Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չենք գնա թերթերը գնելու ճանապարհով»

Մարտ 24,2010 00:00

ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը  հավաստիացնում է, թե չեն հետեւի Ադրբեջանի օրինակին:

\"\"«Մեր երկրում թերթ փակելու խնդիր գոյություն չունի: Վստահ եմ, որ վերջին բարեփոխումը կստեղծի պայմաններ, որ ԶԼՄ-ները լինեն սոցիալապես ավելի պատասխանատու, ոչ մի խստացում, խոսքի ազատության սահմանափակում այս օրենքով չկա»,- երեկ ՄԱԱ-ում հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն, տեղեկատվական անվտանգության հարցերի գծով փորձագետ Արա Սաղաթելյանը: Նա այդպես պատասխանեց Քրեական եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին վերջին օրինագծի վերաբերյալ լրագրողների հնչեցրած բազմաթիվ մտահոգություններին: Ըստ նրա՝ առանց այդ օրինագծի, մինչ այժմ բազմաթիվ քաղաքացիներ անպաշտպան էին: Հայաստանում խոսքի ազատությանը վերաբերող միջազգային մի շարք կազմակերպությունների գնահատականների մասին, թե Հայաստանում ինքնագրաքննություն է կիրառվում, պարոն Սաղաթելյանը կարծում է. «Իհարկե, միջազգային կազմակերպությունների գործերը կարեւոր են, բայց նրանք դիտարկումներ են իրականացնում «բաց» աղբյուրների հիման վրա»: Բանախոսը լուրջ խնդիրներ է տեսնում մասնավորապես տպագիր մամուլի «մասով». «Մենք օրեցօր կորցնում ենք մեր տպագիր մամուլը: Եթե որպես լրագրողների կորպորացիա մեր մեջ ռեսուրսներ չգտնենք տպագիրը նոր որակի բերելու առումով, որպես հասարակություն կտուժենք: Ադրբեջանում գտան լուծում, ստեղծեցին լրատվամիջոցների օժանդակության հիմնադրամ ու սկսեցին թերթերին գումար տալ, կոպիտ ասած գնել դրանք: Հուսով եմ, մենք այդ ճանապարհով երբեք չենք գնա»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ տեղեկատվական դաշտում առկա փոփոխություններին, փորձագետը գտնում է, որ տեղեկատվական հոսքերի արագությունը ակնհայտորեն ժամ առ ժամ փոխվում է, սակայն տեղեկատվական ակտիվացումը չի ընկալում նշան, թե մոտ ժամանակներս կարող են սկսվել պատերազմական գործողություններ:

Վերջերս Աղվերանում կայացած ՏՀՏ լիդերների ֆորումի ժամանակ մասնագետները իրենց մտահոգությունն էին հայտնել ԱԺ պատգամավորների՝ էլեկտրոնային փոստերի անվտանգ չլինելու մասին, քանի որ դրանք աշխատում են «http» պրոտոկոլով եւ կոդավորված չեն: Մասնագետները հայտնել էին նաեւ, թե էլեկտրոնային նամակները կարող են կարդալ, օրինակ, Թուրքիայի ԱԱԾ-ի աշխատակիցները, որովհետեւ Հայաստան մտնող ինտերնետի տրաֆիկի մի մասն անցնում է այդ տարածքով: Պարոն Սաղաթելյանին հարցրինք՝ քայլեր ձեռնարկվե՞լ են շտկելու համար: Նա յուրովի մեկնաբանեց. «Եթե տրաֆիկը գալիս է Թուրքիայի տարածքով, դա չի նշանակում, որ իրենք կարող են նայել մեր էլեկտրոնային փոստերը: Հիմնական խնդիրն այն է, որ չունենք ինտերնետի մուտքերի դիվերսիֆիկացում»: Նա միաժամանակ փաստեց, որ մեր բազմաթիվ պետական պաշտոնյաներ այսօր ծառայողական համակարգիչներից մտնում են «օդնոկլասնիկ» կամ այլ «չաթեր», որոնք հեշտությամբ «կոտրվում» են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել