Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԼԵՎՍ ԵՐԿՆԱՅԻՆ ԿՅԱՆՔՈՎ

Մարտ 24,2010 00:00

Դաշնակահարուհի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սիլվա Բունիաթյանը՝ հուշերում:

\"\"

Ժամանակին, երբ «Առավոտը» հարցազրույց էր վարում երաժշտագետ, կոմպոզիտոր Միքայել Կոկժաեւի հետ, վերջինս հայտնեց հետեւյալը. «Սիլվա Բունիաթյանի՝ այդ փխրուն, հրապուրիչ կնոջ համեստությունն անսահման է: Նա երկար ժամանակ համառորեն ընդդիմանում էր այս հրատարակության նախաձեռնողների փորձերին (նկատի ունի իր «Սիլվա Բունիաթյան» գիրքը-Ս.Դ.)՝ «թերթել» իր կենսագրության հարուստ էջերը: Վճռորոշ եղավ մեր այն փաստարկը, թե երաժշտասեր հասարակությանը պարզապես անհրաժեշտ է ներկայացնել նրա սիրելի ուսուցչուհու՝ Նադեժդա Գոլուբովսկայայի դաշնամուրային դպրոցի դերն ու նշանակությունը»: Մ. Կոկժաեւի գիրքը՝ դաշնակահարուհի Ս. Բունիաթյանի մասին, արդեն իրականություն է: Ցավոք, օրերս ընդհատվեց հայ դաշնամուրային արվեստի նշանավոր ներկայացուցչի երկրային կյանքը:

Երբ տիկին Բունիաթյանի բազմաթիվ ուսանողներից պրոֆեսոր Մարո Ղազարյանին խնդրեցինք հակիրճ խոսք ասել իր պրոֆեսորի մասին, նա, տիկին Բունաթյանին բնութագրելով որպես բնությունից շռայլորեն օժտված անձնավորություն ու արվեստագետ, նշեց, որ իր ուսուցչի միայն ուսումնառության, կատարողական եւ մանկավարժական գործունեության մասնագիտական հակիրճ կենսագրությունը բավական է նրա մասին կարծիք կազմելու համար. «Ծնվել է 1917թ. Վլադիկավկազում, ուսանել Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Նադեժդա Գոլուբովսկայայի դասարանում, որի մանկավարժական սկզբունքները հիմք դարձան ուսուցչիս հետագա ինքնուրույն գործունեության համար: 1940-46թթ. Սիլվա Բունիաթյանը Երեւանի օպերային թատրոնի նվագախմբի դաշնակահարն էր, որի կազմում մասնակցել է բազմաթիվ ներկայացումների եւ սիմֆոնիկ համերգների՝ մեծանուն դիրիժորներ Սարաջեւի, Թավրիզյանի, Բուդաղյանի, Չարեքյանի եւ այլոց ղեկավարությամբ:

1950-70թթ. նրա մենահամերգները արժանացել են երաժշտասեր հասարակայնության բարձր գնահատականին: Առանձնակի հիշատակման է արժանի 1944թ. Թբիլիսիում Թավրիզյանի ղեկավարությամբ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիային եւ մինչ այդ, Երեւանում 1942թ. Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիային իր մասնակցությունը… 1946թ.-ից շուրջ 60 տարի տիկին Բունիաթյանի գործունեությունը կապված է Երեւանի կոնսերվատորիայի հետ, որտեղ նա դաստիարակել է 80-ից ավելի բարձրակարգ դաշնակահարներ, իսկ 1975-93-ին ղեկավարել է մասնագիտական դաշնամուրի ամբիոնը: Նրա՝ իբրեւ մանկավարժի սկզբունքների հիմքում ուսանողի անհատականության բազմակողմանի ու ներդաշնակ բացահայտումն էր, արվեստում ինքնուրույն մտածողության դաստիարակումը եւ նրա գեղագիտական տեսադաշտի ընդլայնման գաղափարը»:

Մարո Ղազարյանը նաեւ հավելեց, որ իր կոլեգայի՝ Կոկժաեւի գրքում առանձին գլխով մեջբերված են Ս. Բունիաթյանի սաների, այդ թվում՝ որդու՝ պրոֆեսոր Սերգեյ Բարսեղյանի մտորումները իրենց ուսուցչի մանկավարժական մեթոդի մասին. «Նույնիսկ տրված է պրոֆեսորի ընթացիկ դասերից մեկի նկարագրությունը՝ իր մանրամասներով ու ընդհանրություններով»: Ըստ մեր զրուցակցի, կարեւոր է նաեւ Լենինգրադի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին տիկին Բունիաթյանի շփումը Սոֆրոնիցկու, Նիկոլաեւի, Սավիշենսկու, իսկ Երեւանում՝ Ամիրխանյանի, Սարաջյանի, Աբակումյանի եւ մյուս մեծանուն պրոֆեսորների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել