Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիտլերի նամակը գնահատվել է 12 հազար ֆունտ ստերլինգ

Մարտ 24,2010 00:00

Բրիտանացի լրագրող Սեֆտոն Դելմերին ուղղված Ադոլֆ Հիտլերի նամակը, որտեղ վերջինս խոսել է Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի միջեւ «իրապես ջերմ հարաբերությունների» մասին, Լոնդոնում աճուրդի է հանվել: CNN-ի մատուցմամբ, աճուրդի կազմակերպիչները հույս ունեն այդ նամակը վաճառել 12 հազար ֆունտ ստերլինգով: Նամակը գրվել է 1931 թվականին, գերմանական նացիոնալ-սոցիալիստների առաջնորդ Հիտլերի՝ Գերմանիայի կանցլեր դառնալուց եւ այդ երկրի իշխանությունը զավթելուց 16 ամիս առաջ:

Ընդամենը մեկ էջանոց փաստաթղթում Հիտլերը հույս է հայտնել, թե Առաջին համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում գոյություն ունեցող «ռազմական պսիխոզին» կփոխարինի երկու երկրների միջեւ բարեկամության հաստատումը: «Ես հավատում եմ, որ ճգնաժամը, որը հիմա թակում է մեր դռները, կարող է հաղթահարվել միայն սերտ համագործակցության ճանապարհով՝ այն պետությունների միջեւ, որոնք Եվրոպայում ուժերի բնական հավասարակշռության հաստատման մեջ են տեսնում այն համաշխարհային գլոբալ հիմնախնդիրների լուծման նախադրյալները, որոնցից այսօր տուժում է նաեւ Բրիտանիան»,- գրել է Հիտլերը:

1931-ին Սեֆտոն Դելմերը Բեռլինում բրիտանական «Daily Express» թերթի թղթակիցն էր: Համարվում է նաեւ, որ նա առաջին բրիտանացի լրագրողն էր, ում հաջողվել էր Հիտլերի հետ հարցազրույց անել: Նացիստների առաջնորդին նա այն ժամանակ նկարագրել էր որպես չափազանց հարդարված մազերով մի սովորական մարդ: Ժամանակակից բրիտանացի պատմաբանների կարծիքով, իր նամակում Հիտլերը ակնարկել է Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի միջեւ ընդհանուր շահերի առկայության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել