Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼԱԲԻՐԻՆԹՈՍ

Մարտ 24,2010 00:00

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Թեպետ ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրները Հայաստանում, որպես կանոն, հանդես են գալիս փոխկապակցված, սակայն ժամանակ առ ժամանակ դրանք այնքան են սերտաճում-միահյուսվում, որ բարդ է դառնում զատորոշել, թե քաղաքական հանգույցը գոյացել է ներքի՞ն, թե՞ արտաքին քաղաքական խնդիրների թելերից: Որքան էլ անսպասելի է՝ իրավիճակի բարդությունն ի հայտ է գալիս հատկապես այն ժամանակ, երբ ներհայաստանյան քաղաքական կյանքն արթնության նշաններ գրեթե ցույց չի տալիս: Թեպետ սա էլ ունի իր տրամաբանական մեկնաբանությունը՝ հասարակական-քաղաքական նինջի եւ անդորրի պայմաններում, երբ աղմուկ չկա, չլուծված հիմնախնդիրները, չհաղթահարված արատավոր երեւույթներն ակնհայտ են դառնում, քանի որ կուտակվելով, սեղմված մնալով՝ մեծացնում են իրավիճակի վրա գործադրվող ճնշումը՝ փնտրելով դուրս մղվելու ուղիներ: Առկա իրողությունները, ակնհայտ եւ վարագուրված դեպքերն ու դեմքերը, կանխատեսելի եւ անկանխատեսելի զարգացումները Հայաստանում եւ նրա շուրջ նման են ոչ թե պարզապես գլուխկոտրուկ թվացող, այլ սրդողություն առաջացնող այն լաբիրինթոսին, որի ելքը ոչ թե անհայտ է, այլ պարզապես գոյություն չունի: Այդ լաբիրինթոսում է հայտնվել Երեւանը, որը կամ տեղյակ չէ, որ դեպի ելք տանող դուռը ծեփված է, կամ անտեղյակ է ձեւանում:

1. Հայ-թուրքական փակուղի: Փակուղուց՝ փակուղի

Իր ավելի քան մեկուկեսամյա ձեւավորման եւ զարգացման ճանապարհին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերը թեպետ Հայաստանում ներքաղաքական լարվածություն չառաջացրին, սակայն կարեւոր գործոն դարձան ներքաղաքական տեղաշարժերի իրականացման համար: Այդ տեղաշարժերի հետեւանքով հայաստանյան ներհասարակական-ներքաղաքական կյանքում առաջացած իրողությունները հանգեցրին թե իշխանության եւ թե ընդդիմության ճեղքմանը, ինչն էապես թուլացրեց այդ երկու միաբեւեռ կողմերին:

Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում իշխանության օթյակում հարմարավետ տեղավորված Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, հայ-թուրքական բանակցությունների փաստաթղթային հրապարակայնացումից հետո, Սփյուռքի դաշնակցության կառուցների պարտադրմամբ, լքելով կառավարող կոալիցիան, թեպետ արմատական ընդդիմություն չդարձավ, սակայն թուլացրեց իշխանության շենքը: Միաժամանակ, իշխանության դաշտում դրանից որոշակիությունը չավելացավ: Ներքաղաքական անորոշությանը նպաստեց նաեւ այն հանգամանքը, որ հայ-թուրքական թեմայով ծավալված ՀՀԿ-ՀՅԴ բանավեճը չներառեց կառավարող կոալիցիայի մյուս անդամներին՝ ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին: Նրանցից ԲՀԿ-ն, մի քանի անհստակ եւ անորոշ մեկնաբանություններ անելով, այդպես էլ քաղաքական ընդգծված դիրքորոշում չցուցաբերեց, որդեգրելով՝ «այո, բայց…» վարքագիծը: Մինչեւ անգամ «Օրինաց երկիրը», որի ղեկավարը հայտնի է աշխարհաքաղաքացիության իր համոզմունքներով, խնդրին հավուր պատշաճի արձագանքելուց հետո, հիմնականում լռություն պահպանեց:

Տեւական ժամանակահատված շարունակելով մնալ հայկական քաղաքական օրակարգի գլխավոր թեման՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացը երկփեղկեց նաեւ ընդդիմության դաշտը՝ խարխլելով առանց այդ էլ էապես թուլացած Հայ ազգային կոնգրեսի հիմքերը: ՀԱԿ-ից զատորոշվեց-տարանջատվեց ազգային թեւը, որն արմատական էր ազգային խնդիրներում, սակայն ոչ ազդեցիկ, որ փոփոխեր ՀԱԿ-ի քաղաքական դիրքորոշումը եւ ուղեգիծը: Թեպետ այդ ուղեգիծը ձեւակերպել էր ընդամենը մեկ գործիչ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի քաղաքական հայացքները, որպես կանոն, փոփոխության չեն ենթարկվում:

Հայ-թուրքական թեման շարունակում էր մնալ գլխավորը հայաստանյան քաղաքական դաշտում՝ ստվերելով իր հրատապությունը երկար ժամանակ պահպանած ժողովրդավարական ազատությունների խնդիրը:

Քաղաքական երկու բեւեռների թուլացումից հետո ժամանակ առ ժամանակ ասպարեզում առկայծում էր մի երրորդ կողմ, որը դեռ հեղհեղուկ էր եւ չկազմավորված, որպեսզի նկատվեր, առավել եւս՝ ընկալվեր որպես առանձին բեւեռ: Անսպասելին այն էր, որ այդ չկազմավորված կողմի ներկայացուցիչները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մերժում էին ավելի արմատական դիրքերից, քան ՀՅԴ հայաստանյան կառույցները: Այդ նոր ձեւավորվող կողմում էր հավաքվում Ռոբերտ Քոչարյանի հին-նոր քաղաքական թիմը:

Հայ-թուրքական թեման առաջնային էր ոչ միայն հայկական շրջանակներում, այլեւ միջազգային հարաբերություններում: Աշխարհաքաղաքական վայրիվերումները, տարածաշրջանի քաղաքական քարտեզի հնարավոր փոփոխությունները, պատմության անողոք հարցադրումների պատասխանների նորօրյա որոնումները մեծապես ազդեցին նաեւ ներհայաստանյան քաղաքական տեղաշարժերի վրա՝ զգալի արագություն հաղորդելով դրանց: Հայաստանյան արմատավորված իրողությունների եւ հաստատված օրինաչափությունների համաձայն, արտաքին ազդակները որոշակիորեն նպաստում են կողմնորոշումների վերանայմանը եւ քաղաքական համախոհների ու գործընկերների վերահաշվարկին:

Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների հաստատումը, սահմանադռան բացումը, տարածաշրջանի հաղորդակցության ուղիներին Հայաստանի հասանելիությունը նպաստավոր հանգամանք կարող էր լինել երկրի զարգացման համար՝ դրանով իսկ օրինաչափորեն ապահովելով նաեւ Սերժ Սարգսյանի իշխանության դիրքերը թե Հայաստանում, թե միջազգային հարաբերություններում: Նախաձեռնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը՝ Սերժ Սարգսյանը դրանով իսկ խաղասեղանին էր դնում իր իշխանության ճակատագիրը: Քաղաքական խաղասեղանին դա մեծ խաղադրույք չէր, սակայն ավելի հավանական էր պարտության դեպքում խաղից դուրս մնալու հեռանկարը:

Եվ քանի որ պաշտոնական Երեւանը հայ-թուրքական, ավելի որոշակի՝ աշխարհաքաղաքական խաղը նախաձեռնեց առանց մոտակա եւ հեռահար հաշվարկների, առանց ճկուն քաղաքական մարտավարության եւ սկզբունքային ռազմավարության մշակման, առանց հասարակական գործոնի հաշվարկման, ուստիեւ անտեղյակ էր եւ անպատրաստ հնարավոր զարգացումներին: Ըստ այդմ, պատահական չէ, որ Երեւան-Անկարա հարաբերությունների հաստատման գործընթացի ձախողումը թուլացրեց ոչ թե եւ ոչ այնքան պաշտոնական Երեւանի դիրքերն արտաքին աշխարհում, որքան Սերժ Սարգսյանի իշխանությունը ներսում: Հայաստանյան ամորֆ, հեղհեղուկ, պատեհապաշտ, անսկզբունքային եւ գաղափարազուրկ քաղաքական կուսակցությունների եւ անհատ քաղաքական գործիչների համար Երեւան-Անկարա հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալումը անգամ ոչ թե ֆուտբոլային խաղում նախընտրած թիմի պարտության անհաճո իրողությունն է, այլ ընդամենը պարտությունից հետո գլխապատառ նոր թիմ որոնելու կենսական անհրաժեշտություն: Հայ-թուրքական փակուղին Հայաստանում առաջիկայում հանգեցնելու է նաեւ ներքաղաքական-ներիշխանական փակուղու: Եվ փակուղուց ելք որոնելիս Ս. Սարգսյանը հայտնվելու է մեկ այլ փակուղու առջեւ: Դասական քաղաքագիտության համաձայն՝ այդպես է սկսվում իշխանության ճգնաժամը, որը Հայաստանում հետեւյալ զարգացումների կարող է հանգեցնել.

1. իշխանության արագ վերակազմավորման՝ հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ՝ կադրային արմատական փոփոխությունների իրականացմամբ,

2. գործող իշխանության փլուզման եւ քաղաքական նոր զարգացումների սկզբնավորման,

3. պետական հեղաշրջմամբ գործող իշխանության փոփոխության՝ քաղաքական համակարգի եւ ժառանգականության պահպանմամբ,

4. հասարակական անհնազանդության արդյունքում հեղափոխության իրականացման:

Այս ճանապարհներից առավել վտանգավորը եւ մերժելին Հայաստանի Հանրապետության համար երրորդ՝ պետական հեղաշրջման ճանապարհն է, որը, այնուամենայնիվ, ներկա Հայաստանի համար առավել հավանական է: Մանավանդ որ, դրա ազդականչն արդեն հնչել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական խոսնակ Վարդան Օսկանյանի շուրթերից. «Այսօր մենք ծանր վիճակում ենք: Նման իրավիճակներ նախկինում էլ են եղել, սակայն մենք կարողացել ենք հաղթահարել: Նման վիճակ է եղել 1996 թ. Լիսաբոնից հետո, 1998 թ., երբ իշխանափոխություն եղավ: Այսօր նման իրավիճակ է: Նախկինում մի քիչ հեշտ էր, քանի որ հնարավոր եղավ կտրուկ փոփոխություններ անել, քանի որ իշխանափոխություն եղավ» (https://www.a1plus.am/

am/politics/2010/03/18/oskanyan): Իշխանափոխությունը տվյալ դեպքում այն բառ-բանալին է, որը հստակեցնում-բացահայտում է Քոչարյանի թիմի ձգտումները: Իշխանափոխությունն այն մեղրամոմն է, որի շուրջը պտտվում են կուսակցությունները, քաղաքական հոսանքները եւ անհատ գործիչները: Նրանց բոլորին միավորում է իշխանափոխությունը, որը հեղափոխությունը կանխելու նրանց ճանապարհն է:

2. Տեսեք, ով է գալիս

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի մասին լուրերն ու տագնապներն ավելի ու ավելի հաճախադեպ են դառնում: Դրանց սկզբնաղբյուրները եւ շարժառիթները տարաբնույթ են: Մասնավորապես.

– Հայ-թուրքական կարգավորման ձախողումը, որը գտնված հնարավորություն էր հատկապես Դաշնակցության համար, ի հակառակ հայտնի պնդման՝ իշխանության գետը երկրորդ անգամ մտնելու:

– Սերժ Սարգսյանի կառավարության թուլացումը եւ հրաժարականը, որի համար բազմաթիվ առարկայական եւ ենթակայական պատճառներ կան, որոնց արդյունքում Քոչարյանը փորձում է առայժմ առանց մեծ ցնցումների պահանջել եւ ստանալ վարչապետի պաշտոնը:

– Խոշոր տնտեսական գործիչները, որոնց համար ազատ տնտեսական մրցակցությունը նույնքան անհնարին է, որքան անաղարտ հայերենով հաղորդակցվելը: Թեպետ Ս. Սարգսյանը ոչ ցանկություն, ոչ էլ կամք ուներ ապահովել այդ մրցակցությունը, սակայն տնտեսության օլիգարխական հեռանկարի անորոշությունը մտքի թռիչքի անընդունակ օլիգարխիային վաղաժամ վարակեց Քոչարյանի ուժեղ ձեռքի կառավարման կարոտախտով, որն արտահայտվում էր՝ «Բա Քոչարյանի ժամանակ այդպե՞ս էր» հռետորական հարցադրմամբ:

– Այդ լուրերի սկզբնաղբյուրը կարող է լինել Սարգսյանի քաղաքական եւ ոչ քաղաքական թիմը՝ առաջնորդվելով Քոչարյանի սարսափազդու ուրվականով հասարակական-քաղաքական դաշտը զսպելու հաշվարկներով:

Ի տարբերություն իր անմիջական նախորդի՝ Ռ. Քոչարյանի, Սերժ Սարգսյանը, լինելով անհամեմատ ճկուն եւ ոչ սկզբունքային հարցերում՝ փոխզիջման եւ համագործակցության պատրաստ, խախտեց իշխանական բուրգի գործող կանոնները՝ դրանով իսկ շփոթ առաջացնելով հայաստանյան ներիշխանական շրջանակներում: Սարգսյանի կառավարման բազմաթիվ եւ բազմաբնույթ սխալներից մեկն այն էր, որ նա այդ ընթացքում չփլուզեց Քոչարյանի վերադարձի հիմքերը՝ նրան զրկելով տնտեսական, քաղաքական, հասարակական, տեղեկատվական հենարաններից, ինչը կարժանանար նաեւ հասարակության աջակցությանը: Ս. Սարգսյանը ժամանակին պիտի մոխրացներ Քոչարյանի վերադարձի հնարավորությունները: Սարգսյանը դա չարեց նախեւառաջ այն պատճառով, որ նրանց միացնող շահերն ու հետաքրքրությունները կապող շթայի օղակները շատ ամուր էին: Դրանք հիմա էլ շարունակում են մնալ ամուր, այն տարբերությամբ, որ այդ շղթան վերածվում է ձեռնաշղթայի, որի բանալին ձեռք բերելու Քոչարյանի հնարավորություններն ավելանում են:

Որքան էլ արտաքուստ զուսպ եւ ոչ հուզական բնավորությանը՝ Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, անհամբեր գործիչ է, մանավանդ, եթե շրջապատը նրան հրում է դեպի մրցասպարեզ: Այդ շրջապատի երեք առանցքային եւ ազդեցիկ դեմքեր՝ Վ. Օսկանյան – Գ. Ծառուկյան – Հ. Աբրահամյան, պատրաստ են կռվի դաշտ մտնել նրա կոչով: Քոչարյանը բնույթով ռազմիկ է, ուստիեւ չի կարող շրջապատի կամ հակառակորդի՝ տվյալ դեպքում հասարակության աչքում երեւալ անվճռական, անարի ու տատանվող: Նա երիցս ապացուցել է, որ իշխանության համար մղվող պայքարը նրա համար պատերազմ է բոլոր կանոններով, որտեղ դիակները մարդկային կորսված կյանքեր չեն, այլ ընդամենը ռազմական ամփոփագրերում տեղ գտած վիճակագրություն:

Ռոբերտ Քոչարյանի վերադարձն աստիճանաբար անխուսափելի է դառնում: Սակայն այդ վերադարձն անխուսափելի է դարձնում նաեւ հայկական հեղափոխությունը: Երեւանյան լաբիրինթոսը ելք չունի. այնտեղից դուրս գալու միակ հնարավորությունը շնչահեղձ անող լաբիրինթոսի պատերը հիմնահատակ քանդելն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել