Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախ վերաբերմունքը պետք է փոխել

Մարտ 24,2010 00:00

\"\"Երեկ մեկնարկեց «Ուսման դժվարություններ ունեցող անձանց համար նախնական մասնագիտական կրթություն կազմակերպելու իրավական հիմքերը եւ անհրաժեշտ գործողությունները» թեմայով քննարկումը: Այն «Արհեստագործական կրթության ուսման թեթեւ եւ միջին դժվարություններ ունեցող երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում էր:

Ըստ ծրագրի համակարգող Անահիտ Քալանթարյանի՝ «ուսումնասիրվել են նախնական մասնագիտական կրթության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը եւ նորմատիվ փաստաթղթերը, վեր հանվել խոչընդոտները»:

«Հույսի կամուրջ» հ/կ նախագահ Սուսաննա Թադեւոսյանը նշեց, որ ծրագիրը մեկնարկել է 2 տարի առաջ. «Համաձայն գործատուների հետ անցկացված քննարկումների՝ ընտրվել է նախնական արհեստագործական երկու մասնագիտություն՝ այգեգործություն եւ գորգագործություն: Ծրագրի իրականացման համար էլ ընտրվել են Երեւանի պետական հումանիտար քոլեջը եւ թիվ 2 հատուկ կրթահամալիրը»: Նա նաեւ հավելեց, որ 2009թ. սեպտեմբերի 1-ից ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող 51 ուսանող սովորում է այգեգործություն եւ գորգագործություն մասնագիտությունների գծով:

ԱԺ կրթության հարցերով հանձնաժողովի փորձագետ, «Ուսման դժվարություններ ունեցող անձանց համար նախնական մասնագիտական կրթություն կազմակերպելու իրավական հիմքերը եւ անհրաժեշտ գործողությունները» ուսումնասիրության հեղինակ Մարինե Հակոբյանը նկատեց. «Ունենք օրենք, որը հնարավորություն է տալիս հանրապետությունում սկսել ներառական եւ հատուկ կրթություն՝ մասնագիտական համակարգում, բայց երկու հնարավորությունն էլ դեռեւս չի օգտագործվել: Ներառական կրթության փորձարկումը ցույց տվեց, որ կա դրա կարիքը: Հատուկ կրթության ներառումը հնարավոր է, պարզապես մեր խնդիրն է գտնել համապատասխան ճանապարհը»:

«Հույսի կամուրջ» հ/կ-ի հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանի խոսքով, ֆիզիկական եւ մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք, բացի մասնագիտական եւ արհեստագործական կրթության ոլորտում հատուկ կրթության պակասից եւ խոչընդոտներից, ունեն կրթությունը ստանալուց հետո համապատասխան աշխատանք գտնելու խնդիր. «Տվյալ անձանց նկատմամբ հասարակության ընդգծված վերաբերմունքը դեռեւս չի փոխվել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել