Գոյություն ունի նաեւ փոխարինող մաստուրբացիա. վերջինս էլ ի հայտ է գալիս կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո՝ սեռական ձեռնպահության մեջ հայտնվելու ժամանակ:
«Բացի այդ, կա նաեւ կպչուն մտքերի մաստուրբացիա: Սա բնորոշվում է կպչունության հատկանիշով: Եթե ձեռնաշարժության վերոնշյալ բոլոր տեսակները մի քանի տարի հետո անհետանում կամ իրենց տեղը զիջում են այլ տեսակին, ապա այս դեպքում մաստուրբացիան համառորեն շարունակվում է՝ նույնիսկ ամուսնանալուց հետո: Անձը ի զորու չէ իր կամքով սանձելու մաստուրբացիայի հարկադրող պահանջը եւ չի հասկանում, թե ինչու է դիմում այդ քայլին, երբ դրա կարիքը չունի: Այս տեսակը ախտաբանական է, պահանջում է բուժական միջոցառումների կիրառում: Իսկ ընդօրինակված մաստուրբացիան բնորոշվում է նրանով, որ այն իրականացվում է ոչ սեփական նախաձեռնությամբ: Սովորաբար, դրա պատճառը սեռապես ավելի հասուն եւ հատկապես դեռահասային հիպերսեքսուալության մաստուրբացիայով զբաղվողներից հետ չմնալն է եւ նրանց կողմից ճնշման չենթարկվելը»,- պարզաբանում է սեքսոլոգը:
Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտարկվող ձեռնաշարժությանը, նրա խոսքով, դա մանկական սեռականության նորմալ դրսեւորում է, որն ուղղված է ինքնաբացահայտմանը: