Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուլիսն» ու «Բանանցը» մրցաշրջան-2010-ի շեմին

Մարտ 24,2010 00:00

\"\"Մրցաշրջանի մեկնարկի շեմին Հայաստանի ֆուտբոլային ակումբները ներկայացնում են իրենց կազմը, տեղեկացնում ծրագրերի ու նպատակների մասին:

Նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Ուլիսը» եւս բացառություն չկազմեց: Միայն թե՝ ի տարբերություն մյուս ակումբների, «Ուլիսի» հրավիրած ասուլիսին լրագրողներին ներկայացվեցին ոչ թե նորեկները, այլ՝ կրկին թիմ վերադարձած եւ ավագի թեւկապը այսուհետ կրող Եղիշե Մելիքյանն ու ակումբի նախագահ Արտակ Հարությունյանը: Ասուլիսին ներկա էին նաեւ թիմի գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանն ու թիմի տնօրեն Սլավա Սարգսյանը:

Նախորդ առաջնության արդյունքներով արդեն եվրոլիգայի ուղեգիր նվաճած «Ուլիսի» գլխավոր մարզիչը նշեց, որ մոտ օրերս մեկնարկող Հայաստանի գավաթի խաղարկությունում թիմը նույն եռանդով կպայքարի: Մանավանդ որ, գավաթը նվաճելու դեպքում Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիրը հնարավորություն կստանա մասնակցել Եվրոպայի լիգայի խաղարկությանը ոչ թե նախընտրական առաջին, այլ՝ երկրորդ փուլից: Իսկ Հայաստանի գավաթակիր դառնալու հեռանկարներ, ըստ Սեւադա Արզումանյանի, բնականաբար, կան, քանի որ թիմը լավ է կոմպլեկտավորվել ու հաջող ուսումնամարզական հավաքներ անցկացրել: «Այս տարի «Ուլիսը» մեծ խնդիր ունի՝ ներկայացնել հայկական ֆուտբոլը եվրոլիգայում: Ուստի մենք պիտի բարձր պահենք ոչ միայն մեր, այլեւ՝ հայկական ֆուտբոլի փառքն ու պատիվը: 2010-ին մեր թիմն ավելի ուժեղ է: Իհարկե, ունեցել ենք կորուստներ, սակայն կա նաեւ լուրջ համալրում: Մեր տրամադրության տակ են մի շարք փորձառու խաղացողներ: Բացի այդ՝ 11 նորեկ ունենք այս տարի»,- ասաց Արզումանյանը: Սակայն որեւէ մեկին չառանձնացրեց, քանի որ դրանում մեծ վտանգ է տեսնում: «Բոլորից էլ ակնկալիքները մեծ են ու բոլորի հետ հույսեր ենք կապում»,- հավելեց «Ուլիսի» մարզիչը: Նա նշեց նաեւ, որ, Գեւորգ Կասպարովին թիմը չի սպասելու: Ուստի, արդեն պայմանագիր է կնքել ռուս դարպասապահ Մալկովի հետ: Բացի այդ, թիմում է նաեւ հեռանկարային երիտասարդ դարպասապահ Մանվել Աֆրիկյանը: Արզումանյանը հավաստիացրեց, որ 11 նորեկների ներկայությունը թիմի խաղաոճը չի փոխի, քանի որ ընտրությունը կատարվել է խաղաոճի թույլատրած սահմաններում: Ինչ վերաբերում է առաջնությունում թիմերի հնարավորություններին, ապա, ըստ Արզումանյանի, ութ թիմից հինգը կարող է պայքարել չեմպիոնության համար: «Հինգ թիմ չեմպիոն դառնալու հնարավորություն ունի, քանի որ առաջնությունը հավասար թիմերի պայքար է ու վճռորոշ պիտի լինեն կամքը, հոգեբանությունը: Մենք պիտի ամեն ինչ անենք, որ առաջինը հենց մենք լինենք»,-ասաց մարզիչը: Ի դեպ, «Ուլիսն» այս տարի իր տնային հանդիպումներն անցկացնելու է «Հրազդան» մարզադաշտում, որտեղ, ըստ ակումբի նախագահի, ավելի շատ երկրպագուներ կկարողանան աջակցել իրենց, ու տարվա արդյունքներով «Ուլիսը» կբարելավի դիրքերը նախորդ մրցաշրջանի համեմատ:

Այս մրցաշրջանում դիրքերը բարելավելու միանշանակ խնդիր ունի նաեւ Երեւանի «Բանանցը», որ նախորդ առաջնությունն ավարտեց միայն 4-րդ հորիզոնականում: «Բանանցի» մամուլի քարտուղարը՝ հղում անելով ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանին, նշեց. «քանի որ «Բանանցն» այսօր Հայաստանում ամենաապահովված թիմերից մեկն է, ուստի՝ նրա առջեւ միջին խնդիրներ դրվել չեն կարող»:

Ներկայումս Ստեւիցա Կուզմանոսկու թիմը համալրվել է վեց ֆուտբոլիստով. դարպասապահ Ցվետոմիր Ցանկովը՝ Բուլղարիայից, նրա հայրենակից, պաշտպան Նիկոլայ Նիկոլովը, սերբ պաշտպան Դարկո Լովրիչը, բրազիլացի կիսապաշտպան Վեբերտ դա Սիլվան, բրազիլացի հարձակվող Էդուարդո Ռոբերտո դոս Սանտոսը, նիգերիացի Դենիրան Օրտեգան, ինչպես նաեւ Դոնեցկի «Մետալուրգից» հարազատ թիմ վերադարձած Արարատ Առաքելյանը: Հիշեցնենք, որ մրցաշրջան 2009-ից հետո «Բանանցը» լքել էին Հովհաննես Գրիգորյանը, Արտակ Օսեյանը, Նիկոլայ Սարգսյանն ու Սարգիս Նասիբյանը: Ընդ որում, բոլորն էլ ուղեւորվել են Կապանի «Գանձասար»:

Ինչ վերաբերում է մարզչական շտաբին, այստեղ եւս որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Կուզմանոսկուն, Աշոտ Բարսեղյանի փոխարեն, Սմիլյանիչի ու Դոնեւի հետ միասին օգնելու է Ռոման Սիմոնյանը: Իսկ Բարսեղյանը կաշխատի երկրորդ թիմի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել