Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական սփյուռք»

Մարտ 24,2010 00:00

«Կովկասի ինստիտուտը» հրատարակել է պատմաբաններ Էդուարդ Մելքոնյանի եւ Վիկտոր Դյատլովի «Հայկական սփյուռք. սոցիալ-մշակութային տիպաբանության ակնարկներ» գիրքը, որի շնորհանդեսը երեկ էր՝ «Կովկասի ինստիտուտում»:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, գիրքը ավելի շատ ուղղված է ռուսալեզու հանրությանը եւ առաջին հերթին՝ ոչ հայերին, նրանց, ովքեր կուզենային իմանալ՝ ինչ է հայկական սփյուռքը: Կովկասի ինստիտուտի տնօրենը խոստացավ հնարավորության դեպքում հրատարակել գրքի հայերեն եւ անգլերեն տարբերակները:

Վիկտոր Դյատլովը շնորհանդեսին ներկա չէր, իսկ Էդուարդ Մելիքյանը հայտարարեց, որ Ռուսաստանում նրանց սփյուռքի մասին բազմաթիվ գրքերի, մասնագիտացած ամսագրի առկայությունը եւ մեզ մոտ նույնի բացակայությունն է ստիպել նման նախաձեռնություն իրականացնել: Առավել եւս, որ ԽՍՀՄ փլուզումից հետո սփյուռքի հարցերին մեծ ուշադրություն է դարձվում: Դյատլովն էլ համահեղինակ է ընտրվել, քանի որ քաջածանոթ է սփյուռք երեւույթի առանձնահատկություններին:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը վստահ է, որ գիրքը ուշագրավ է նախ նրանով, որ կա եւ հայացք ներսից՝ Էդուարդ Մելքոնյան, եւ հայացք դրսից՝ Վիկտոր Դյատլով:

Գրքում անդրադարձ կա մեր սփյուռքի ձեւավորմանը՝ սկսած «սփյուռք» բառի բացատրությունից, սփյուռքի քաղաքական կյանքին եւ հայկական ավանդական կուսակցություններին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Մասնավորաբար, հեղինակները արձանագրել են, որ «սփյուռք» տերմինը օգտագործվում է լայնորեն, սակայն առանց բացատրության, ինչպես համընդհանուր ընդունելի եւ հանրահայտ հասկացություն: Ուշագրավ է, որ գրքի քաղաքական կուսակցությունների մասին գլուխը գրել է ռուս հեղինակը, իսկ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին գլխում հայ հեղինակը նկատել է, որ երկփեղկված եկեղեցու միավորումը քաղաքական հարց կլուծեր՝ ՀՅԴ դերը կթուլանար: Ռուս հեղինակը արձանագրել է, որ ոչ հնչակյանների ու ռամկավարների խորհրդամետ քաղաքականությունը, ոչ էլ ԽՍՀՄ-ի հետ ՀՅԴ ծածուկ համագործակցությունը չեն նպաստել հայկական հարցում ԽՍՀՄ աջակցությունը ստանալուն: Գրքի ծավալը սահմանափակ է եղել եւ, ըստ Էդուարդ Մելքոնյանի, շատ հետաքրքիր բաներ դուրս են մնացել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել