Վանաձորի կենտրոնական փողոցներում օր օրի ծառեր են հատվում: Հազվադեպ են դեպքերը, երբ շինարարությունը իրականացվում է առանց ծառ հատելու: Շրջելով Վանաձորի Տիգրան Մեծի, Մյասնիկյան եւ այլ փողոցներում, տեսնում ես, թե քանի ծառ է հատվել եւ քանիսի փոխարեն է այժմ որեւէ շենք-շինություն «ծաղկում»:
Ինչպես նշում է Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի գլխավոր մասնագետ Պավլիկ Գեւորգյանը, ծառը հատելու համար բնակիչը պետք է ունենա քաղաքապետարանի թույլտվությունը: Ըստ մեր զրուցակցի, նման թույլտվություն ստանալու դիմումները այս տարի շատացել են, ինչը Պավլիկ Գեւորգյանը բացատրում է նրանով, որ օրեցօր շատանում են տնտեսվարող սուբյեկտները, իսկ ծառերը խանգարում են շինարարությանը: Որքանո՞վ է ճիշտ ծառը հատել միայն այն պատճառով, որ խանգարում է շինարարությանը, այլ խնդիր է: Ինչպես որ խնդիր է քաղաքի ծերացած եւ վտանգավոր դարձած ծառերը հատելու եւ նորերով փոխարինելու հարցը: Ըստ Պավլիկ Գեւորգյանի, ծեր ծառեր Վանաձորում կան եւ դրանք ուժեղ քամիների ժամանակ կարող են ընկնել էլեկտրասյուների, ավտոմեքենաների, մարդկանց վրա: Բայց այդ ծառերը հատելու համար գոյություն ունի սահմանված կարգ եւ կազմակերպություն՝ բնապահպանության նախարարությունը: Քաղաքապետարանը միայն համապատասխան մասնագիտական եզրակացությունն ստանալուց հետո կարող է ծեր ծառերը հատել:
Ու ստացվում է, որ տնտեսվարողներին խանգարող ծառերը հատելը շատ ավելի հեշտ է, քան հանուն օդի մաքրության ծեր ծառը հատելն ու նորը տնկելը: Ու ստացվում է, որ օր օրի ավելացող շինությունների հետ մեկտեղ, կպակասեն քաղաքի փողոցներում տասնյակ տարիներ առաջ տնկված ծառերը: