Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ՀՖՖ-ՈՒՄ

Մարտ 24,2010 00:00

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ մրցաշրջան 2010-ի մեկնարկից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպել է բարձրագույն եւ 1-ին խմբերը ներկայացնող ակումբների նախագահներին եւ թիմերի գլխավոր մարզիչներին, որի ընթացքում քննարկվել են գալիք առաջնության խնդիրները, նպատակները: Եղել են նաեւ նոր առաջարկներ:

Ռուբեն Հայրապետյանն ակումբների նախագահներին հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել ակումբներում կարգապահության ամրապնդմանը՝ հնարավորինս խուսափելով հատկապես մրցավարների հետ միջադեպերից, ինչպես նաեւ երկրպագուների հետ կանոնակարգված աշխատանք տանել:

«Միկա» ակումբի մարզական տնօրեն Արմեն Պետիկյանը հանդես է եկել երկու առաջարկով՝ առաջնության հանդիպումներն անցկացնել մեկ ֆիրմայի արտադրած գնդակով եւ վեց դեղին քարտ ստանալուց հետո ֆուտբոլիստին ոչ թե որակազրկել, այլ թույլատրել մասնակցել խաղերին՝ հետագայում զգուշացումներ ստանալու համար բոլոր տուգանքները թողնելով ուժի մեջ: Ա. Պետիկյանի առաջին առաջարկն ընդունվել է, եւ հարցը քննարկման է ուղարկվել ֆեդերացիայի համապատասխան բաժին, իսկ երկրորդը մերժվել է:

«Շիրակի» փոխնախագահ Անդրանիկ Ադամյանն էլ դիմել է ֆեդերացիային՝ Ախուրյանի մարզադաշտը Գյումրիի պատանեկան թիմերին տրամադրելու առաջարկով, որպեսզի հնարավոր լինի քաղաքային մարզադաշտի խոտածածկը կայուն վիճակում պահպանել:

Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ ավելի վաղ ՀՖՖ մրցավարական եւ արտոնագրման բաժինները սեմինար են կազմակերպել բարձրագույն խումբը ներկայացնող ակումբների առաջին թիմերի գլխավոր մարզիչների եւ թիմերի ավագների համար՝ նվիրված մրցավարական խնդիրներին եւ ֆուտբոլի խաղի կանոններին: Հրավիրվել են նաեւ «Արարատ» ակումբի առաջին թիմի գլխավոր մարզիչն ու ավագը: Ֆեդերացիայի մրցավարական բաժնի պետ Արարատ Ճաղարյանն ու արտոնագրման բաժնի պետի տեղակալ Արթուր Ազարյանը ներկայացրել են այն նորամուծությունները, որոնք կիրառվելու են բարձրագույն խմբի առաջնության ընթացքում: Դրանց հետեւել են քննարկումները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել