Արարատի մարզպետարանի ներկայացուցչի կարծիքով` գյուղացին սովոր է պանիկայի մեջ ընկնել, գյուղացին ղալաթ է արել, ժողովուրդն էլ անորակ է:
Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Սարգիս Կարապետյանն իր ավելի քան 10 հեկտար հողատարածքում ծիրան, դեղձ, սալոր ու խաղող է մշակում, որով էլ ամեն տարի այս կամ այն չափով հոգում է ընտանիքի հոգսերը: Նախորդ շաբաթվա ցուրտ եղանակի պատճառով ամբողջությամբ ցրտահարվել են նրա այգու ծիրանենիները, սալորենիները, վաղահաս դեղձենին, մասամբ նաեւ՝ արդեն բողբոջած խաղողի վազերը:
Սարգիս Կարապետյանն ու գյուղապետարանի մոտ հավաքվածները պետությունից օգնության որեւէ սպասելիք չունեն: «Հույս չկա, հողերը գցենք, գնանք Ռուսաստան: Ո՛չ առաջին, ո՛չ վերջին անգամ է, 2008-ին էլ կարկուտն ամեն ինչ ջարդեց, բայց ոչ մի աջակցություն չեղավ: Խաղող չունեցանք, բայց հողի հարկ վճարեցինք: Գյուղնախարարը միայն հեռուստացույցով խոսում է, իսկ մեր պետությունը, վնասից բացի, օգուտ չի տալիս, հազարավոր տոննաներով խաղողը թափեցինք: Արտաշատի գինու գործարանին աշնանից 80 դրամով խաղող եմ հանձնել, մինչեւ հիմա գումարը չեմ ստացել: Իբր թե երկարաժամկետ վարկ են տալիս, 3 ամիս հետո ասում են, բերեք՝ փողը մուծեք: Խորհրդային տարիներին ուրախ էինք ու հարուստ, հիմա գյուղացիներս լացում ենք: Արարատյան դաշտում հեկտարներով բերրի հողերը մնացել են անմշակ, իսկ մեր մարզպետն ասում է՝ գնացեք աղուտ հողերը վերամշակեք»,- դժգոհեց Սարգիս Կարապետյանը:
Նորաշեն համայնքի բնակիչ Սամվել Բաբլոյանն էլ ասաց, որ իրենց գյուղում շատերն էին հույս կապում այս տարվա ծիրանի բերքի հետ. Վերին Լարսի բացումից հետո բազմաթիվ կազմակերպություններ սկսել էին արտաքին շուկա ծիրան, դեղձ արտահանելու համար պայմանագրեր կնքել:
Վերին Արտաշատի գյուղապետի տեղակալ Կարո Սողոմոնյանը «Առավոտի» հետ զրույցում փաստեց, որ ծիրանենու, դեղձենու ու սալորենու ցրտահարումից բացի, տուժել են նաեւ խաղողի այգիները, ցրտահարվել են խաղողի հիմնականում «Շահումյան» եւ «Կախեթ» տեսակները, որոնց այգեբացը եղել էր: Կարո Սողոմոնյանը հավաստիացրեց, որ Վերին Արտաշատը շրջանի միակ գյուղն է, որտեղից արտագաղթ գրեթե չկա, որովհետեւ մարդիկ աշխատում են ու ապրում, բայց հիմա՝ խաղողի իրացման հետ կապված խնդիրները շատ գյուղացիների «մեջքը կոտրել է» ու անիմաստ են համարում խաղող մշակելը: «Յուրաքանչյուր մասնագետ գիտի, որ 1 կգ խաղողի ինքնարժեքը կազմում է 102-104 դրամ, բայց անցյալ տարի գյուղացիները չկարողացան խաղողը նույնիսկ ինքնարժեքով իրացնել»,- ասաց Կարո Սողոմոնյանը:
Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանի փոխանցմամբ՝ մարզի Քաղցրաշեն, Նարեկ, Ջրաշեն, Դվին, Ներքին Դվին, Նորաշեն գյուղերում են հիմնականում ծիրանագործությամբ զբաղվում: Վիրաբյանը հուսով է, որ թեպետ ծիրանն ու վաղահաս դեղձենին ցրտահարվել են, սակայն քիչ քանակությամբ ծիրան, այնուամենայնիվ, կլինի: Գյուղացիների մտահոգությանը, թե ծիրան ընդհանրապես չի լինի, քանի որ ծառերի բողբոջներն ամբողջությամբ սեւացած են, պարոն Վիրաբյանը արձագանքեց. «Տնամերձերում մի քիչ պահպանվել է: Փոշոտումը կատարվել էր, եթե ցրտահարություն չլիներ, 2-3 օրից ծաղկաթերթերը թափվելու էին, ու էլի նույն սեւ տեսքն էին ունենալու: Գյուղացին սովոր է պանիկայի մեջ ընկնել»: Իսկ տուժած գյուղացիներին փոխհատուցում հնարավո՞ր է լինի: Վարչության պետն ասաց, որ կառավարությանը համապատասխան առաջարկ կներկայացնեն միայն այն դեպքում, երբ համոզվեն, որ 100%-ով ցրտահարություն է եղել. «Նոստրադամուսը չեմ, որ որոշեմ ցուրտը տարե՞լ է, թե՝ ոչ: Ենթադրենք մի 5 պարկ էլ պարարտանյութ տվեցինք, ի՞նչ է փոխելու դա»: Գյուղացիների ու գյուղապետի փոխանցածին, թե նաեւ խաղողի որոշ տեսակներ են ցրտահարվել, պարոն Վիրաբյանը հարցով պատասխանեց. «Նույն Վերին Արտաշատում հարցնեիք՝ ե՞րբ ես մարտի 15-ին խաղող էտել՝ ընկեր վերինարտաշատցի, ինչի՞ էիք վռազում, հանել էիք՝ լավ էիք արել, ինչի՞ էիք էտում: Ենթադրենք, թե աչքերը ցրտահարվել է, ինչ անենք, խաղողը վերականգնվող է, ծիրան կամ դեղձ չի»:
Շատ խաղողագործներ մինչ այսօր դեռեւս չեն սպառել իրենց նախորդ տարվա ստացած բերքը: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վիրաբյանը մեղադրեց գյուղացիներին. «Փչացած խաղողը տարան լցրին սառնարանները: Խաղողը, որ հիմա վաճառում են, զիբիլ է, կարծում են, թե քաղաքի բնակիչը զիբիլի վրայի կատու է, իրենք թող ուտեն, վերջացնեն այդ զիբիլը»: Ցրտահարված այգիների դիմաց վճարվող հարկի մասով էլ ասաց. «Պետությունը մասնավոր մոտեցում հաստատ կունենա: Ես տասը տարի արդեն վարչության պետ եմ, չի եղել մի դեպք, որ կառավարությունը ժողովրդին թողնի անտեր: Գյուղացին սովոր է միշտ բողոքել»: Գյուղացիների ու Վերին Արտաշատի գյուղապետի տեղակալի՝ բերքը ինքնարժեքով իրացնելու հայտարարություններին Վիրաբյանի պատասխանը կոշտ էր. «Ղալաթ են անում, որ ասում են, թե 100-102 դրամ է նստում ինքնարժեքը: Դրանք այն գյուղացիներն են, որ չգիտեն՝ գյուղն ինչ է: Նույն գյուղացին, որ 500-600-ով խաղող էր ծախում, կառավարությանը օգուտ, հարկ տալի՞ս էր»: Վարչության պետը պնդում է, որ գյուղացու վիճակն իրականում այնքան էլ վատ չէ, քանի որ պետությունը միշտ աջակցում է բերքի իրացման հարցում:
Պարոն Վիրաբյանին փոխանցեցինք նաեւ շատ գյուղացիների մտահոգությունը՝ կապված թունաքիմիկատների անորակ լինելու հետ: Նա այսպես արձագանքեց. «Թունաքիմիկատները անորակ չեն, ժողովուրդն է անորակ: Ոչ մեկի կարծիքը հաշվի չեն առնում, բոլորն այսօր դարձել են գյուղատնտեսներ, գիտնականներ: Եթե մի թույնից դրած է մի քանի գնով, խի՞ են էժանն առնում, թող թանկն առնեն, որ որակով լինի, ազատ շուկա է, չի կարելի արգելել: Նույն Վերին Արտաշատում թույների լիցենզավորված խանութ չկա, ինչ-որ մեկն իր տնից վաճառք է անում: Մենք էլ հո միլիցիա չենք, որ ընկնենք դրանց բռնենք: Թող գնան լիցենզավորված խանութներից առնեն, եթե բուժում կանեն, արդյունք չի լինի, թող դատի տան, վնասի հատուցում պահանջեն»:
2009 թվականի տվյալով, Արարատի մարզում կա 31 հազար հեկտար վարելահող, եւս 12 հազար՝ պտղատու ծառերի համար նախատեսված այգիներ: Արարատյան հարթավայրի անմշակ հողերը տարեցտարի ավելանում են, 9,5-10,5 հազար հեկտարն այսօր արդեն չի մշակվում: «Մի օր գյուղացին բանջարեղենի գնից է հիասթափվում, մի օր՝ խաղողի: Այս տարի, համոզված եղեք, բանջարեղենը խելքից դուրս կմշակեն»,- ասաց Տիգրան Վիրաբյանը: Մեր զրուցակիցը գտնում է, որ պետք է հողակտորները լինեն մի քանի հոգու սեփականություն. «Որտե՞ղ եք տեսել, որ 100 հեկտար հողը բաժանված լինի 200 տնտեսության մեջ: Եթե նույն Վերին Արտաշատի հողերը լինեին 3-4 հոգու, նրանք կհասկանային՝ որտեղի՞ց լավ թունաքիմիկատ գնել ու ինչպես ծխահարելով՝ ծառերը ցրտահարումից փրկել: Կլիներ մի խելքը գլխին գյուղատնտես, ոչ թե մանկավարժը, ինժեները այսօրվա պես կդառնային գյուղատնտես ու գործից հետո հող կբզբզեին»:
Հ. Գ. Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը հայտարարել է, որ, նախնական տվյալներով՝ ցրտահարությունից հիմնականում տուժել է Արագածոտնի, Արարատի եւ Արմավիրի գյուղատնտեսությունը։ Վերջին երկու մարզերում ամբողջությամբ ծաղկած են ծիրանենին, սալորենին եւ վաղահաս դեղձենին։
Տեղ-տեղ ցրտահարության դեպքեր են գրանցվել Կոտայքում, Սյունիքում, Վայոց ձորում։ Տավուշից եւ Լոռուց ստացված նախնական տվյալներով՝ այս մարզերում լուրջ վնասներ չկան: