Կամ երկու ներկայացում՝ «Արմմոնո» թատերական փառատոնից
«Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Հայաստանում է Յանոշ Ստոլարսկին՝ Լեհաստանից: Մարտի 22-ին նա Թատերական գործիչների միությունում ներկայացավ իր «Ծածկագիր» ինքնատիպ մոնոներկայացմամբ, որտեղ «մենախոսում» էր մարմնով: Շուրջ 40 րոպե դերասանը երաժշտության ուղեկցությամբ իր մարմնի հետ պայքարի մեջ էր՝ փորձում էր հագուրդ տալ կասկածներին ու պարզել մարդկային գոյության, նյութի ու հոգեւորի հակասության իմաստը:
Յանոշը Լեհաստանում ճանաչված անձնավորություն է, համագործակցել է մի շարք թատրոնների հետ (Պոզնանի, Կրակովի, Վարշավայի եւ այլն), նա արժանացել է հեղինակավոր փառատոների մրցանակների, այդ թվում՝ Գրան պրիների: Լեհական մամուլին տված հարցազրույցներից մեկում Յ. Ստոլարսկին հայտարարել է, թե մոնոներկայացումների «ձեւաչափով» կարողանում է պահպանել իր արտիստական անկախությունը, ինչը հնարավոր չէ «կոլեկտիվ» ներկայացումների պարագայում: Մեկ այլ հարցազրույցում էլ, արդարացնելով իր անխոս մոնոներկայացումը, նա վկայակոչում է Բրուկի այն խոսքերը, թե «Թատրոնը չպետք է խոսի, պետք է ուղղակի գործի»:
Նշենք, որ Ստոլարսկու «Ծածկագիր» մոնոներկայացումը, լինելով հետաքրքիր նախաձեռնություն, այնուամենայնիվ, մի քիչ ծանր էր, հավանաբար նախատեսված ամուր նյարդեր ունեցողների համար: Ամեն դեպքում, հեշտ չէր նայել, թե ինչպես է մեղքերը գիտակցող մահկանացու խաղացող մարդը տառապում, ինքնախարազանվում՝ բախվելով պատերին կամ հատակի սառը քարերին: Գուցե ավելի բարեկեցիկ երկրներում սուր զգացողությունների սիրահարներին նման ներկայացումները հետաքրքրեն, բայց ամեն քայլափոխի ինչ-որ խոչընդոտի հանդիպող հայաստանցիներին, արդյոք, արժե՞ էքստրիմի հավելյալ «չափաբաժին» մատուցել:
Երեկ «Արմմոնոյի» շրջանակներում հանդիսատեսի դատին հանձնվեց նաեւ Ալեքսանդր Ռուբինովասի «Կոբան»՝ ըստ ռուս գրող Էդուարդ Ռաձինսկու գործի: Հիշեցնենք, որ վերջինս բազմիցս անդրադարձել է Ստալինին: Ինչ վերաբերում է կոնկրետ «Կոբա» պատմվածքին, նրա հիմքում ծեր մարդու մենախոսությունն է՝ դաժան դիկտատորի մասին: