Լրահոս
Օրվա լրահոսը

Գերի չդառնա՛լ պատմությանը

Մարտ 24,2010 00:00

Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսի դատին կներկայանան «Արյունոտ կիրակի» եւ «Երկնային հինգ րոպեներ» ֆիլմերը: Աղմկահարույց «Արյունոտ կիրակիի» համապրոդյուսեր, համանուն գրքի հեղինակ Դան Մալանը երեկվա ասուլիսում ասաց, որ ֆիլմը ներկայացնում է Հյուսիսային Իռլանդիայի Դերրի քաղաքում 1972-ի հունվարի 30-ին տեղի ունեցածը. քաղաքացիական երթի դուրս եկած 13 անզեն մասնակիցներ սպանվեցին բրիտանական զինվորների կողմից:

Պարոն Մալանը կարճատեւ շրջայցի ընթացքում հասցրել է իռլանդական եւ հայոց պատմության միջեւ զուգահեռներ տեսնել. «Այն, ինչ տեսա Ցեղասպանության թանգարանում, ինձ շատ վշտացրեց: Ինձ համար տարօրինակ է, որ մարդիկ հեշտությամբ կարող են չընդունել Ցեղասպանության փաստը: Այցելեցի նաեւ Մատենադարան, հիացած եմ նրա գանձերով: Իռլանդիան եւս հայտնի է իր հինավուրց եւ նկարազարդ ձեռագրերով, որոնք պատմում են մեր պատմության մասին: Ինչպես Հայաստանը, այնպես էլ Իռլանդիան մեծ սփյուռք ունի: Պետք է պատմությունը ճանաչել, բայց չդառնալ դրա գերին»: Պարոն Մալանի խոսքով, Հյուսիսային Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված ֆիլմը ամենեւին նպատակ չունի ատելություն սերմանել հակառակ կողմի նկատմամբ. «Կարեւոր չէ, թե ովքեր են մեր թշնամիները, որովհետեւ թշնամական կողմում նույնպես կան բարեկամներ, նրանց ու բանակցությունների միջոցով կարելի է հասնել խաղաղության: Իհարկե, հարուստ իրադարձություններով պատմությունը հնարավոր չէր 90 րոպեանոց «Արյունոտ» ֆիլմում պատմել, ու դրա համար էլ ստիպված ենք լինում գտնել գեղարվեստական տարրեր պարունակող դրվագներ, բայց ֆիլմի ստեղծումը հիմնված է ականատեսների եւ իմ հուշերի վրա: Գիտենք, որ զինվորներից շատերը իրադարձությունից հետո ստում են կատարվածի մասին՝ սխալ տեղեկատվություն տրամադրելով, չնայած ֆիլմում կա մի զինվոր, ով մեզ տրամադրել է փաստաթղթեր, որոնք ոչ միայն ճշգրտորեն են ներկայացնում կատարվածը, այլեւ ստող զինվորների անունները: Ֆիլմս արդեն ցուցադրվել է Թուրքիայում, Ադրբեջանում, Ուկրաինայում եւ Վրաստանում»:

Պարոն Մալանը պատմեց, որ Թուրքիայում ֆիլմի ցուցադրությունից որոշ թուրք երիտասարդներ բավականին զգացված էին խոսում Հայոց ցեղասպանության մասին, իսկ Ադրբեջանում ֆիլմի փակ ցուցադրություն էր՝ միայն լրագրողների համար, ուստի ինքը առիթ չի ունեցել քաղաքական, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական թեմաներով խոսել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել