Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՉԵՄ ԺԽՏՈՒՄ ՄԱՐՍԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ»

Մարտ 24,2010 00:00

Օկուլտիզմով զբաղվող Լեւոն Բաբայանը հայտարարում է, թե տաք ձմեռների, Սեւանի բարձրացման ու կարկուտների բացակայության «մեղավորը» ինքն է:

\"\"

Օրերս խմբագրություն էր եկել բարձրագույն տեխնիկական կրթությամբ Լեւոն Բաբայանը, ով պնդում է, թե կարող է կառավարել բնության երեւույթները: Նա զբաղվում է օկուլտիզմով (թաքնատեսություն, գաղտնատեսություն) ու ասում է՝ որոշակի հաջողություններ ունի: «Հնարավո՞ր է, արդյոք, ազդել բնության վրա, ստանալ ուզած կլիման ու եղանակը… Հարցրեք Էզոթերիկ (ներքին) գիտություններին ծանոթ, դրանցով հետաքրքրվող ցանկացած մեկին, ու նա ձեզ կպատասխանի՝ այո, հնարավոր է, հնարավոր են նաեւ շատուշատ այլ բաներ… Երբեք չեմ եղել Մարսի վրա, ինչպես եւ դուք, բայց չեմ կարող ժխտել նրա գոյությունը…»,- ասում է պարոն Բաբայանը: Նաեւ հավելում. «2009-ի ձմռանը, երբ Ռուսաստանում եւ Եվրոպայում ձյուն ու սառնամանիք էր, մենք ունեինք տանելի ձմեռ… Այդպիսին էին նաեւ 1996-ի, 1998-ի եւ 2000-ի ձմեռները՝ համեմատաբար տաք եւ անձյուն: Դրանք եւս իմ աշխատանքի արդյունքն էին: Իսկ ի՞նչ ասել է «աշխատանք»… Շուրջ 20-22 տարվա աշխատանքը հոգեւոր ոլորտում, հոգեւոր մարզանքը, յոգան, մեդիտացիաները մարդու մեջ առաջացնում են հոգեւոր ուժի կուտակումներ, մտասեւեռման հզորացում: Մարզիկը, մարզելով իր մարմինը, ստանում է ատլետիկ կազմվածք, նույնը կատարվում է նաեւ հոգեւոր մարմնի պարագայում. մարզելով այն՝ դարձնում ենք ավելի զորեղ, կայուն եւ ազդեցիկ: Կոնկրետ իմ աշխատանքը կատարվում է ոչ թե ֆիզիկական ոլորտում, այլ ավելի բարձր՝ հոգեւոր աշխարհներում: Ֆիզիկական աշխարհում գործում են տարբեր ուժեր. գրավիտացիոն, քամու, օդի, ջրի, ջերմային… Հոգեւոր աշխարհներում նույնպես կան եւ գործում են ուժեր, եւ մարդը կարող է դրանք օգտագործել՝ մտասեւեռման եւ մեդիտացիայի միջոցով հասնելով շատ բաների: Մի օր հայտնաբերեցի, որ կարծես թե ստանում եմ իմ ուզած եղանակը: Դա 1996-ին էր: Սկզբում մտածեցի՝ պատահականություն է, բայց երբ դա կրկնվեց բազմաթիվ անգամ, համոզվեցի, որ այդքան պատահականություններ մեկ տեղում չեն լինում, դա դառնում է օրինաչափություն»:

Լ. Բաբայանը, որ ծնունդով Բյուրականից է, իր խոսքով՝ աշխարհի ամենակարկտաշատ տարածքից, հավաստիացնում է, թե իր աշխատանքի շնորհիվ արդեն 10 տարի այնտեղ կարկուտ չի գալիս: «2001-ին ես նամակով դիմեցի ԳԱԱ համակարգում Սեւանա լճով զբաղվող ինստիտուտին, բնապահպանության նախարարին հայտնելով այն մասին, թե կարող եմ իմ հնարավորություններով կամ աշխատանքով այնպես անել, որ առատ տեղումների հաշվին Սեւանա լճի մակարդակը բարձրանա: Սեւանա լճի մակարդակը խորհրդային տարիներից ի վեր իջել է: Խորհրդային շրջանում տարբեր միջոցների են դիմել, մեծ գումարներ ծախսել, բացել Արփա-Սեւանը, բայց լճի մակարդակը շարունակել է իջնել: Այն ժամանակ, իհարկե, ինձ չհավատացին: Բայց 2002-ի վերջում ստացանք առաջին արդյունքը՝ Սեւանի մակարդակը բարձրացավ 46-48 սմ-ով: Արդեն 8 տարի է, լճի մակարդակը բարձրանում է՝ շնորհիվ առատ տեղումների: Ցնցող արդյունք՝ այն, ինչ չէր ստացվում 70 տարի շարունակ, նորի՞ց պատահականությունների շարք: Իսկ նախօրոք արված հայտարարություննե՞րը՝ բացառիկ եղանակային երեւույթների մասին, ինչպե՞ս կարող էի նախօրոք իմանալ դրանց մասին,-նշում է Լ. Բաբայանը ու ասվածը փաստում մաթեմատիկական հավասարումներով՝ հենվելով հավանականության տեսության վրա:- Այդ հաշվարկները տեսել եւ ստուգել է լուսահոգի ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը եւ հավանության արժանացրել: Երբ ինձ ժպտում ու մերժում են, ասում եմ՝ ինձ ժխտեցիք, իսկ մաթեմատիկա՞ն, չէ՞ որ այն անողոք է եւ հստակ… Սեւանա լճի վերաբերյալ կասեմ հետեւյալը, եթե ինչ-ինչ հանգամանքներ փոխվեն ինձ համար, ապա առաջիկա տարիներին Սեւանա լճի մակարդակը այլեւս չի բարձրանա առատ տեղումների հաշվին եւ հետեւաբար՝ կնվազի: Վերոնշյալ հանգամանքը կարող են կանգնեցնել միայն պետական մարմիններն ու կառույցները: Կարկուտների կանխման հարցով էլ նշեմ, որ եթե պետական մարմիններին դա հետաքրքրում է, պատրաստ եմ աշխատել այդ ուղղությամբ, եւ առաջիկա տարում հնարավոր է ամբողջ հանրապետության մասշտաբով այն կրճատել՝ հասցնելով 40-50%-ի, համեմատած, ասենք, անցյալ տարվա հետ: Եկող տարի էլ կարելի է կրճատել՝ հասցնել 65-75%-ի, իսկ երրորդ տարում՝ 80-90%-ի, ինչն արդեն ցուցանիշ է: Ասեմ, որ իմ աշխատանքների էֆեկտիվությունը հասնում է 90%-ի, որը եղանակի պես փոփոխական երեւույթի համար կարելի է համարել մեծ ճշտություն»:

Թե գիտական ի՞նչ հիմք ունեն Լ. Բաբայանի պնդումները, կթողնենք գիտնականներին: Ի դեպ, նա ներկայացրեց ժամանակին ուղարկված ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի պատասխանը իր դիմումին, որտեղ ասվում է. «ՀՀ տարածքում տեղի ունեցող մթնոլորտային երեւույթների վերաբերյալ ձեր «գաղտնագիտական» հնարավորությունները ուշադրության արժանի են, սակայն դիմումում վիճակագրական տվյալների եւ դրանց գիտական վերլուծությունների բացակայության հետեւանքով գիտատեխնիկական խորհուրդը ի վիճակի չէ տալու գործնական եզրակացություն»: Տեղումների եւ Սեւանա լճի «մասով» բնապահպանության նախարարությունից էլ պատասխանել են, թե «Մթնոլորտային պրոցեսները ունեն ցայտուն արտահայտված օրինաչափություններ, ըստ որոնց էլ նրանք կատարվում են, ուստի խոսել մտքի ուժով ցիկլոնների տեղափոխման, տեղումներ «հրահրելու» կամ «կանխարգելու» մասին, ըստ մեզ՝ անիմաստ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել