Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՎԱԶՅԱՆԻ «ԽՈՐՔԻ ԽՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

Մարտ 24,2010 00:00

Երեկ հայ ընթերցողի դատին հանձնվեց Աղասի Այվազյանի «Խորքի խորությունը» պատմվածքների ժողովածուն: Սա դրամատուրգի վերջին գիրքն էր, որ հեղինակը կենդանության օրոք անձամբ է հասցրել կազմել եւ ձեւավորել: Ժողովածուն տպագրվեց գրողի մահվանից երկու տարի անց, կնոջ՝ Գրետա Վերդիյանի նախաձեռնությամբ: Եվ ամենեւին պատահական չէր, որ գրքի շնորհանդեսը երեկ էր՝ հենց Աղասի Այվազյանի ծննդյան օրը:

ՀԳՄ-ում գրողներն ու Այվազյանի արվեստի երկրպագուները հենց այդ առիթով էին հավաքվել: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն ասաց, որ Աղասի Այվազյանի ստեղծագործությունները հայ գրականության մեջ բացառիկ են. «Վարպետն ամեն անգամ մեզ նորովի է ներկայանում. եթե նրա ստեղծագործական սկզբնական տարիներին երեւում էր Այվազյանի ներաշխարհից, պիեսներից հորդող բարությունը, ապա ստեղծագործական վերջին տարիներին տեսնում ենք խորքի խորքը գնացող փիլիսոփա Այվազյանին, ով կարծես մեզ թողնում է հրաժեշտի կտակը, իսկ կտակի մեջ կա եւ՛ դառնություն, եւ՛ արցունքի հանդեպ իր շեշտված վերաբերմունքը…»: Տիկին Վերդիյանն էլ մտաբերեց ամուսնու՝ իրեն թողած պատգամը. «Կյանքից հեռանալուց առաջ, նա ինձ ասաց. քեզ թվում է՝ դու ինձ ճանաչում ես, բայց դու իմ հեռանալուց հետո կսկսես ճանաչել ինձ: Իսկապես, ես հիմա նրան նորովի եմ սկսում ճանաչել: Իր կյանքի ողջ ընթացքում Աղասի Այվազյանը գնում էր դեպի մարդը, հիմա ամեն ինչ փոխվել է, մարդիկ են գալիս դեպի նա»: Տիկին Վերդիյանը նաեւ խոստացավ, որ տարին այվազյանական է լինելու. ապրիլի 15-16-ին Երեւանում նախատեսվում է Այվազյանի դրամատուրգիայի օրեր անցկացնել, իսկ աշնանը նախատեսել են միջազգային այվազյանական փառատոն: Ա. Այվազյանի գրականությամբ ոչ պակաս հիացած է նաեւ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն. «Նա փակել է իր գրքի վերջին էջը եւ այն հանձնել մեզ՝ կոչ անելով իրեն ճանաչել խորությամբ ու նորովի: Ամեն անգամ մեծ ուշադրությամբ եմ կարդում նրա արձակը եւ ցնցվում: Դժվար է հայ գրականության մեջ մեկ ուրիշ ժամանակակից գրող գտնել, ով կարողանա մրցել Այվազյանի հետ այս ժանրում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել