Ամերիկացի գերմիջին քաշային բռնցքամարտիկ Անդրե Դիրրելը չի կասկածում, որ «Super Six» մրցաշարի շրջանակներում շաբաթ օրը կայանալիք Արթուր Աբրահամի հետ մենամարտն ավարտվելու է իր հաղթանակով: Նա այդ օրը ռինգ է վերադառնալու պրոֆեսիոնալ բռնցքամարտի իր կարիերայում կրած միակ պարտությունից հետո: Հիշեցնենք, որ Անդրե Դիրրելին անցած տարի հաղթել է Կարլ Ֆրոչը:
«Այդ պարտությունն ինձ շատ է մտահոգել, բայց, ի վերջո, համակերպվել եմ իրողության հետ,- հայտարարել է նա լրատվամիջոցներին:- Մարտի 26-ին դուք Դիրրելի կատարելագործված տարբերակի ականատեսը կլինեք: Գիտեմ, որ Աբրահամը գրոհելու է՝ շեշտը դնելով իր հզորության վրա: Նրա ընտրելիք ռազմավարությունը քարուքանդ անելու համար այդ օրն ինձնից պահանջվելու է խելացի մենամարտել, ինչի համար մենք փայլուն պլան ենք մշակել: Ես իմ հաղթանակին չեմ կասկածում»:
Շոուն սպասում է Վիկի թիմի պատասխանին
Ամերիկացի ճանաչված պրոումոթեր Գերի Շոուն ԶԼՄ-ներին հայտարարել է, թե ինքը, կապված WBO-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոների եւ 52,2 կգ քաշային կարգում WBC/WBA-ի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի միջեւ ռեւանշ մրցամարտի կազմակերպման հետ, սպասում է Վախթանգի թիմի պատասխանին: «Այդ մարտը կազմակերպելու համաձայնություն դեռ ձեռք չի բերվել, քանի որ ես Դարչինյանի թիմից ոչ մի պատասխան չեմ ստացել: Ես նրանց առաջարկել եմ Դոների հետ մրցամարտ կազմակերպել եւ սպասում եմ պատասխանին»: